Դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը մտել է ուժի մեջ․ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Աննա Վարդապետյանի բողոքը

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, կազմով դատավորներ Սերժիկ Ավետիսյանի և Սամվել Օհանյանի, մերժել է վարույթ ընդունել Բախշիյանին արդարացնելու դեմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը։ Վարդապետյանը պահանջում էր Բախշիյանին արդարացնելու դատական ակտերը բեկանել, նրան մեղավոր ճանաչել ակնհայտ ապօրինի կալանավորելու մեղադրանքում, 4 տարի ժամկետով զրկել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից կամ վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել նաև Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խնդրելով մասնակիորեն բեկանել և փոփոխել իր պաշտպանյալի վերաբերյալ դատավճիռը, նրան ոչ թե հանցակազմի, այլ հանցադեպի բացակայության հիմքով արդարացնել։ Բացի այդ, պաշտպանը վիճարկում էր գործով առանցքային վկաներից մեկի՝ փաստաբան Յուրա Ավայանի ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցը։

Այս բողոքը ևս մերժվել է, սակայն Բախշիյանին արդարացնելու դատական ակտի վրա այն ազդեցություն չունի․ Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահից դատավորը համարվում է արդարացված։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ։ Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին, թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպան Յուրա Ավայանը դատարանին հայտնել էր, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չէր կարող, իսկ Մկրտչյանն առանց պաշտպանի չէր ցանկանում ներկայանալ։

Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, իսկ չներկայանալու դեպքում դատավորը կարող է նրան բերման ենթարկելու կամ խափանման միջոցն ավելի խիստով փոխելու որոշում կայացնել։ Բախշիյանը որոշել էր Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել՝ կալանավորումը։ Մկրտչյանն արգելանքի տակ էր վերցվել։

Երկու շաբաթ անց նշանակված դատական նիստին նա կալանավայրից է ներկայացվել դատարան, որտեղ հայտնել է, որ նախորդ դատական նիստին իր պաշտպանի հորդորով չի ներկայացել։ Այդ օրը դատարանը քննության առարկա է դարձրել Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխելու հարցը՝ մինչ այդ հարցաքննելով Նվեր Մկրտչյանին։

Մանվել Փարամազյանի կալանավորման հիմքում դրված է եղել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Նվեր Մկրտչյանը դեռևս չի հարցաքննվել, առկա է նրա վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկ։ Փարամազյանի պաշտպանները դատարանին միջնորդել են փոխել ապացույցների հաջորդականությունը, և Նվեր Մկրտչյանին հարցաքննել ոչ թե դատաքննության ավարտին, այլ այդ նիստի ընթացքում՝ այդպիսով չեզոքացնելով Փարամազյանի կողմից Մկրտչյանի նկատմամբ ենթադրյալ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը։ Մկրտչյանը ցանկություն է հայտնել ցուցմունք տալ․ դատական քննության ցանկացած փուլում մեղադրյալն իրավունք ունի ցուցմունք տալու։ Մկրտչյանի ցուցմունքից հետո արդեն պաշտպանական կողմը միջնորդել է Փարամազյանին ազատ արձակել, և դատավոր Բախշիյանը որոշել է նրան 70 մլն դրամ գրավով ազատել։ Նախորդ դատական նիստին չներկայանալու վերաբերյալ պարզաբանումը լսելուց հետո դատավոր Բախշիյանը որոշել է կալանքից ազատ արձակել նաև Նվեր Մկրտչյանին, այսինքն՝ Մկրտչյանը կալանքի տակ է մնացել 2 շաբաթ։

Մկրտչյանը կալանավորվելուց հետո բողոքարկել էր կալանքի որոշումը։ Թեև գործով դատախազը ևս դեմ է եղել Մկրտչյանին կալանավորելու որոշմանը, վերաքննիչ բողոք չի ներկայացրել՝ այն ակնկալիքով, որ օրենքով Նվեր Մկրտչյանի բողոքի քննությանը դատախազը պարտավոր է ներկայանալ, այդ ժամանակ էլ դիրքորոշում կհայտնի։ Դատախազի ակնկալիքը, սակայն, չի արդարացել, քանի որ Նվեր Մկրտչյանն ազատ արձակվելուց հետո հետ է վերցրել բողոքը։

Ստեղծվել է մի իրավիճակ, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կայացրած մի դատական ակտի համար, որի օրինականությունը Դատախազությունը վերաքննիչ դատարանում չի վիճարկել։

Նշենք նաև, որ ի սկզբանե Բորիս Բախշիյանին վերագրվում էր ավելի խիստ արարք՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։ Որպես ծանր հետևանք Դատախազությունը դիտարկում էր այն հանգամանքը, որ Նվեր Մկրտչյանի նկատմամբ կալանավայրում ճնշում է գործադրվել, որպեսզի Մանվել Փարամազյանի դեմ տված ցուցմունքից հրաժարվի։ Այսինքն՝ կալանավայրում տեղի ունեցած մեկ այլ ենթադրյալ հանցագործությունը դիտարկվել էր որպես դատավորի կողմից Մկրտչյանին կալանավորելու անուղղակի ծանր հետևանք, բայց գործը, ի վերջո, դատարան է ուղարկվել ավելի մեղմ հոդվածով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որով Բախշիյանին արդարացրել է դատավոր Լուսինե Սեփխանյանը։

Հիշեցնենք, որ Բախշիյանը երեք ամիս գտնվել է կալանքի տակ։ Նրա կալանքի հարցը քննելու օրերին դատարանի բակում մեծ թվով դատավոր, քաղաքական, հասարակական գործիչներ էին հավաքվում։ Մինչ քրեական հետապնդման հարուցումը դատավորի վարույթում քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք գործեր էին գտնվում, որոնց թվում՝ Աշոտ Երկաթ անունով հայտնի Աշոտ Մինասյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի գործերը։

Արաքս Մամուլյան