Կլինեն դեղատներ, որոնք կվաճառեն առանց դեղատոմսի. ինչ մեխանիզմներով են նման դեպքերը կարգավորվելու
Հասարակություն
01.08.2018 | 21:30Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս անգամ քննարկմանը մասնակցել են դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները:
Գործընկերներին առաջարկվել է դեղերը դեղատոմսով դուրս գրելու ընթացքը սահուն կազմակերպելու համար հաշվի առնել ընթացիկ տեխնիկական հարցերը, ներկայացնել առաջարկներ:
Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները արտահայտել են իրենց մտահոգությունը գործընթացի վերաhսկողության առումով: Այսինքն` կլինեն դեղատներ, որոնք կվաճառեն առանց դեղատոմսի. ինչ մեխանիզմներով են նման դեպքերը կարգավորվելու:
Փոխնախարարը պարզաբանել է, որ բարձրացված հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, քանի որ այսօր էլ կան նման ահազանգեր: Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, որ այդ առնչությամբ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվում են իրազեկման աշխատանքներ:
Միաժամանակ, տնտեսվարողները առաջարկել են ոլորտին առնչվող որոշումներն ընդունելուց առաջ` մինչև ուժի մտնելը, դաշտի շահառուների համար նախատեսել որոշակի ժամանկահատված նախապատրաստվելու համար: