Իրանում ՊՆ գործարանում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հրդեհ է բռնկվել
Քաղաքականություն
29.09.2023 | 22:17Թեհրանում սեպտեմբերի 28-ին Պաշտպանության նախարարությանը պատկանող ավտոմեքենաների մարտկոցների գործարանում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իրանական պետական լրատվամիջոցին։
Պլաստիկ թափոնների պահեստավորման բաժնում բռնկված հրդեհից տուժածներ չկան։
Նշվում է, որ մի քանի տարիների ընթացքում իրանական ռազմական օբյեկտներում մի շարք հրդեհներ և այլ վթարներ են տեղի ունեցել, որոնց համար երկիրը հաճախ մեղադրում է Իսրայելին։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Իրանի Սպահան քաղաքում պայթյուն էր հնչել Պաշտպանության նախարարության զինամթերքի արտադրության կենտրոններից մեկում։