ՀՀԿ քաղաքական դպրոցի ուսանողների թիվը հեղափոխությունից հետո պակասել է 100-ով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետական կուսակցության քաղաքական դպրոցի գործադիր տնօրեն Հայկ Մամիջանյանը երբեք չի ասի, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն։

«Որևէ օրենք չի փոխվել, որևէ սահմանադրական կարգ չի փոփոխվել, այնպես ինչպես գրված էր Սահմանադրության մեջ՝ փոխվել է իշխանություն»,-պատճառաբանում է Հայկը։

Ավելին, Հայկը ցանկացածին կապացուցի, որ տեղի ունեցած իշխանափոխությանը մասնակցել է նաև Հանրապետականը։ «Կարծում եմ յուրաքանչյուր սթափ գնահատող մարդ կհամաձայնվի, որ այն իրողությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, էդտեղ զգալի ազդեցություն  ունենք մենք, և այսպես կոչված՝ դափնիները խաղաղ և անցնցում փոխանցելը իշխանությանը մենք հավասարապես պիտի կիսենք ընդդիմության հետ»,- ասում է քաղաքական դպրոցի տնօրենը։

Հայկի բառերով, իշխանափոխությունն իր ազդեցությունն ունեցավ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների թվի վրա, թավշյա հեղափոխությունից առաջ նրանց թիվը 180 էր․ «Այս պահին ուսանում է 80-ից 90 ունկնդիր»։

Հանրապետականի քաղաքական դասընթացներն անցնում են հենց այն դահլիճում, որտեղ ավելի քան երեք տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքականությունից դուրս հրավիրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Այսօր այս դահլիճում տաբու թեմաներ չկան, ուսանողները նույնիսկ «Սասնա ծռերի» գործողություններն են քննարկել, նոր ուսումնական տարում թեմա կդառնա նաև իշխանափոխության տեխնոլոգիան։

«Ամառային արձակուրդային հանձնարարությունների ցանկում, որն ստանում են մեր ուսանողները ամառային արձակուրդներին գրքի վրա շարադրանք կազմելու համար, ընդգրկված են այնպիսի գրքեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել իշխանափոխության տեխնոլոգիաների մշակման համար՝ կապված մասսաների կառավարման հետ»,- տեղեկացնում է Հայկը։

Այնպես չէ, որ նախկին իշխող կուսակցության դպրոց ընդունվողները իշխանություն ունենալու ծարավից էին դառնում դպրոցի ուսանող։ Եվ ոչ էլ պատրաստվում էին դառնալ Հանրապետական։

«Հանրապետական կուսակցությունը չուներ նպատակ ստեղծել սեփական կադրերի մի դարբնոց, մենք ուզում էինք ստեղծել մի մշակույթ, մեզ դա հաջողվեց, որովհետև մեզանից հետո ստեղծվեցին բազմաթիվ այլ քաղաքական դպրոցներ»,- վստահեցնում է Հայկը։

«Լուսավոր Հայաստանը» իր քաղաքական դպրոցը բացել է միայն անցյալ տարի։ Ահա այս փոքրիկ սենյակում 4 ամիս քաղաքական կրթություն է ստանում 35-40 ուսանող։ «Էս գրասենյակը 35-ից ավել ուսանող միաժամանակ չի կարող տեղավորել։ Ինչո՞ւ այս գրասենյակում, որովհետև մենք չունենք այլ ֆինանսավորում»,-ասում է «Լուսավոր Հայաստանի» Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը։

Հեղափոխությունը դառնալու է այս դպրոցի ուսումնառության պարտադիր թեմաներից մեկը։ Դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանն անձամբ էր ներգրավված հեղափոխության մեջ։ Դեռ ապրիլից առաջ այստեղ ուսումնասիրել են վրացական, ֆրանսիական ու անգլիական հեղափոխությունների փորձը։ «Հիմնական դեբատը հենց դրա մասին էր՝ արդյո՞ք քաղաքացին կարող է թագավորին զրկել իշխանությունից, թե՝ ոչ։ Հեղափոխությունների արդյունքում եղավ այնպես, որ քաղաքացին կարող է իշխանությամբ օժտել որևէ մեկին և զրկել»,- նշում է ԱԺ պատգամավորը։

Այսօր «Լուսավոր Հայաստանը» իշխող կուսակցություն է հենց թավշյա հեղափոխության շնորհիվ։ Գործունեության մեկ տարում այս կուսակցության դպրոցում իշխանությունից ոչ ոք չի դասավանդել․ «Ես չեմ տեսել նախորդ իշխանության մեջ մարդկանց, որոնք ըստ իս կարող էին օրինակելի գիտելիք փոխանցել ուսանողներին»։

Այս դպրոցի դասավանդման թեմաներից մեկը կլինի հենց Հանրապետական իշխանությունը։ Հայկն ասում է, որ դա լինելու է խրատ՝ ինչպիսին չպետք է լինի իշխանությունը։ Այդ իմաստով ժամանակին նա նույնիսկ կողմ էր, որ Երևանում կանգնեցվի խորհրդային դահիճներից մեկի՝ Անաստաս Միկոյանի արձանը, ինչը հատուկ խորհուրդ կունենար։ «Ես ասում էի՝ իսկ ի՞նչ, եթե մենք ունենանք ազգի դավաճանի արձան, որտեղ կարելի է գալ և իմանալ, թե ինչպիսին չպետք է լինել»,-հիշում է «Ելք»-ական պատգամավորը։

Ե՛վ Հանրապետականի, և՛ «Լուսավոր Հայաստանի» քաղաքական դպրոցների շրջանավարտները հաճախ չեն բավարարվում ստացած գիտելիքներով։ Նրանց հաջորդ կանգառը Դաշնակցության «Ազատ լսարանն» է։ «Մենք ունենք շատ մասնակիցներ, որոնք նույն այդ երկու դպրոցներն ավարտել են և եկել են մեզ մոտ»,-ասում է ՀՅԴ «Քաղաքական դասընթացների» ազատ ծրագրի պատասխանատու Իվան Աղազարյանը։

Նրանց դպրոցում լսարանն ընդարձակ է, ինչպես Հանրապետականի քաղաքական դպրոցում, սակայն ուսանողների թիվը նույնքան է, որքան՝ «Լուսավոր Հայաստանի» դպրոցի սովորողների թիվը՝ մինչև 40 ուսանող։ Դասընթացներում ավելի շատ Դաշնակցությանը հարազատ թեմաներ են՝ Արցախի հարց, հայ-թուրքական հարաբերություններ։ Սակայն, ինչպես նշում է ծրագրի պատասխանատու Իվան Աղազարյանը, իրենց նպատակը քաղաքացիական հասարակություն ունենալն է։ Մինչդեռ հայտնի է, որ քաղհասարակության կայացման համար անհրաժեշտ  է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը,  այդ թվում՝ սեռական և կրոնական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականության ձևավորումը։ Այստեղ փոքր-ինչ խնդիր կա։ «Ձեզ հետ համաձայն եմ, որ ձեր նշած էլեմենտները քաղհասարակության մասնիկ են, բայց քաղաքական դասընթացներ են մեր մոտ»,- հակադարձում է Իվան Աղազարյանը։

Իվան Աղազարյանը տեղեկացնում է, որ իրենց դպրոցում ուսանողների մի մասը Դաշնակցական է, սակայն անկուսակցականներին չեն պարտադրում անդամագրվել իրենց կուսակցությանը՝ դա պարտադրելով չէ։ Թավշյա հեղափոխությունն էլ է մտել այս դպրոցի ուսումնասիրման թեմաների մեջ, ուսանողները ոգևորված էին այդ հեղափոխությամբ։ «Որովհետև կարծում էին, որ շատերը մեր երկրի վիճակը բացասական գնահատելով, սոցիալ տնտեսական վիճակը բացասական գնահատելով, 20 տարվա դժվար տարիները գնահատելով՝ հնարավորություն տեսան ապագայում՝ ամեն ինչը փոխվի դեպի լավը»,- թեման փակում է դաշնակցական գործիչը։

Ի դեպ, դեռևս 2014-ի մայիսին քաղաքական դպրոց հիմնադրելու որոշում էր կայացրել այն ժամանակ իշխող կուսակցություն համարվող «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Փոխնախագահ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ դպրոցն այսօր էլ գործում է սեմինարների սկզբունքով։ «Անցյալ տարի դպրոցը պասիվ էր, սակայն այս տարի կրկին կակտիվանանք»,- վստահեցրեց տիկին Բիշարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Մհեր Արշակյան