Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքի գործով քննությունը՝ ՈՒՂԻՂ
Հասարակություն
18.01.2024 | 12:55Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում է մեկ տարի առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխայի սպանության գործի քննությունը։
Մեղադրյալի աթոռին երկու անձ է՝ Արկադի Բարսեղյանն ու Վրույր Բարսեղյանը։
Քննչական կոմիտեի կողմից գործի վերաբերյալ հայտնած տեղեկությունների համաձայն՝ Պեմզաշենի բնակիչ Արկադի Բարսեղյանը, որը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին էր Ռուսաստանի Դաշնությունից ժամանել Հայաստան, Զարինե Մելիքսաեթյանին իր հետ արտամուսնական կապ ունենալու առաջարկություն է արել, սակայն վերջինս մերժել է։ Ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ Բարսեղյանը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Զարինեի ամուսնու հետ և տեղեկացել է, որ կինը նպատակադրվել է իր առաջարկի մասին հայտնել ամուսնուն։ մտավախություն ունենալով, որ ընկերը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով տվյալ տեղեկատվության բարձրաձայնման արդյունքում իրենց համայնքում իր հեղինակազրկումը, այդ ամենը թույլ չտալու և կանխելու նպատակով, ընկերոջից, ով հանդիսանում է Զարինեի ամուսնու հորեղբորորդին, ճշտումներ է կատարել նրա ամուսնու Հայաստան վերադառնալու մոտավոր օրվա մասին, ապա իր ազգական, նույն բնակավայրի բնակիչ Վրույն Բարսեղյանի հետ հանդիպման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով վերջինիս սոցիալական վատ վիճակի մասին և օգտվելով այդ հանգամանքից, տեղեկացրել է նրան, որ Զարինե Մելիքսեփյանի տանը, հնարավոր է, գումար լինի, ինչպես նաև՝ վերջինիս ամուսնու՝ ՀՀ վերադառնալու և դրանով պայմանավորված՝ կնոջը լռեցնելու՝ սպանելու մտադրության մասին:
Զարինեի տուն ապօրինի մուտք գործելու և բռնության գործադրմամբ գումար հափշտակելու՝ ավազակություն կատարելու, ինչպես նաև՝ նրան սպանելու հարցում Վրույր Բարսեղյանն ու Արկադի Բարսեղյանը ձեռք են բերել համաձայնություն և դեպքի օրը՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, նախապես իրենց հետ վերցնելով փականը բացելու համար հարմարեցված առարկա (բանալի), հակավորման թել և ծալովի դանակ, ավտոմեքենայով շրջանցելով բնակավայրում տեղադրված տեսախցիկները, Զարինեի տան մոտ սպասել են։ Համոզվելով, որ տան լույսերը մարված են, նրանք բացել են տան բակի չկողպված դարպասի դուռը, որից հետո Արկադի Բարսեղյանը հարմարեցված բանալիով բացել է նաև տան մուտքի դուռը՝ ապօրինի մուտք գործելով տուն: Երբ միջանցքում Զարինեն նկատել է նրանց, Արկադի Բարսեղյանը բռունցքով հարվածել է կնոջ գլխին, և վերջինս, գիտակցությունը կորցնելով, ընկել է հատակին, որից հետո Վրույր Բարսեղյանը, իրենց կողմից կատարված ավազակությունը, Արկադիի կողմից կնոջն անպարկեշտ առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, դանակով հարվածներ են հասցրել Զարինեի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Զարինեի բղավոցներից միջանցք են եկել վերջինիս անչափահաս երեխաները՝ 2010թվականին ծնված դուստրը և 2014 թվականին ծնված որդին: Տեսնելով երեխաներին՝ Վրույր Բարսեղյանն ու Արկադի Բարսեղյանը հակավորման թելով նախ կապել են տղայի ոտքերը և ձեռքերը, ապա՝ աղջնակի ձեռքերը, ինչից հետո նաև կապել են Զարինեի ձեռքերը և վերջինիս քարշ տալով տեղափոխել են ննջասենյակ։ Այնտեղ երեխաների ներկայությամբ շարունակել են դանակով հարվածներ հասցնել վերջինիս։ Ընդհանուր առմամբ ստացած 11 մարմնական վնասվածքների արդյունքում կինը մահացել է: Վրույր Բարսեղյաննու Արկադի Բարսեղյանը, համոզված լինելով, որ անչափահաս տղա երեխան ճանաչել է իրենց, կատարվածը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեռևս չմահացած Զարինեի և վերջինիս անչափահաս դստեր ներկայությամբ խմբով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դանակով հարվածներ են հասցրել անօգնական՝ ոտքերը և ձեռքերը կապված վիճակում գտնվող տղա երեխայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ առանձին դաժանությամբ սպանելով անչափահաս երեխային: Քննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վրույր Բարսեղյանը Զարինեին ու վերջինիս որդուն սպանելուց հետո, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի անօգնական վիճակն օգտագործելով, հագուրդ տալով իր սեռական ցանկություններին, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որից հետո, համոզված լինելով, որ աղջնակը ճանաչել է իրենց, Վրույր և Արկադի Բարսեղյաններն իրենց կողմից կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, դիտավորությամբ, դանակով երկու հարված են հասցրել անչափահաս աղջնակի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած թափանցող մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ սպանելով երեխային:
Այնուհետև, ըստ գործի, երկուսով կնոջ դիակի վրայից՝ պարանոցից ու մատից, ինչպես նաև ննջասենայկի պահարանից հափշտակել են ընդհանուր 940.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթա, ոսկյա խաչ, երեք հատ ոսկյա մատանի, 5000 ՌԴ ռուբլի, 20 Եվրո և մոտ 60.000 ՀՀ դրամ գումար և հեռացել տնից: Բացի այդ, Վրույր Բարսեղյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ձեռք է բերել կտրող և կյանքից զրկելու ու առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված ածելու շեղբ, ինչպես նաև՝ կրակայրիչի երկաթյա մասից սուր եզր ունեցող առարկա, այն պահել է իր կացարանում գտնվող մահճակալի ոտնակի տակ, որն էլ հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կատարված խուզարկության ժամանակ: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ ձեռք բերված փաստերը հիմնավորվել են նաև վարույթի շրջանակներում նշանակված բազմաթիվ փորձաքննություններով։ Վրույր Բարսեղյանի վերաբերյալ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ վերջինս ճանաչվել է մեղսունակ: Գործը դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում է։
Արաքս Մամուլյան