«Սովորելու ցանկությունս մարում է»․ հայաստանյան բուհերը հասանելի չեն հաշմանդամություն ունեցող ուսանողների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

25.11.2024 | 18:09
«Առնվազն խղճահարություն է առաջացնում»․ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ փոխքաղաքապետի հայտարարության մասին
25.11.2024 | 18:00
ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին, ԵՄ և ԱՄՆ դեսպանները Վրաստանի խորհրդարանի նիստին չեն հրավիրվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 17:51
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կրկին քննարկում են Ուկրաինա զորք ուղարկելու հարցը
25.11.2024 | 17:43
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին
25.11.2024 | 17:41
Ուժի մեջ են մտել սկուտերներով ու անհատական շարժունակության այլ միջոցներով երթևեկության կանոնները․ ՆԳՆ հիշեցումը
25.11.2024 | 17:33
Հովիկ Աղազարյանը պնդում է, որ Ալեն Սիմոնյանի հետ չի հանդիպել
25.11.2024 | 17:28
Ապօրինի որքան գույք ու դրամ է բռնագանձվել 2020 թ-ից մինչ օրս․ Դատախազությունը տվյալներ է հրապարակել
25.11.2024 | 17:23
Թուրքիայում մարմարի հանքում սողանքի հետևանքով զոհեր կան
25.11.2024 | 17:11
ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը «ադրբեջանական Երևան» միջոցառում անցկացնելու վերաբերյալ հրապարակումներին
25.11.2024 | 17:10
«Սև երկուշաբթի Վրաստանում»․ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խորհրդարանի անդրանիկ նիստի մասին
25.11.2024 | 16:57
Ուկրաինայի զինված ուժերը ATACMS հրթիռներով հարվածել է Կուրսկի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանին
25.11.2024 | 16:50
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
25.11.2024 | 16:42
ՀՀ-ն չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
25.11.2024 | 16:34
«Այդպես ավելի լավ է բոլորի համար». Պապուաշվիլին՝ Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների դեսպանների բացակայության մասին
25.11.2024 | 16:23
Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը
Բոլորը

Արդեն մեկ տարի է՝ Վրեժ Սարգսյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող է։ Տեսողական խնդիրների պատճառով ֆակուլտետի տարածքում Վրեժը դժվարությամբ է տեղաշարժվում, քանի որ համալսարանը չունի հարմարություններ, որոնք անհրաժեշտ են նրան բարձրագույն կրթությունը լիարժեք ստանալու համար:

«Գիտեի, որ դժվար է լինելու, բայց հիմա սովորելու ցանկությունս մեկ-մեկ մարում է: Մենք կարիք ունենք մասնագիտական գրականության, բրալյան այբուբենով գրքերի, ինչպես նաև աուդիոգրքերի»,- ասում է Վրեժը:

Նա հաշմանդամություն ունեցող միակ ուսանողը չէ, որ մատնանշում է համալսարանների թերի նյութատեխնիկական ապահովվածությունը:

ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող Վահան Դիշլանյանը նույնպես խնդիրների է բախվել. «Ընդունվելիս արդեն ծանոթ էի ԵՊՀ-ի անմատչելի կրթական միջավայրին, ընկերներս, որոնք սովորել էին այստեղ ինձնից առաջ, պատմել էին։ Իմանալով հանդերձ եմ ընդունվել»:

Վահանը հույսեր է կապել 2019 թվականին ԵՊՀ ռեկտորի որոշմամբ ներդրված «անձնական օգնականի» ինստիտուտի հետ:

«Դասերը սկսելուն պես պահանջեցի օգնական, բայց բարդություններ առաջացան։ Կարծում էին` ինձ անհրաժեշտ է մեկը, որ կուղեկցեր ֆակուլտետի ներսում։ Ես Էջմիածնից ԵՊՀ-ի 8-րդ մասնաշենք հասնելու համար 3 տրանսպորտ եմ փոխում, հասկանալի է, որ ինձ ուղղակի ուղեցորդ չէր պետք, այլ մարդ, որ կօգներ ինձ յուրացնել նյութերը, որոնք անմատչելի էին ինձ համար»,- նշում է Վահանը՝ հավելելով, որ «օգնականի» պարտականությունները հստակ սահմանված չեն, ուստի համակարգը գործում է միայն թղթի վրա և արդյունավետ չէ։

Խնդիրներն ավելի ակնառու են դարձել քովիդով պայմանավորված օնլայն դասերի ժամանակ։ Վահանի խոսքով՝ ուսանողներից շատերը չգիտեին` ինչպես օգտվել համակարգից (Moodle, Bigbluebutton), այն նաև չուներ հատուկ գործիքակազմ, որը էկրանին եղածը բարձր կարդալով` ինֆորմացիան հասանելի է դարձնում տեսողական խնդիրներ ունեցողների համար:

Հայաստանյան բուհերի մասնաշենքերից շատերն անմատչելի են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող ուսանողների համար, խնդրի ամենավառ օրինակը ԵՊՀ գլխավոր մասնաշենքում թեքահարթակի և բավարար մեծության վերելակի բացակայությունն է:

ԵՊՀ-ում կրթություն է ստանում հաշմանդամություն ունեցող 24 ուսանող, բուհը 400 հազար դրամ է հատկացնում տեսալսողական խանգարում ունեցող  յուրաքանչյուր ուսանողին ուղեկցելու համար, իսկ հենաշարժողական խնդիրներով ուսանողների համար յուրաքանչյուր ֆակուլտետի տրամադրվում է 200 հազար դրամ։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են մայր բուհից։ Բացի այդ, 24 մլն դրամ է նախատեսված համալսարանի բոլոր մասնաշենքերը թեքահարթակներով ապահովելու համար, մինչդեռ հաշմանդամություն ունեցող ուսանողներին անհրաժեշտ նյութերի ու տեխնիկայի ապահովվածության խնդիրը մնում է չլուծված:

Նյութատեխնիկական ապահովվածության և մատչելիության խնդիրներ առկա են նաև Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որտեղ սովորում է հաշմանդամություն ունեցող 7 ուսանող։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ բուհից նշել են, որ առաջիկայում դեռ նախատեսում են շարժական թեքահարթակ կառուցել միայն 6-րդ մասնաշենքի մոտ:

Ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 4-րդ գլխի 14-րդ հոդվածի 2-րդ կետի` հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումն իրականացվում է ծառայությունների անհատական ծրագրի համաձայն՝ առողջապահության, կրթության և զբաղվածության մատչելիությունը խթանող, վերականգնողական և օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումների իրականացման (օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրման) միջոցով:

Ավելին, Կառավարության 2022 թվականի օգոստոսի 1-ի N 1265-Ն որոշման 1-ին կետով սահմանված հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգի համաձայն՝ խելամիտ հարմարեցումներ կարող է ստանալ յուրաքանչյուր անձ, որն ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում, որը ծառայությունների անհատական ծրագրի համաձայն՝ սահմանափակում է անձի կողմից ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը: Օրենքը սահմանում է նաև «անձնական օգնականի» պարտականությունները, անձնական օգնական՝ ֆիզիկական անձ, որը տվյալ պահին հաշմանդամություն ունեցող անձի հետ է և իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը և (կամ) աջակցում (օգնում) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու):

Սակայն վերը նշված կարգավորումներն ապահովելու համար ֆինանսավորման հստակ աղբյուրներ ու մեխանիզմներ սահմանված չեն։

«ՈՒՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանն ասում է՝ այսպիսով ֆինանսական պատասխանատվությունն ամբողջությամբ թողնվում է բուհերի վրա։

«Պետության մասնակցությունը պիտի լինի ավելին, քան բուհերին հարմարություններ ստեղծել պարտադրելը»,- նշում է մեր զրուցակիցը։

Ըստ Ալավերդյանի՝ խնդրի համակարգային լուծումը հնարավոր է միայն հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքի միջոցով՝ ուսումնասիրության ու հստակ հաշվարկի, որոնց հիման վրա պետք է տրամադրվի համապատասխան ֆինանսավորում: Ալավերդյանի դիտարկմամբ՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող ուսանողների համար բավարար պայմաններ ունեն Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայաստանի եվրոպական համալսարանը:

«Ամերիկյան համալսարանը ֆինանսավորվում է USAID/ASAH-ի կողմից (American Hospitals and Schools), ինչի շնորհիվ համալսարանի նոր ստեղծվող կառույցներն ունենում են հարմարություններ հաշմանդամություն ունեցող ուսանողների համար։ Որպես «Էրազմուս պլյուս» ծրագրի անդամ՝ Ամերիկյան համալսարանը ստացել է համապատասխան սարքավորումներ, որոնք ամբողջությամբ ապահովում են հաշմանդամություն ունեցող ուսանողների ներգրավվածությունը կրթական գործընթացին, համալսարանական բոլոր ելույթները թարգմանվում են տեսողական և լսողական խնդիրներ ունեցող անձանց համար»,- Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են համալսարանից։

 

Նշենք, որ արտերկրում շատ առաջատար համալսարաններ ունեն հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության կենտրոններ, որոնք զբաղվում են ուսումնական գործընթացի ժամանակ ծագած խնդիրների լուծմամբ:

Ուսումնական տարվա սկզբին հաշմանդամություն ունեցող ուսանողներից հավաքագրում են բոլոր անհրաժեշտ տվյալները և համապատասխան մասնագետի հետ խորհրդատվություն անցնելուց հետո միայն կազմում արդյունավետ ուսումնական պլան: Բազմաթիվ համալսարաններում տեսողական խնդիրներ ունեցող ուսանողներին հատկացնում են հատուկ համակարգիչ, որը տպագիր նյութերը փոխակերպում է ձայնային ֆորմատի։ Այս համալսարանների կայքերը նույնպես հասանելի են տեսողական խնդիրներ ունեցող անձանց: Հայկական բուհերի գերակշիռ մասում, մինչդեռ, այս ամենը բացակայում է:

Անի Հովհաննիսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: