Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը մամուլից է տեղեկացել, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերից արգելվելու է ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրումը։
«Այսօր առավոտյան է այդ մասին մեզ հայտնի դարձել։ Գյուղատնտեսության նախարարը տեղեկանալուց հետո, մի շարք քայլեր է ձեռնարկել՝ փորձելով խնդրի վերաբերյալ գտնել լուծումներ, սակայն պետք է հավելեմ, որ այս հարցը գտնվում է ՍԱՊԾ-ի և Տրանսպորտի նախարարության տիրույթում, և այս պահին հարցի վերաբերյալ որևէ այլ մանրամասն չեմ կարող հավելել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, սակայն, համաձայն չէ, որ Վրաստանից ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրման արգելքը գտնվում է իր ղեկավարած գերատեսչության տիրությում, միևնույն ժամանակ նշում է, որ մինչ այս պահը Վրաստանի Կառավարության այդ որոշման վերաբերյալ պաշտոնական ոչինչ չի ստացել։
«Մենք դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն Վրաստանի կառավարության որոշման վերաբերյալ չենք ստացել։ Սակայն, ըստ իմ տեղեկությունների, խոսքը վերաբերում է Վրաստանի ճանապարհներին ծանր բեռնատար մեքենաների խնդրին, և դեպի Հայաստան ցորենի տեղափոխումը թույլատրելու են երկաթգծով։ Կարծում եմ՝ այս հարցը պարենային անվտանգության մակարդակի չի հասնի, պարզապես վրացիները որոշել են խնայել իրենց ճանապարհները»,-ասաց ՍԱՊԾ-ի ղեկավարը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչանն էլ խնդրի վերաբերյալ նշեց․«Վրաստանի Կառավարության այս որոշման արդյունքում կարգելվի ցամաքային ճանապարհներով ցորենի ներկրումը Հայաստան, քանի որ վրացական կողմը հիմնավորում է, որ ցորենով բեռնված մեկ բեռնատարը 20 հազար մարդատար մեքենայի չափ վնաս է հասցնում իրենց ճանապարհներին։ Բեռնափոխադրող ընկերությունները սեպտեմբերի 15-ից փոխադրումներ կիրականացնեն ծովային ճանապարհով և երկաթգծով։ Բնականաբար, սա որոշակիորեն կթանկացնի բեռնափոխադրումների ծախսերը, ուստի նախարարությունն այս պահին բանակցություններ է տանում վրացական կողմի հետ՝ բեռնափոխադրումների գնի թանկացումը նվազագույնի հասցնելու համար»։
Նշենք, որ, ըստ «Ժամանակ» օրաթերթի հրապարակման, բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերի մասին և նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։ Սակայն Կառավարությունը դեռ չի արձագանքել բեռնափոխադրողների նամակին: