8 տարի՝ մեղադրյալի աթոռին. ում մեղքով են տարիներով ձգձգում դատական նիստերը և «որտեղ է» ողջամիտ ժամկետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 15:15
Քաղաքապետարանը  չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը
22.11.2024 | 15:07
Քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը
22.11.2024 | 15:04
Զեյնալյանը մանդատը վայր է դնում, Լուկաշենկոն խոսել է 3-րդ համաշխարհային պատերազմից․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 14:54
Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Փեմ Բոնդիի թեկնածությունը
22.11.2024 | 14:41
Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել
22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
Բոլորը

78-ամյա Արամայիս Ղուկասյանն արդեն 13 տարի է, ինչ գրեթե ամեն ամիս տաքսիով մոտ 100 կիլոմետր ճանապարհ է կտրում և Սպիտակից հասնում Երևան։ 2011 թվականից Ղուկասյանը դատարանի դռներն է թակում և իր բաժին արդարությունը որոնում՝ կա՛մ ստանալ տարիներ առաջ իր վճարած 77 հազար դոլարը, կա՛մ ձեռք բերել իր գնած բնակարանի սեփականության իրավունքը։ Ղուկասյանի հույսերը, սակայն, չեն արդարանում. դատարանները տարիներով գործը հետաձգում են։

2007 թվականին, երբ դեռ նոր էին փորվում բարձրահարկ շենքերի հիմքերը, Արամայիս Ղուկասյանն ու մի քանի տասնյակ քաղաքացիներ հազարավոր դոլարներ են վճարել սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանին ու նրա գործընկեր Լյովա Սամվելյանին և նախավճարի պայմանագրեր կնքել։ Միայն Արամայիս Ղուկասյանը շուրջ 77 հազար դոլար է վճարել 104 ք/մ տարածքով բնակարանի համար, որը մեկ տարի անց պետք է պատրաստ վիճակում հանձնվեր իրեն։ Ամեն ինչ, սակայն, այլ ընթացք ունեցավ։

Ղուկասյանի պնդմամբ՝ մի քանի հոգի գումար են տվել կառուցապատողներին և պարտքի դիմաց վերցրել բնակարաններ՝ ձեռնունայն թողնելով միլիոններ վճարած տասնյակ քաղաքացիների։ Ուշագրավ է, որ կառուցապատողներին գումար տրամադրածները հասարակ մարդիկ չեն։ Ղուկասյանի բնակարանը, օրինակ, այսօր Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի անունով է։ Նա քաղաքացիական գործով պատասխանողի կարգավիճակ ունի:

Հերմինե Նաղդալյանը և նրա ամուսին Դավիթ Բեգլարյանն այսօր «Նորաշեն 2007» անունը ստացած գործով ունեն պատասխանողի կարգավիճակ, տուժողները, սակայն, դժգոհում են՝ շատ հաճախ ԱԺ նախկին փոխխոսնակն ու ՊԵԿ նախկին պաշտոնյա նրա ամուսինը չեն ներկայանում դատական նիստերին, ինչն էլ դրանց հետաձգման պատճառ է դառնում։

Գումարը վճարելուց 17 տարի է անցել, սակայն 78-ամյա Արամայիս Ղուկասյանը չի կարողանում ստանալ ո՛չ իր գումարը, ո՛չ էլ բնակարանը։ Այնինչ, այդ բնակարանը Ղուկասյանի համար թանկ է ոչ միայն ֆինանսական տեսանկյունից։

«Ես երկրաշարժի ժամանակ մեծ տներ ունեի, փլվեց, կինս մահացավ, հերս մահացավ, ախպորս տղեն մահացավ, էդ տների փողն ա։ Էն օրն էլ հեռախոսով իրա բարեկամին ասեցի՝ էդ փողը չի կարա ուտի, էդ փողի մեջ 4 հատ մեռել ա եղել երկրաշարժի ժամանակ»,- ցավով պատմում է Արամայիս Ղուկասյանը։

Տարեց տղամարդու քաղաքացիական հայցի քննությունը 13 տարի շարունակ ձգձգվել է տարբեր պատճառներով. սկզբում կասեցվել է, ապա պարբերաբար վերսկսվել՝ մի դատավորից մյուսին անցնելու պատճառով։

Ուշագրավ է, թե ինչ ճանապարհ է անցել Արամայիս Ղուկասյանի քաղաքացիական գործը: 2011 թվականի մայիսին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մարգարիտա Հարթենյանի, վարույթ է ընդունել Ղուկասյանի ներկայացրած հայցադիմումը: 2013թ. փետրվարին գործի քննությունը կասեցվել է՝ մինչև գործին առնչվող քրեական գործով վերջնական դատական ակտի կայացումը: Այդ ընթացքում դատավոր Հարթենյանի լիազորությունները դադարեցվել են և գործը 2014թ. դեկտեմբերին փոխանցվել է դատավոր Գոռ Թորոսյանին: Երկու տարի անց՝ 2016թ. հոկտեմբերին, գործի քննությունը վերսկսվել է: Երեք տարի անց՝ 2019 թվականի հունվարին, քաղաքացիական գործը փոխանցվել է Սնանկության դատարան, քանի որ պատասխանողներից «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի վերաբերյալ սնանկության գործընթաց էր սկսվել: Դատավոր Լիլիթ Կատվալյանը 2019թ. մարտին գործն ընդունել է վարույթ, սակայն մեկ ամիս հետո որոշել է, որ այդ գործը ենթակա չէ Սնանկության դատարանում քննության, և այն փոխանցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։

2019թ. հունիսին գործը հանձնվել է դարձյալ դատավոր Գոռ Թորոսյանին: Մոտ մեկ տարի քննվելուց հետո, սակայն, այն կրկին փոխանցվել է Սնանկության դատարան և կրկին հանձնվել դատավոր Լիլիթ Կատվալյանին: Չորս ամիս վարույթում պահելուց հետո դատավոր Կատվալյանը դարձյալ գործը հանձնել է ընդհանուր իրավասության դատարան: 2020թ. հոկտեմբերին Գոռ Թորոսյանն արդեն երրորդ անգամ նույն գործն ընդունել է վարույթ ու գործի քննությունը սկսել սկզբից։ Այդպես էլ չհասցնելով ավարտին հասցնել՝ նա տեղափոխվել է այլ դատարան, իսկ 2021թ. հոկտեմբերին գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին, որի վարութում էլ մինչ օրս քննվում է։

Այդպիսով, արդեն 13 տարի է՝ գործը շրջապտույտի մեջ է և մեծամասամբ դատարանների՝ իրար փոխանցելու պատճառով: Ընդ որում, 13 տարի դեռ քննվում է առաջին ատյանի դատարանում, և չի բացառվում, որ այն հայտնվի վերադաս դատարաններում: Այս պայմաններում հայտնի չէ, թե երբ կավարտվի քննությունը, և արդեն 78-ամյա Արամայիս Ղուկասյանը երբ կկարողանա վերականգնել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իր իրավունքը:

Factor TV-ն փորձեց պարզաբանումներ ստանալ Հերմինե Նաղդալյանի ամուսնուց՝ Պետեկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանից, որը ներկայացել էր դատական վերջին նիստին։ Բեգլարյանը, սակայն, հրաժարվեց խոսել։ Իսկ դատական նիստը կրկին հետաձգվեց։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում: Իսկ ո՞րն է ողջամիտ ժամկետը։ 2021 թվականի օգոստոսի 30-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանվեցին գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության։ Սակայն Factor TV-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք ոչ միայն չեն պահպանվում, այլև հաճախ քաղաքացիներն այնքան երկար են սպասում իրենց բաժին արդարությանը, որ այն այլևս կորցնում է իր կարևորությունն ու իմաստը։ Այս խնդրից իշխանության վերին օղակներում, կարծես, տեղյակ են, սակայն վիճակը դրանից չի փոխվում։

Ողջամիտ ժամկետի խախտման հետևանքով Հայաստանում տապալվեցին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ և փոխոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի քրեական գործերը։ Իրավապաշտպանների համոզմամբ՝ հենց երկար ձգձգումները պատճառ դարձան, որ նրանք ազատվեն պատժի կրումից:

Ռոբերտ Քոչարյանի գործով 4 տարի 4 ամիս դատավարական ընթացքը պատճառ դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշի Աննա Դանիբեկյանի նկատմամբ կիրառել ամենախիստ տույժը՝ դադարեցնել դատավորի նրա լիազորությունները։ Այս դեպքում գործի տապալման «բեռն ընկավ» դատավորի ուսերին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց՝ դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները: Սակայն քավության նոխազ դարձավ միայն դատավոր Դանիբեկյանը, այն դեպքում, երբ քիչ չեն այն դատավորները, որոնց վարույթում գտնվող գործերը կարճվում են նույն պատճառաբանությամբ:

7 տարի ամբաստանյալի աթոռին «փոփոխվող արդարադատությունը»

«Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն արդեն 8 տարի է՝ մի տեղից մյուսն է տեղափոխում մի քանի տասնյակի հասնող քրեական գործի հատորները։ 2016 թվականի հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների հետքը Ղուկասյանի կյանքում դեռևս թարմ է. քաղաքագետն արդեն 8 տարի մեղադրյալի և 7 տարի՝ ամբաստանյալի աթոռին է։

2016 թվականի «Սասնա ծռեր» խմբավորման հայտնի իրադարձությունների ժամանակ՝ հուլիսի 29-ին, Սարի թաղում մեծ բախում եղավ, որի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ գործադրվեցին. տուժեցին ոչ միայն 70-ից ավելի քաղաքացիները, այլեւ լրագրողներ։ Ոստիկանների կողմից բռնություն էր գործադրվել նաև Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ, սակայն հենց նույն օրը քաղաքական գործիչը ձերբակալվել էր, արդեն օգոստոսի 1-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։

7 տարի ձգձգվող քրեական գործով առաջադրված առնվազն 3 մեղադրանքում հանցակազմ չկա՝ հայտարարում է Անդրիաս Ղուկասյանը։

Չնայած այս հակասություններին՝ Անդրիաս Ղուկասյանն առաջադրված մեղադրանքներով կալանքի տակ է մնում 1 տարի 9 ամիս, հետո ազատ արձակվում, սակայն դատավարությունը դեռ շարունակվում է։ Դեպքերից 8 տարի անց Ղուկասյանի գործն արդեն 3-րդ դատավորն է քննում. Արտուշ Գաբրիելյանին Ղուկասյանի գործը մակագրվել է նախորդ տարի, մինչ օրս նշանակվել է 5 նիստ, կայացել՝ ընդամենը 1-ը։ Արդյո՞ք միայն դատավորներն են մեղավոր դատական գործերի ձգձգումների համար։ Նրանք հավաստիացնում են՝ ոչ։

Թեև դատավոր Արտուշ Գաբրիելյանն արձակուրդում էր, Factor TV-ն նրան հանդիպեց դատարանում։ 160 քրեական գործ քննող դատավորը պարզաբանում է՝ արձակուրդ է վերցրել ոչ թե հանգստանալու, այլ գործերը մի փոքր առաջ տանելու նպատակով։ Հենց այս հանգամանքը մատնանշելով է Գաբրիելյանը շեշտում՝ դատավորն ինքն է ցանկանում օր առաջ ևս մեկ գործով դատական ակտ ստորագրել, սակայն դրան խանգարող հանգամանքներ կան։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մելսիկ Պողոսյանը, որն արդեն 3-րդ տարին է անազատության մեջ, երկրորդ անգամ հացադուլ է հայտարարել. ուղեկցող ոստիկանների սակավ լինելու պատճառով կալանավորն ամիսներով չի կարողանում ներկայանալ իր իսկ գործով դատական նիստերին, ինչի պատճառով էլ դրանք ձգձգվում են։

Եթե գործերի ողջամիտ ժամկետի քննությանը խանգարող հանգամանքներին ավելացնենք նաև պաշտպանների, դատախազների և դատավորների՝ այլ նիստերով ծանրաբեռնվածությունը, ապա պատկերը կամբողջանա: Այնինչ, դեռևս 2021 թվականի ԲԴԽ որոշման համաձայն՝ քրեական առանձնակի բարդ գործերի դատաքննության համար առավելագույնը 24 ամիս ժամկետ է սահմանված։ Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ պարզ գործերը քննելու համար՝ 1 ամիս, միջին մակարդակ ունեցող դատակա գործերի  համար՝ 4-6 ամիս, բարդ մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար՝ 8-12 ամիս, առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար՝ 13-18 ամիս։ Բազմաթիվ դեպքեր, սակայն, ցույց են տալիս, որ այս որոշումը չի աշխատում։

2005 թվականի սեպտեմբերի 23-ին ԱԺ նախկին պատգամավոր, արդեն հանգուցյալ Մելիք Գասպարյանի դեմ ահաբեկչություն կազմակերպելու համար կալանավորվեց, ապա 2 տարի անց 9 տարվա ազատազրկման դատապարտվեց Սիլվա Ասատրյանը։ Նա իրեն մեղավոր չճանաչեց և իր խախտված իրավունքների վերականգնման համար դիմեց ՍԴ և ՄԻԵԴ. Բարձր և ստրասբուրգյան դատարանները մի քանի որոշումներ ու վճիռներ կայացրեցին և աղաղակող խախտումներ արձանագրեցին, ինչի արդյունքում 2017 թվականին Ասատրյանի գործը վերաբացվեց և… կրկին դոփեց տեղում։

Գործերի միջին տևողության ուղենիշային ժամկետ սահմանելուց 3 տարի անց Factor TV-ն Բարձրագույն դատական խորհրդից փորձեց պարզել՝ հետևողական քայլեր ձեռնարկվո՞ւմ են որոշման պահպանման ուղղությամբ։ Բացի այդ, այս ընթացքում ժամկետները չպահպանած որևէ դատավոր արդյո՞ք պատասխանատվության ենթարկվել է։ Խորհուրդը, սակայն, այդպես էլ հստակ պատասխան չի տրամադրել։

Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Գալստյանն այդպես էլ չի մանրամասնել՝ ի՞նչ է արձանագրել մշտադիտարկումը և, ի վերջո, ի՞նչ արդյունքներ է ունեցել 3 տարի գործածության մեջ մտած որոշումը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս տարիներ շարունակ քաղաքացիներից ահազանգեր է ստացել տարիներով ձգվող գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտման վերաբերյալ։ Պաշտպանի աշխատակազմում դրանք քննության առարկա չեն դարձել, քանի որ ՄԻՊ-ը դատական վարույթներին միջամտելու իրավունք չունի։ Փոխարենը, 2019 թվականին դիմել է Սահմանադրական դատարան, իսկ 2020-ին հրապարակել արտահերթ զեկույց՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի մասին։

Այստեղ դատավոր Արտուշ Գաբրիելյանը գործերի քննության ձգձգման մասով ևս մեկ հանգամանք է առաջ քաշում. երբեմն դա միտումնավոր է արվում պաշտպանության կողմից։

Ի վերջո, ո՞վ է մեղավոր կամ ո՞ւմ թերի քննության հետևանքով են տարիներ շարունակ ձգձգվում և խախտվում քաղաքացու պաշտպանության իրավունքները, այն քաղաքացու, ում հարկերի հաշվին են վարձատրվում դատական և նախաքննական մարմինների ներկայացուցիչները։ Դատավո՞րն է մեղավոր, դատախա՞զը, պաշտպա՞նը, ուղեկցող ոստիկա՞նը, թե՞ իրավական նորմերն են թերի։ Որպես այդպիսին, այս հարցերը դատաիրավական համակարգի տիրույթում են, դրանք չպետք է հուզեն քաղաքացուն, քանի որ իրավական լիարժեք պաշտպանություն ստանալու իրավունքի ապահովումը պետության պարտականությունն է: Սակայն տարիներ շարունակ պետությունը չի կարողանում ապահովել ողջամիտ ժամկետում գործերի քննությունը, ինչի հետևանքով հենց դատարաններում խախտվում է քաղաքացիների իրավունքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան