ՍԴ-ն քննության է ընդունել լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը, որով վերջինս խնդրել է որոշել «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» մի քանի դրույթների և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների համապատասխանության հարցը ՀՀ սահմանադրությանը։

Դատավորի կողմից վիճարկվող դրույթները կարգավորում են ՄԻԵԴ վճռի առիթով և հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Անտոնյանի լիազորությունները 2023 թվականի հունվարի 26-ին դադարեցրել է՝ 2015 թվականին կայացված ՄԻԵԴ վճռի հիմքով հարուցված կարգապահական գործով։ Իսկ դատավորին վերագրվող ենթադրյալ խախտումից անցել էր շուրջ 15 տարի։

Սուրեն Անտոնյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի» 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ինչպես ինքնին, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը և 144-րդ հոդվածի 1.1-րդ մասը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 5-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Դատական օրենսգրքի 146-ի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:
146-րդ հոդվածի 4-րդ մասը Դատական օրենսգրքում լրացվել է 2020 թվականի մարտի 25-ին, ուժի մեջ մտել՝ մայիսի 2-ին։

142-րդ հոդվածով սահմանվում է դատավորի կարգապահական վարույթի հիմքերը։

142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։

142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Էական կարգապահական խախտում է հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այսինքն՝ վերևում նշված կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման։

Դատական օրենսգրքի 144 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի.

144-րդ հոդվածի 1.1 մասով, սակայն, սահմանվում է, որ վերևում նշված նորմով սահմանվող ժամկետները չեն տարածվում Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների վրա։ Մանսավորապես՝ եթե արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքով, ապա այդ խախտման հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի։

Ինչպես արդեն նշեցինք, ըստ Սուրեն Անտոնյանի՝ այս նորմերը հակասում են ՀՀ Սամանադրության 5-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին։

Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝
1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ։
2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին։
3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

73-րդ հոդվածը սահմանում է․
1․Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

79-րդ հոդվածն էլ վերաբերում է որոշակիության սկզբունքին։ Ըստ այս հոդվածի՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Անդրադառնալով վիճարկվող «Դատական օրենսգրքի» 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին՝ դիմողը նշել է, որ տվյալ դրույթը հակասում է Սահմանադրության 73-րդ հոդվածին այն պատճառաբանությամբ, որ այն ինքնին խախտում է հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, քանի որ սահմանում է կարգապահական վարույթի հարուցման նոր առիթ՝ այն տարածելով նաև այն կարգապահական խախտումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչ այդ առիթը սաhմանող օրենքի ընդունումը:

Բացի դրանից, դիմողի պնդմամբ՝ նշված նորմը հակասում է Սահմանադրությանը նաև իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, քանի որ չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի մարտի 25-ին ընդունված օրենքի անցումային դրույթներից ուղղակիորեն և անվերապահորեն հետևում է, որ որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է ծառայել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միայն այն վճիռը, որը կայացվել է նշված օրենքն ուժի մեջ մտնելուց, այն է՝ 2020 թվականի մայիսի 2-ից հետո, նորմը կիրառվել է նաև Անտոնյանի վերաբերյալ գործով, և իրավաչափ է համարվել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը՝ 2015 թվականին կայացված ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա կարգապահական վարույթի հարուցումը Անտոնյանի նկատմամբ։

Դիմողը նշել է նաև, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառելիությունը հիմնավորելու համար Բարձրագույն դատական խորհուրդն իր վերաբերյալ որոշմամբ հղում է կատարել Դատական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1․1 մասին՝ դրան տալով հակասահմանադրական մեկնաբանություն։

Անդրադառնալով Դատական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասով և 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դրույթների հարաբերակցությանը՝ Սուրեն Անտոնյանը պնդել է, որ 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, որն ընդունվել է 2020 թվականի մարտի 25-ին , սահմանել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 2-ից հետո կայացրած դատական ակտը, իսկ հետագայում այդ առիթով վարույթ հարուցելու ժամկետ սահմանող նորմով, այսինքն՝ 144-րդ հոդվածի 1․1-ով սահմանվել է, որ վերոգրյալ ՄԻԵԴ-ի ակտի հիման վրա վարույթ կարող է հարուցվել դրա ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում, ընդ որում՝ այդ կանոնը կիրառելի է ոչ միայն այս նոր դրույթի ուժի մեջ մտնելուց հետո, այլ նաև մինչ այդ, բայց ոչ 2020 թվականի մայիսի 2-ին նախորդող ժամանակահատվածում կայացված ՄԻԵԴ-ի ակտերի նկատմամբ։

Վերոգրյալի արդյունքում դիմողը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասին տրված ցանկացած տարբերվող մեկնաբանություն և կիրառություն ուղղակիորեն հակասում են Սահմանադրության 73-րդ հոդվածին՝ անձի վիճակը վատթարացնող նորմի հետադարձության արգելքի սկզբունքին, ինչպես նաև Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ որոշակիության սկզբունքին։

Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտել է, որ առկա չեն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմքեր և որոշել դիմումում մատանշված նորմերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

Արաքս Մամուլյան