Հայաստանը պետք է աստիճանաբար զարգացնի օդատիեզերական սարքաշինությունը. ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ

Լուրեր

27.11.2024 | 16:58
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ երկրներին կոչ է անում ավելացնել պաշտպանական ծախսերը՝ մոտեցնելով ռուսական մակարդակին
27.11.2024 | 16:47
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին
27.11.2024 | 16:35
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա և փոխհատուցել Լիբանանին պատճառած վնասները
27.11.2024 | 16:27
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարը․ ԱԳՆ
27.11.2024 | 16:14
Լիտվան հայտարարել է, որ Ուկրաինա զորք ուղարկելու համար ամբողջ ՆԱՏՕ-ի համաձայնությունն անհրաժեշտ չէ
27.11.2024 | 16:03
17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է
27.11.2024 | 15:51
Վրաստանի ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես մանդատներից հրաժարվելու համար
27.11.2024 | 15:45
Զինված անձինք ներխուժել են CWR-ի և Խոսրովի անտառի սահմանակից տարածք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 15:36
Թուրքիան ամրապնդում է իր դերը որպես գլոբալ քաղաքականության դերակատար. Էրդողանը ողջունել է Լիբանանում հրադադարը
27.11.2024 | 15:27
Համաձայն չեմ, որ Աննա Վարդապետյանն է ամեն ինչ որոշում. դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 15:18
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում
27.11.2024 | 15:11
Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու, Հայասաթ-1-ին առնչվող քրեական վարույթ կա․ ԼՈՒՐԵՐ
27.11.2024 | 15:10
Իրավաբանական կրթության լուրջ խնդիր կա դատախազների թեկնածուների մոտ. Արաքս Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 15:02
Ռուսաստանը դեռ օգնություն չի խնդրել ՀԱՊԿ-ից ATACMS-ի հարվածների հետ կապված
27.11.2024 | 14:54
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ում փոխել են կարծիքը և պատրաստ են փոխանցել գնված F-35-երը
Բոլորը

Արբանյակների արձակումը շատ կարևոր ու խորհրդանշական քայլ է Հայաստանում օդատիեզերական ինժեներիայի զարգացումը խթանելու առումով: Սակայն այդ միտումը պահպանելու համար անհրաժեշտ է իրականացնել ավելի ծավալուն և հավակնոտ ծրագրեր, որոնց իրագործումը հնարավոր է սփյուռքահայ գիտնականների հետ սերտ համագործակցությամբ:

Հայաստանում օդատիեզերական սարքաշինության զարգացման հեռանկարների, սրընթաց զարգացող ժամանակակից աշխարհում մեր երկրի հավակնությունների և հնարավոր տեղի, նաև տիեզերքին առնչվող հետաքրքիր որոշ տեղեկատվության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր, Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, աստղաֆիզիկայի գիտությունների թեկնածու Վլադիմիր Հայրապետյանի հետ:

– Ներկայում ի՞նչ ուղղությամբ է զարգանում օդատիեզերական սարքաշինությունն աշխարհում, ի՞նչ միտումներ և խնդիրներ կարող եք առանձնացնել այդ ոլորտում: 

– Զարգացման միտումները պայմանավորված են խնդիրներով և նպատակներով, որոնք մասնագետները փորձում են լուծել տվյալ պահին: Ներկայում ՆԱՍԱ-ում (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչություն – խմբագր.) զբաղվում ենք մի քանի նախագծերով: Կարևորագույն ուղղություններից է Երկրի մթնոլորտին՝ արևի վրա տեղի ունեցող բռնկումների ազդեցության ուսումնասիրությունը: Անհրաժեշտ է ճշգրիտ կանխատեսել և հասկանալ դրանց ընթացքում տեղի ունեցող երևույթները և պարզել, թե այդ բռնկումներն ինչ փոփոխություններ են առաջացնում մթնոլորտում: Դա շատ կարևոր է, քանի որ արևային բռնկումների արդյունքում առաջացած մասնիկները կարող են ազդել տիեզերքում գտնվող խիստ թանկարժեք արբանյակների ու սարքերի աշխատանքի վրա: Այդ մասնիկները, թափանցելով Երկրի մթնոլորտ, ավելի խիտ են դարձնում այն, ինչն էլ իր հերթին անդրադառնում է արբանյակների թռիչքի հետագծի վրա: Վերջինս կարող է փոխվել և հանգեցնել արբանյակի կորստին: Օրինակ, անցյալ տարի Իլոն Մասկը կորցրեց տիեզերք արձակած բոլոր 200 նանոարբանյակները (մի քանի 100 մլն դոլար արժողությամբ), որովհետև չէինք կանխատեսել արևի վրա տեղի ունեցած բռնկումը:

Ներկայացվածը մեր աշխատանքների ուղղություններից մեկն է: Առաջնային նպատակներից է նաև Լուսնի վրա բազայի հիմնումը և պարզելը, թե Արեգակն ինչ հատկություններ է ունեցել և ինչպես է իրեն դրսևորել 4.5 մլրդ տարի առաջ՝ երկրագնդի ձևավորման պահին: Դա պետք է իրականացվի տարբեր մասնիկների և իզոտոպների ստուգման միջոցով:

– Ինչո՞ւ է կարևոր հասկանալ 4.5 մլրդ տարի առաջ տեղի ունեցած երևույթը:

– Կարևոր է, որովհետև կարծում ենք, որ Արեգակը շատ մեծ դեր է խաղացել Երկրագնդին կյանքի առաջացման գործընթացում: Եթե դրա վկայությունը չգտնենք, ապա դա կմնա իբրև հիպոթեզ՝ վարկած: Դա շատ կարևոր ուսումնասիրություն է նաև հետագայում դեպի Մարս նախատեսվող ուղևորությունների համատեքստում: Պատրաստվում ենք ուսումնասիրել Մարսի տարբեր հատվածներից բերված մի քանի տասնյակ պարկուճների պարունակությունը:

– Ե՞րբ է նախատեսվում լուսնային կայանների ստեղծումը:

– Շուտով, գուցե արդեն հաջորդ տարի: Շատ լուրջ մրցակցություն է ծավալվել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև: Յուրաքանչյուրը ցանկանում է առաջինն անել դա և ամրագրել իր տեղը: Այնպես որ, սա ոչ միայն գիտական, այլև քաղաքական նշանակություն ունի: Կայանը պետք է լինի Լուսնի հարավային բևեռում:

– Այդ նախագծում ներգրավվա՞ծ են հայ գիտնականներ: 

– Ոչ: Հայաստան եմ այցելել քննարկելու, թե հայաստանցի գիտնականներն ու ինժեներներն ինչպես կարող են մասնակցել իմ սկսած և իրականացվող նախագծերին: Հիմա այդ հարցը քննարկելու ամենալավ ժամանակն է, քանի որ Հայաստանում կատարվում են օդատիեզերական սարքաշինությունը զարգացնելու առաջին քայլերը:

– Հայաստանի գիտնականները պատրա՞ստ են մասնակցելու նման գլոբալ նախագծերի: 

– Պատրաստ չեն, բայց դա կարևոր չի՝ կարելի է սովորեցնել, աշխատել երիտասարդների հետ, պայմաններ ստեղծել նրանց աճի, զարգացման և արժեքավոր գիտնականներ դառնալու համար: Պետք է սովորեն ու հասկանալով այս ամենի աշխատանքի մեխանիկան՝ առաջ շարժվեն: Անհրաժեշտ է ապավինել երիտասարդներին:

– Վերջին երկու տարիներին Հայաստանը երկու արբանյակ արձակեց տիեզերք: Դա կարելի՞ է համարել Հայաստանի տիեզերական նկրտումների հեռանկարային հայտ:

– Կարծում եմ՝ դրանք առաջին շատ կարևոր և խորհրդանշական քայլերն են, որոնցից հետո պետք է ավելի լուրջ մոտենալ օդատիեզերական ամբողջ ինդուստրիայի զարգացմանը: Շատ հարցեր կան: Արբանյակը պետք է հագեցած լինի անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու բազմազան սարքերով:

– Ամբողջ ինդուստրիան զարգացնելը, թերևս, շատ ծախսատար խնդիր է: Հայաստանն ի զորո՞ւ է ինքնուրույն լուծել այն:

– Այո, լուրջ և ծավալուն խնդիր է: Բայց ունենք Armenian Society of Fellows (Հայկական մշակութային և գիտական ընկերակցություն – խմբագր.), որը միավորում է օդատիեզերական ինժեներիայով զբաղվող շուրջ 230 գիտնականների ավելի քան 20 երկրից: Մենք մշակել ենք և նախարարությանն ենք ներկայացրել քայլերի այն հաջորդականությունը, որն անհրաժեշտ է իրականացնել տեսանելի ապագայում ոլորտի զարգացումն ապահովելու համար: Այնտեղ նշված է նաև, թե որքան գումար է պահանջվելու ծրագիրն իրականացնելու համար: Ամեն ինչ մանրամասն գրել ենք: Այդ փաստաթղթի մշակմանը մասնակցել է մոտ 10 գիտնական ԱՄՆ-ից, Եվրոպայից և Հայաստանից:

Պետք է փոքր քայլերով առաջ շարժվենք, սակայն ամենակարևորը կադրերի պատրաստման խնդիրն է: Կադրեր չունենք: Այդ հարցում, կրկնում եմ, պետք է ապավինենք երիտասարդներին, որովհետև օդատիեզերական սարքաշինությունը հսկայական և բազմոլորտ ինդուստրիա է: Անհրաժեշտ են տարբեր մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է կատարի իրեն վերապահված գործառույթները: Օրինակ, մեկը պետք է ընդունի ստացված ազդանշանը և մշակի այն, մյուսը՝ հասկանա, թե ինչպես է փոխվում արբանյակի ուղեծիրը և առավելագույն ճշգրտությամբ հաշվարկի այն, և այդպես շարունակ: Տարբեր ուղղվածության մասնագետներ են անհրաժեշտ: Եվ դա միայն արբանյակների մասով: Բայց կան նաև այլ ուղղություններ, օրինակ՝ դրոններին վերաբերող:

– Այսինքն, խոշոր հաշվով դա վերաբերում է Հայաստանի պաշտպանվածության ամրապնդմա՞նը:

– Միանշանակ: Օրինակ, Հայաստանում ներկայացնելու եմ ՆԱՍԱ-ի իրականացրած մի նախագիծ, որը կոչվում է sounding rocket (օդերևութաբանական հրթիռ – խմբագր.): Խոսքը փոքր հրթիռների մասին է, որոնք կարող են արձակվել ցանկացած վայրից: Դրանք կարող են բարձրանալ մինչև 300 կմ և կատարել տարբեր չափումներ, որից հետո վերադառնալ և վայրէջք կատարել օդապարիկի միջոցով: Կարելի է իրականացնել այդ նախագիծը, որը համեմատաբար դյուրին է ու շատ թանկ չէ՝ առավելագույնը կարող է արժենալ 1 մլն դոլար: Տարբեր նախագծեր կան, բայց պետք է սկսել փոքրերից:

Արբանյակ ունենալը լավ բան է, բայց հարցը նրանում է, թե այն ինչպես է պետք օգտագործել: ՆԱՍԱ-ում արբանյակներ պատրաստելիս նախ որոշում են, թե ինչ նպատակով է այն օգտագործվելու: Ամերիկյան կոնգրեսում կա գիտական կոմիտե, որի դրական եզրակացության դեպքում է միայն ֆինանսավորվում տվյալ նախագիծը: Հավանաբար, տեղյակ եք աշխարհում ամենամեծ հայելին ունեցող Ջեյմս Ուեբ (James Webb Space Telescope, JWST) տիեզերական աստղադիտակի մասին, որի արժեքը 9 մլրդ դոլար է: Պատկերացնո՞ւմ եք, թե գիտնականներից որքան ժամանակ ու ջանք է պահանջվել Կոնգրեսին ապացուցելու, որ դա իրոք պետք է ԱՄՆ-ին և օգնելու է դիտել այն, ինչ նախկինում երբեք չէր հաջողվել:

Այնպես որ, արբանյակ արձակելը չպետք է ինքնանպատակ լինի: Առաջինի արձակումը միշտ շատ կարևոր է խորհրդանշական ու ճանաչողական իմաստով: Կարծում եմ՝ այս փուլում Հայաստանի համար հրատապ չեն շատ թանկ նախագծերը: Յուրաքանչյուր նախագիծ պետք է լրջորեն քննարկվի սփյուռքի հետ, որի մասնագետներն ավելի փորձառու են այդ հարցերում և կարող են անաչառ կարծիք հայտնել:

– Ինչպիսի՞ն եք պատկերացնում Հայաստանի տեղը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում, ի՞նչ նիշ կարող է զբաղեցնել մեր երկիրը:

– Կարծում եմ՝ Հայաստանը կարող է առաջնային դիրքեր գրավել էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում: Այո, կարող ենք անցնել Իսրայելի և Ճապոնիայի ուղին: Գիտե՞ք ինչու. որովհետև հայերը, ինչպես իսրայելցիները, սփյուռք ունեն: Նման հավակնոտ ծրագրերն անհնար է միայնակ իրականացնել: Երկրի բնակչության թվից է ուղղակիորեն կախված այս կամ այն ոլորտում ներգրավված մարդկանց թիվը: Այդ առումով Հայաստանը չի կարող համեմատվել աշխարհի խոշորագույն երկրների հետ, բայց կարող է ապավինել սփյուռքի ներուժին: Շատ լավ կլինի, եթե մեր կարծիքը հաշվի առնեն և հրավիրեն սփյուռքահայերին: Շատերը, մեկնելով Հայաստանից, դրսում են արժանացել գիտական բարձր կոչումների և հիմա պատրաստ են վերադառնալ ու օգնել:

– Շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ ցանկանում են գաղութներ հիմնել Մարս մոլորակում: Որքանո՞վ է դա իրագործելի: 

– Նախ, պետք է հասկանալ, թե ինչով է պայմանավորված հատկապես Մարսի ընտրությունը: Այնտեղ պայմաններն այնպիսին են, որ մարդիկ սկաֆանդրով հանգիստ կարող են զբոսնել: Բացի այդ, այնտեղ մեծ է կյանքի նշաններ գտնելու հավանականությունը: Հիմա շատերն են մտածում, թե ինչպես կարելի է Մարսում տարածել աէրոզոլ մասնիկներ և փոխել մթնոլորտի քիմիան, որի շնորհիվ հնարավոր կլինի ինֆրակարմիր ճառագայթումը հասցնել մոլորակի մակերևույթին և պահպանել՝ ապահովելով գլոբալ տաքացմանը նմանվող էֆեկտ: Բարձր ջերմաստիճանը կհալեցնի Մարսի բևեռում առկա սառած ջուրը: Կհալվի նաև մեթանը: Դրա շնորհիվ Մարսի մթնոլորտն ավելի խիտ կդառնա: Մարսը պետք է դարձնել Երկրի պես: Ճանաչում եմ մի քանի գիտնականների, որոնք լուրջ լուծումներ են առաջարկում այդ հարցով:

– Այդ ամենը շատ հեռավո՞ր ապագայի խնդիր է:

– Կարծում եմ՝ մոտ 30-50 տարվա: Այդ խնդրով լրջորեն զբաղվում են, նաև համապատասխան ֆինանսավորում է հատկացվում:

– Տիեզերքում ներկայում կա՞ որևէ օբյեկտ, որն իրապես վտանգավոր է առաջիկայում Երկրագնդին բախվելու հավանականության առումով: 

– Լավ հարց եք տալիս: Երբեք չգիտես, թե ինչ կհայտնվի հորիզոնում: Մի քանի տարի առաջ Երկրագնդին անսպասելիորեն մոտեցել էր Օումուամուա կոչված օբյեկտը, որը եկել էր աստղային այլ համակարգից: Մեծ էր հավանականությունը, որ այն կարող էր բախվել մեր մոլորակին:

Հիմա ՆԱՍԱ-ն իրականացնում է բոլոր, այդ թվում՝ մի քանի մետր մեծության օբյեկտներին հետևելու ծրագիր, որպեսզի հասկանա, թե ինչ է շարժվում դեպի մեր մոլորակը: Խոշոր դիտակները հնարավորություն են տալիս դիտարկել մի քանի տասնյակ միլիոն կիլոմետր հեռու գտնվող օբյեկտները և փորձել հրթիռային հարվածով շեղել դրանց թռիչքի ուղեգիծը, եթե այդ օբյեկտները իրական սպառնալիք ներկայացնեն Երկրագնդի համար: Մասնագետները շուրջօրյա զբաղվում են դրանով: