Պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում․ Սուրիկ Խաչատրյանի որդին դիմում է Պաշտպանության նախարարին
Հասարակություն
06.08.2018 | 11:50Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի փաստաբան՝ Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին։
Փաստաբան Մարտիրոսյանը ներկայացրել է նամակի բովանդակությունը.
Ոստիկանության միջամտությունը արդարությանը
Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նշված պարզաբանումը միջամտություն է արդարադատությանը:
ՀՀ Դատական օրենսգրքում արձանագրված է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ նախաքննության և դատական գործընթացը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գնահատակաները չպետք է լինեն միանշանակ և այնպիսի շեշտադրմամբ, որ Ս.Խաչատրյանի որդիները կատարել են տվյալ հանցագործությունը. դա անմեղության կանխավարկածի խախտում է:
Բացի այդ նրանց տեղեկատվությունում կան վիճելի ու սխալ փաստարկներ, օրինակ իրականում հիվանդ լինելու, կամ չլինելու մասին/ ինչ է իրենք բժիշկ-հոգեբույժ մասնագետներ են/: Կամ 18 տարեկան տղան ինչ փատաթղթեր կարող էր կեղծել. «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող
հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»:
2017թ.-ին օրենքով սահմանված կարգով, Տիգրան Խաչատրյանը ազատվել է զինվորական ծառայությունից, քանի որ ուներ երկու երեխա՝ Սուրիկ Տիգրանի Խաչատրյան ՝ծնված 27.հոկտեմբերի.2016թ.-ին, և Կատրանիդե Տիգրանի Խաչատրյան՝ ծնված 06.դեկտեմբերի.2017թ.-ին: ՀՀ ոստիկանության նշված գնահատականները լսելի են նաև քննիչի, դատավորի և լայն հասարակայնության համար: Այդ տեղեկատվությունը հերթական փորձն է՝ Ս.Խաչատրյանի որդիների հանդեպ քաղաքական հետապնդումն արդարացնելու՝ սխալը ճշտի տեղ անցկացնելու համար: Չմոռանանք նաև վաղեմության մասին:
ՀՀ ոստիկանությունը նախաքննություն իրականացնելու իրավունք չունի: Դրա համար կան քննչական մարմիններ, որոնք ՀՀ ոստիկանության համակարգից դուրս են: Ժամանակին ՀՀ օրենսդիր մարմինը, խուսափելով մեկ՝ «սուպեր» լիազորություններով մարմին ունենալու վտանգից, ոստիկանության համակարգից հանել է քննչական գլխավոր վարչությունը, որպեսզի միևնույն պետական մարմինը իրավունք չունենա և հանցագործին բռնելու, բացահայտելու, նյութեր հավաքելու և հետապնդում, նախաքննություն իրականացնելու լիազորությունները: Ձեռք բերված նյութերի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 18.07.2018թ.-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը:
ՀՀ ոստիկանությունը ընդամենը նյութեր է հավաքել /և դեռ հայտնի չէ՝ որքան հիմնավոր և օրինական/ և ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և դրանով ավարտել է իր աշխատանքները: ՀՀ Ոստիկանությունը չգիտի և չի կարող իմանալ, թե քրեական գործ հարուցելուց հետո քննիչն ինչ քննչական գործողություններ է կատարում, ինչն է հիմնավոր ինչը ոչ, սակայն խախտելով գործող օրենքը և առաջ անցնելով նախաքննության մարմնից նշում է, որ «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»:
Եթե իրականում ամեն ինչ շատ պարզ լիներ, ապա նախաքննական մարմինը դատահոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն չէր նշանակի: Սա ինչ աշխատանքի ձև է, դրանով ոստիկանությունն իր լիազորությունները սահմանազանցում է:
Այստեղ իրենց խոսքը պետք է ասեն և ՀՀ քննչական կոմիտեն,Զինվորական քննչական գլխավոր վարչությունը, ՀՀ ոստիկանությունը, և իհարկե Մարդու իրավունքների պաշտպանը: Նախաքննության գաղտնիությունը,և անմեղության կանխավարկածը պետք է պահպանվի բոլորի կողմից:
Մենք հասկանում ենք, որ շատ փաստեր, հանգամանքներ, կապված Ս.Խաչատրյանի հետ, օրենքով սահմանված կարգով պետք է ստուգվեն: Սակայն այդ ընտանիքի վրա «կրակե անձրև» է թափվում՝ Հանրապետությունում գործող համարյա բոլոր պատկան, իրավապահ մարմինները սկսած դատարանից,դատախազությունից, հարկային մարմիններից, ոստիկանությունից, հսկողություն իրականացնող մարմիններից մինչև Սյունիքի
մարզպետարանը,մարզի քաղաքապետարանները նյութեր են հավաքում, բացատրություն և ցուցմունքներ վերցնում, տվյալներ պահանջում, հսկում, ստուգում, քննում, զննում,տեսագրում,ձայնագրում…:
Հիշեցնենք,որ վերջին 10 տարիներին Սուրիկ Խաչատրյանը եղել է Հայաստանի ամենահայտնի, ամենաթափանցիկ պաշտոնատար անձը՝ նրա մասին մամուլում, համացանցում ամեն ինչ հայտնվել է, ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ քննարկվել:
Տեղեկացնենք, որ Սուրիկ Խաչատրյանը, Սյունիքի մարզպետի պաշտոնից, ազատվել է դեռևս 2016թ.-ին, և առողջության վատթարացման պատճառով վիրահատություններ, բուժումներ և այլ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և արտերկրի տարբեր բժշկական կենտրոններում: Ով է խանգարում, որ մարզպետի պաշտոնից նրա ազատվելուց հետո, Սյունիքի մարզում, Գորիս քաղաքում վերափոխումներ կատարեն /եթե ցանկանում ու կարողանում են/, այլ ոչ թե շահարկեն նրա անունը:
Տեսեք ինչ է կատարվում, ինչ խայտառակ, անառողջ,պայթունավտանգ վիճակ է Գորիսի պետական համալսարանում, որի խորհրդի նախագահը ժամանակին եղել է Սուրիկ Խաչատրյանը: Թող կարգավորեն՝ ով է խանգարում նրանց: Սակայն, համալսարանում նույնպես, անհարկի շահարկվում է նրա անունը: Շատ հեշտ ձև են գտել ՝ սեփական անկարողությունը, անհաջողությունը թաքցնելու նպատակով փորձում են մեղավորներ փնտրել այլ տեղ, իրենցից դուրս:
Նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ։ Այս մոտեցումը մեր հայտարարության տրամաբանության համատեքստում է։ Այս քրեական գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով ՀՀ ոստիկանության և մի շարք պաշտոնատար և այլ անձանց, լրատվության միջոցներով, կամ այլ ձևով արտահայտված մեղադրանքները, և ընտրված միջոցները, թողնում են
ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա խիստ մտահոգիչ է։ Խնդիրը միայն Տրդատ Խաչատրյանի և մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվեն, բայց նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ։
Ի դեպ տեղեկացնեք նաեւ, որ ինչպես տեղեկացանք փաստաբանից, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմում-խնդրանքով դիմել է նաեւ անձամբ Տրդատ Խաչատրյանը։ Պաշտպանության նախարարին ուղղված նամակում Տ․ Խաչատրյանը գրում է․
Ես՝ Տրդատ Սուրիկի Խաչատրյանն եմ՝ ծնված 23.07.1996թ.: Բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում նաև թիվ 90100518 քրեական գործում, ինձ ներկայացնում են որպես՝ ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդի:
2014թ.-ի ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ, ստացել եմ 3 տարի ժամկետով տարկետում:
2017թ.-ին ձմեռային զորակոչին ճանաչվել եմ զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը:
Նշված դեպքին ես մասնակից եմ եղել եւ վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել:
2017-2018թթ.-ին ես, իմ ծնողների օգնությամբ ձեռնարկել ենք տարբեր տիպի բժշկական,առողջական,հոգեբանական միջոցներ (դիմելով տարբեր բժիշկների, մասնագետների, տարբեր բժշկական կենտրոնների, այդ թվում նաև արտերկրում գտնվող բժշկական հիմնարկների), որոնք, ինչ խոսք, դրական ազդեցություն են գործել, և ես նախկինի համեմատ ինձ ավելի լավ եմ զգում: Ներկայումս քննիչի կողմից նշանակվել է դատա-հոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն, որը սկսվելու է իրականացվել 30.հուլիսի.2018թ.-ից:
Անկախ փորձաքննության եզրակացությունից Ձեզ ՝ որպես ՀՀ Պաշտպանության նախարարի, հայտնում եմ, որ պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում: Իմ միակ խնդրանքն ու ցանկությունն է՝ ինձ հնարավորություն տալ կատարել իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ: