ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնավարման շրջանն ավարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Չորս տարի շարունակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը եղած Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնը հանդիմանում է կառավարություններին ամբողջ աշխարհում` բացահայտելով մարդու իրավունքների խախտումները և եռանդուն կերպով պաշտպանելով տուժածների իրավունքները:

Գլխավոր քարտուղարի կողմից նրա նշանակումը 2014-ին կարևոր իրադարձություն էր. նա դարձավ այն առաջին ասիացի, մահմեդական և արաբ անձը, ով երբևէ զբաղեցրել է այդ պաշտոնը:

Դրանից առաջ Զեյդը վաղուց արդեն ունեցել էր երկար և նշանակալի կարիերա, ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ որպես Հորդանանի դիվանագետ: Նա իր երկրին ծառայել է մի շարք պաշտոններով, մասնավորապես, որպես դեսպան Միացյալ Նահանգներում, ինչպես նաև որպես Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Նյու Յորքում` 2014 թ. հունվարին կարճ ժամանակով՝ զբաղեցնելով Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը:

Իր կարիերայի ողջ ընթացքում Զեյդը միջազգային իրավունքի հանդեպ լուրջ հանձնառություն է դրսևորել՝ մեծ դերակատարություն ունենալով Միջազգային քրեական դատարանի ստեղծման գործում, որպես Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի առաջին նախագահ` դատարանը գաղափարից իրականության վերածելու հարցում, և ութ տարի հետո, վերահսկելով ագրեսիայի հանցագործության իրավական սահմանումը և դատարանի իրավասությունը դրա առնչությամբ:

ՄԱԿ-ի նորություններին տված իր վերջին հարցազրույցում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտի ղեկավարը մեզ ասաց, որ «այս գործում իրական ճնշումը գալիս է տուժածներից և նրանցից, ովքեր տառապում են և շատ բան են ակնկալում մեզանից»:

«Կառավարություններն ավելի քան ի զորու են պաշտպանելու իրենք իրենց: Նրանց պաշտպանելն իմ գործը չէ: Ես պետք է պաշտպանեմ քաղաքացիական հասարակությունը, խոցելի խմբերին, մեկուսացվածներին, ճնշվածներին: Սրանք այն մարդիկ են, ում մենք՝ մեր գրասենյակը, պետք է ներկայացնենք»,- ավելացնում է նա՝ նշելով, որ «ճնշման պրակտիկան վերստին տարածում է գտնում»։

Այն հարցին, թե արդյոք իր տեսակետը և ակնկալիքները ՄԱԿ-ի և դրա հնարավոր ձեռքբերումների վերաբերյալ նվազել են այն չորս տարիների ընթացքում, երբ նա հրապարակավ խոսել է ի պաշտպանություն չարաշահումների ենթարկված և անպաշտպան անձանց, նա ասաց.

«Շատ դժվար է հանդուրժել ՄԱԿ-ի հանդեպ չարաշահումները, երբ մտածում եմ այն հերոսական արարքների մասին, որոնք մարդիկ կատարում են տարբեր վայրերում, լինեն դրանք մարդասիրական գործիչները, թե մարդասիրական անձնակազմը, իմ իրավապաշտպան մարդիկ, այն մարդիկ, ովքեր վերահսկում և մշտադիտարկում են: Եվ ես խոնարհվում եմ նրանց առաջ: Այսինքն նրանք են այն ՄԱԿ-ը, որն ինձ համար թանկ է, և որը ես կհիշեմ»:

ՄԱԿ-ի նորություններ. Երբ համեմատում եք մարդու իրավունքների այժմյան վիճակն այն ժամանակվա հետ, երբ 2014-ին դուք դարձաք ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարը, ի՞նչ կարևոր տարբերություններ եք տեսնում:

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Իմ պաշտոնի ստանձնումը համընկավ Իրաքի և Լևանտի իսլամական պետության՝ համացանցում սարսափելի տեսանյութեր տեղադրելու հետ, որոնք մեծ վախ ու սարսափ էին տարածում: Եվ մենք սկսեցինք ականատեսը լինել Սիրիայում և Իրաքում ճգնաժամի յուրատեսակ խորացմանը: Իսկ դա այնուհետև վերածվեց երկու բանի.

Նախ մեծ վճռականության՝ ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարություններին մեկնարկ տալու, որոնք, ըստ մեզ, որոշ առումներով չափից ավելին էին: Յուրաքանչյուր երկիր պարտավոր է պաշտպանել իր ժողովրդին, և ահաբեկչության գործունեությունը գարշելի է և սարսափելի. դրան անհրաժեշտ է առերեսել և դատապարտել: Բայց յուրաքանչյուր անգամ, երբ չափից ավելի մեծ գործողություն է տեղի ունենում, դուք ոչ թե մեկ մարդուն եք Պետությանը դեմ հանում, այլ մի ամբողջ ընտանիքին եք Պետությանը դեմ հանում: Տասը կամ գուցե ավելի շատ անդամներ կարող են անցնել ծայրահեղականների կողմը:

Եվ հետո, միգրացիոն բանավեճերն էին, ինչպես նաև ամբոխավարների ուժեղանալը և այն անձանց ուժեղանալը, ովքեր իրենց քաղաքական շահերի համար բարդացնում էին Եվրոպայում տեղի ունեցող բաները: Ամեն տարի մենք տեսնում էինք, որ ճնշումը մարդու իրավունքների օրակարգի վրա ուժգնանում է։

ՄԱԿ-ի նորություններ. Դուք շատ բացահայտ եք արտահայտվել և խոսել եք ամբողջ աշխարհի այն կառավարությունների և անհատ ղեկավարների մասին, ովքեր խախտել են մարդու իրավունքները: Ըստ ձեզ դա՞ է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի ամենակարևոր դերը:

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Այո: Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը ՄԱԿ-ի մի մասն է, բայց այն նաև մարդու իրավունքների շարժման մի մասն է, և երկուսն էլ հավասարապես կարևոր են: Ինչպես նախկինում ասել եմ, կառավարություններն ավելի քան ի զորու են պաշտպանելու իրենք իրենց: Նրանց պաշտպանելն իմ գործը չէ: Ես պետք է պաշտպանեմ քաղաքացիական հասարակությունը, խոցելի խմբերին, մեկուսացվածներին, ճնշվածներին: Դրանք այն մարդիկ են, ում մենք՝ մեր գրասենյակը, պետք է ներկայացնենք:

Ես միշտ համարել եմ, որ դա է սկզբունքային խնդիրը. մենք տրամադրում ենք տեխնիկական օգնություն, հավաքում ենք տեղեկություններ, մենք դրանք հրապարակում ենք: Սակայն ընդհանուր առմամբ, մեր պարտադիր պարտականությունն է պաշտպանել առավել մեկուսացված անձանց և նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

ՄԱԿ-ի նորություններ. Իսկ եթե ձեզ փորձեն պարտադրել լռե՞լ:

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Դե, հետաքրքիրն այն է, որ այս գործում ճնշումներն իրականում առանձնապես շատ չեն գալիս կառավարություններից: Նրանք բոլորն էլ մեղադրում են մեր գրասենյակին, որովհետև մենք քննադատում ենք նրանց բոլորին, բայց մենք նաև նշում ենք այն ոլորտները, որտեղ կա բարելավում, և ես երբեմն գովում եմ կառավարություններին՝ ճիշտ գործելու համար:

Այս գործի իրական ճնշումը գալիս է տուժածներից և նրանցից, ովքեր տառապում են և ակնկալում են մեզանից շատ բան: Ահա այդ ճնշումն եմ ես համարում ամենակարևոր բանը՝ ճիշտ վարվելու առումով:

ՄԱԿ-ի նորություններ. Ուրեմն արդյո՞ք եղել են այնպիսի դեպքեր, երբ դուք ստիպված եք եղել չափազանց շատ փոխզիջման գնալ, և գուցե նույնիսկ ինչ-որ կերպ խանգարել իրավապաշտպաններին:

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Ոչ, ոչ այդ իմաստով, քանի որ կարծում եմ, որ բավականին բացահայտ եմ արտահայտվել, և կարծում եմ, որ ես նոր հիմքեր եմ դրել՝ գերագույն հանձնակատարի գործունեության առումով: Վստահեցնում եմ ձեզ, որ գրեթե ամեն հանդիպման ժամանակ ես առնչվել եմ կառավարությունների հետ և ասել եմ այնպիսի բաներ, որոնք համոզված եմ, որ նրանք երբեք չէին լսել ՄԱԿ-ի որևէ ներկայացուցչից:

Ոչ, մարդկանց տառապանքի ահագնությունը ստեղծում է անհամաչափության զգացում, որ անկախ նրանից, թե ինչ եմ անում՝ այսպիսի հարցազրույց, մամլո ասուլիս, զեկույց, դրա շնորհիվ անհետացած որդուն կամ աղջկան չեմ վերադարձնի իր մորը: Ես գիտեմ, որ դա անմիջապես վերջ չի դնի խոշտանգման պրակտիկային: Ես գիտեմ, որ տեղահանվածների ճամբարում ապրողները հենց հաջորդ օրը չեն տեղափոխվի մի ավելի լավ վայր:

Եվ այդ զգացումն այն ճնշումն է, որի մասին ես խոսում եմ: Այն զգացումն է, որ անկախ նրանից, թե ինչ եմ անում, դա անհամաչափ է մեր առաջ ծառացած հսկայական մարտահրավերին:

ՄԱԿ-ի նորություններ. Արդյո՞ք եղել են այնպիսի ժամանակներ, երբ դուք նախընտրել եք «խաղաղ» դիվանագիտությունը՝ կուլիսների հետևում աշխատելու համար:

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Մենք միշտ ջանում ենք: Մենք միշտ ջանում ենք խաղաղ դիվանագիտություն կիրառել: Այսինքն, մենք անընդհատ հանդիպում ենք կառավարությունների հետ, և ես նամակներ եմ ուղարկում, և մենք հեռախոսային խոսակցություններ ենք վարում:

Բայց որոշ դեպքերում մենք որոշում ենք կայացնում, որ փորձել ենք այդ ուղիները, դա չի աշխատել, և ես հրապարակավ եմ գործելու: Երբեմն ես խնդրել եմ դա անել իմ մամլո խոսնակին. երբեմն խնդրել եմ դա անել իմ տարածաշրջանային գրասենյակին, այլ դեպքերում էլ ես դա արել եմ անձամբ: Բայց դա մանրակրկիտ մտածված է լինում:

Օրինակ, մի արտգործնախարար կար, որի հետ ես պետք է խոսեի: Մենք պատրաստվում էինք տեխնիկական առաքելություն ուղարկել նրա երկիրը, և գրեթե մեկ տարի շարունակ նա խուսափում էր ինձանից: Ես տեսա նրան այստեղ Ընդհանուր վեհաժողովում, և նա ասաց. «Այո, այո, այո», ապա պարզապես խուսափեց ինձանից: Այդպիսով, մենք տեղեկացրեցինք նրան, որ հաջորդ օրը ես հրապարակավ խոսելու եմ, և նա անմիջապես զանգահարեց:

Եվ մեր քաղած դասն այն էր, որ երբեմն եթե չես սպառնում, որ հրապարակավ կարտահայտվես, ապա չես գրավում նրանց ուշադրությունը: Եվ ես կնախընտրեի չափազանց շատ արտահայտվել, քան թե չափազանց շատ լռել:

Ես առաջին անգամ աշխատել եմ ՄԱԿ-ի հետ 1994 թվականին, 1995 թ.` նախկին Հարավսլավիայում: Եվ ես տեսա, թե ինչ աղետներ կարող է բերել լռելը: Եվ ես կարծում եմ, որ այդ պահից ես վճռեցի չլռել այն դեպքերում, երբ մեր առջև ունեինք փաստեր:

ՄԱԿ-ի նորություններ. Ի՞նչն է Ձեզ ամենից շատը հուզել այս աշխատանքում: Ո՞ր պահերը և ո՞ր մարդկանց հետ հանդիպումներն են առավել նշանակալից եղել ձեզ համար:

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Շատերն են եղել: Կարծում եմ` շատ դժվար է լսել մարդկանց տառապանքի մասին: Այդ դեպքերից մեկն այն էր, երբ գնացի Սալվադորում գտնվող Իլոպանգո կալանավայր: [Չորս երիտասարդ կանայք] դատապարտվել էին 30 տարվա ազատազրկման: Նրանք պնդում էին, որ խոսքը մանկաբարձական պատահարների՝ վիժումների մասին էր։ Պետությունը պնդում էր, որ դրանք հղիության դադարեցումներ էին:

Երբ նրանց հետ հանդիպեցի, ինձ հետ էր իմ ամբողջ անձնակազմը՝ իմ գրասենյակի անդամները, օգնականներ և թարգմանիչներ. կարծում եմ, մոտ 10 րոպեի ընթացքում բոլորս լաց էինք լինում. մենք արտասվում էինք, որովհետև նրանց տառապանքը այդքան ծայրահեղ էր: Նրանցից մեկը պատմում էր, որ իր պտուղը գետնին էր, և փոխանակ հիվանդանոց տեղափոխելու՝ նրան ձերբակալեցին և բանտ տարան: Եվ ես մտածեցի, որ դաժանությունը, մարդու դաժանության ունակությունը զարմանալի է:

Դրանից հետո ես տեսա նախագահին և ասացի. «Ինչո՞ւ են այս բոլոր աղջիկներն աղքատ: Նրանցից յուրաքանչյուրը»: Կարծես միայն աղքատներն են հայտնվում այդպիսի պայմաններում: Ահա այս փաստն է, որ կրկին ու կրկին ստիպված ենք լինում ընդունել. աղքատներն են կրում բոլոր հետևանքները: Եվ դա մի պահ էր, որը միշտ մնում է ինձ հետ: Եվ դրա նման այլ պահեր ևս եղել են:

ՄԱԿ-ի նորություններ. Արդյոք կա՞ կոնկրետ պահ, որը ձեր պաշտոնավարման ընթացքում ամենադժվարը կամ գուցե նույնիսկ ամենակարևորն է:

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Ամբողջն էլ դժվար է եղել: Երբ պաշտպանում եք մարդկանց իրավունքները, և ձեզ վրա շատ ուժեղ ճնշում կա՝ նրանց օգնելու այդ խորը ներքին կարիքից կամ ցանկությունից, այդ ամենն իրոք դժվար է:

Բայց ես ոգեշնչվում եմ շատ երկրներում գործող մարդու իրավունքների հիանալի պաշտպաններով, լրագրողներով, իրավաբաններով, ակտիվիստներով, որոնք զարմանալի, խիզախ բաներ են անում` բարձրաձայնելով ուրիշների ծանր վիճակի մասին՝ հանուն ուրիշների իրավունքները պաշտպանելու: Իմ առօրյա աշխատանքում ինչից էլ որ բողոքեմ, դա միևնույն է ոչինչ է՝ համեմատած այն ճնշման հետ, որին այս մարդիկ դիմակայում են, որը հաղթահարում են․ հաճախ նրանք չեն վախենում:

Սրանք են իրական առաջնորդները. ահա այս մարդիկ են ոգեշնչում: Քաղաքական գործիչներից շատերը, թեև պնդում են, որ առաջնորդներ են, սակայն թույլ են և եսասեր և միայն անունով են առաջնորդներ: Իրական առաջնորդներն այն մարդիկ են, ովքեր չնայած բոլոր դժվարություններին ճիշտ են վարվում, և ապա հաճախ ստիպված են լինում վճարել դրա համար և կալանավորվել:

Եվ կարծում եմ, որ դա է մեզ օգնում ոգեշնչված մնալ և աշխատել հանուն նրանց:

Կրկին, պետք է նշեմ, որ այո, մենք ՄԱԿ-ի մի մասն ենք, բայց մենք նաև մարդու իրավունքների շարժման մասն ենք կազմում: ՄԱԿ-ը կարգուկանոն է ստեղծում պետություններում. մենք նայում ենք կառավարողների և կառավարվողների հարաբերությունների էությանը, և իհարկե դա նուրբ հարց է:

Մարդիկ ունեն իրենց իրավունքները, պետություններն ունեն իրենց պարտականությունները, հանձնառությունները: Եվ մենք պետք է պաշտպանենք մարդկանց:

ՄԱԿ-ի նորություններ. Ըստ ձեզ, ո՞ր հարցում եք ամենամեծ փոփոխությունն առաջացրել: Իսկ սխալներ արե՞լ եք:

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Չգիտեմ: Այդ հարցը պետք է ուղղել քաղաքացիական հասարակությանը, տուժածների խմբերին, իրավապաշտպաններին: Եվ եթե ասեին․ «Զեյդը լավ աշխատանք է արել», ես շատ գոհ կլինեի: Եթե ասեին․ «Զեյդը կարող էր ավելի լավ աշխատել», ես ստիպված կլինեի հաշվի առնել և ընդունել դա: Իրականում նրանք պետք է չափեն այն աստիճանը, թե ես որքանով եմ հասել ինչ-որ բանի, և թե արդյոք համարում են, որ ես կարողացել եմ պարտականություններս ճիշտ կատարել:

ՄԱԿ-ի նորություններ. Դուք ասացիք, որ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի աշխատանքը ՄԱԿ-ում եզակի է, և ձեզ, ինչպես և ձեր նախորդներին, կառավարություններն այնքան էլ չեն հավանել: Ցանկանում ե՞ք, որ ձեր հաջորդը նույնպես գնա այդ ճանապարհով:

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Սկզբունքային հարցը, որի մասին ես խոսել եմ, այն է, որ պետություններն ի զորու են իրենք իրենց պաշտպանելու: Մեր գործը պետություններին պաշտպանելը չէ, և օրենքը թույլերին պաշտպանելու համար է, այլ ոչ թե ուժեղներին պաշտպանելու:

Եվ այսպես, մենք դիտարկում ենք օրենքը, դիտարկում ենք Պետությունների պարտավորությունները, և մեր գործն է պաշտպանել անհատ տուժածներին, խոցելի համայնքները, մեկուսացված համայնքները կամ ճնշված համայնքները:

Ճնշման պրակտիկան դարձյալ տարածում է գտնում: Ճնշելը կրկին նորաձև է:

Եվ այսպես, չեմ կարծում, որ այս պաշտոնը զբաղեցնող ցանկացած ոք, նույնիսկ եթե այլ մոտեցում ունենա, կարող է ի վերջո աշխատել մի եղանակով, որը չափազանց արմատական առումով տարբերվում է այն եղանակից, որով ես կամ իմ նախորդները դա արել ենք: Եթե փորձեք այլ կերպ աշխատել, ձեզ համար չափազանց տհաճ կլինի, քանի որ դուք դրա մասին կլսեք հենց այն մարդկանցից, ովքեր տառապանքներ են կրում: Եվ խիստ մեծ կլինի ձեր խղճի խայթը, եթե դուք լքեք նրանց: Այսպիսով, իմ համոզմունքն այն է, որ աշխատանքն է սահմանում վարքը:

ՄԱԿ-ի նորություններ. Կա՞ արդյոք այլ կարևոր խորհուրդ, որը կցանկանայիք տալ:

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Ես միշտ ասում եմ, որ անհրաժեշտ է հետևել առողջությանը, քանի որ սա ծանր աշխատանք է և հյուծում է մարդուն: Ով որ այս պաշտոնը ստանձնում է, պետք է պատրաստ լինի դրան: ՄԱԿ-ի համակարգում որոշ աշխատատեղեր համարվում են ձևական՝ պետական պաշտոնյաների համար թոշակի անցնելու պաշտոններ: Այս մեկն այդպիսին չէ: Այն պահանջում է ամբողջական հանձնառություն:

ՄԱԿ-ի նորություններ. Ձեր դեպքում ո՞րն է հաջորդ քայլը: Եվ որպես փորձառու նախկին դիվանագետ, ով այդքան փորձառություն է ունեցել ՄԱԿ-ում, ինչպե՞ս է այդ աշխատանքը փոխել ձեր աշխարհընկալումը։

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Չգիտեմ, գուցե ես լրագրող կլինեմ:

Ես հեռու եմ եղել իմ ընտանիքից. կարիք ունեմ ժամանակ անցկացնելու նրանց հետ, հետո կփորձեմ հասկանալ, թե ինչ նոր ուղղությամբ եմ ուզում ընթանալ: Բայց պետք է նաև հանգստանալ:

ՄԱԿ-ի նորություններ. Այս ծանր փորձությունն անցնելուց հետո, արդյո՞ք դուք փոքր-ինչ ավելի եք գնահատում այն, ինչ անում է ՄԱԿ-ը, կամ թերևս ավելի քիչ:

Զեյդ Ռաադ Ալ Հուսեյն. Ոչ, եթե ապագայում մտածեմ ՄԱԿ-ի մասին, կմտածեմ այն պահերի մասին, երբ տեսել եմ ՄԱԿ-ի կատարած զարմանալի գործերը:

Արտաքին աշխարհի համար ժարգոնը, տերմինաբանությունը կարծես անհասանելի է: Կարծում եմ, որ ոլորտում աշխատող ՄԱԿ-ի աշխատակիցների կատարած աշխատանքը շատ ավելի հասկանալի է: Այդպես եմ ես մտել ՄԱԿ՝ դաշտային աշխատանքներով, և այդպես եմ ծանոթացել դրան: Եվ ես կարծում եմ, որ դրա միջոցով է, որ ՄԱԿ-ը հսկայական ազդեցություն ունի այդ գործում և պետք է շարունակի բերել իր ներդրումը և ճիշտ վարվել: