Զախարովային  խորհուրդ ենք տալիս Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լուրեր

23.04.2026 | 14:00
10 մլն դրամանոց ժամացույց, կանխիկ՝ 200 հազար դոլար, 100 մլն դրամ, 50 հազար եվրո, 6 անշարժ գույք․ Դավիթ Ղազինյանի հայտարարագիրը
23.04.2026 | 13:56
Չենք դարձնի միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը` Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:51
Պենտագոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծումը կտևի առնվազն վեց ամիս
23.04.2026 | 13:46
Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսո՞վ շրջեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:39
«Չելսին» հեռացրել է գլխավոր մարզիչին նշանակումից 4 ամիս անց
23.04.2026 | 13:35
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.46%-ով և կազմել 4732.50 դոլար
23.04.2026 | 13:32
Չեմ պատկերացնում որևէ ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:24
ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
23.04.2026 | 13:15
ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:07
Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը
23.04.2026 | 12:59
Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ ԱԽ քարտուղար
23.04.2026 | 12:48
Սուարեսի ու Դե Պաուլի գեղեցիկ գոլերը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:39
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
23.04.2026 | 12:36
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։

Ստիպված ենք հրապարակավ հիշեցնել հետևյալ՝ արդեն իսկ հանրահայտ ժամանակագրությունը և էական հանգամանքները.

  • ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև. այն իր էությամբ մշտապես եղել և շարունակում է լինել ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց:
  • 2022թ. օգոստոսին հայկական կողմն իր հավանությունն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին, համաձայն որի ԼՂ կարգավիճակի քննարկումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով (ինչպես օգոստոսի 31-ին Բրյուսելում), որ չի պատրաստվում ԼՂ հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ, և օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, ռազմական ագրեսիայի է դիմել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
  • Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը։ Ավելին, Հայաստանի վրա հարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայությունը և դրանից բխող անգործությունը ՌԴ-ն պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատված չլինելու կեղծ պատրվակով՝ դրանով իսկ կամա թե ակամա աջակցելով այն ակնհայտորեն կեղծ և խիստ վտանգավոր թեզին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, հետևաբար սահմանների վրա հարձակումը և Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժվար է հավաստել: Մոտավորապես նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաև ՀԱՊԿ շրջանակներում:
  • Այս պայմաններում 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որը դեռևս 1991թ. ստորագրել են նախկին Խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային պետությունների նախկին ադմինիստրատիվ սահմաններով: Այսպիսով՝ Պրահայում որևէ նոր բան չի որոշվել՝ 2022թ. հոկտեմբերի դրությամբ Ալմա-Աթայի հռչակագիրն ուժի մեջ է եղել շուրջ 31 տարի շարունակ: Պրահայի պայմանավորվածությունները ոչինչ չեն փոխել նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում: Միակ նորույթն այն էր, որ Պրահայի հանդիման արդյունքների հիման վրա ԵՄ-ն որոշում ընդունեց մշտադիտարկման առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու սահմանի կայունությանը:
  • ՌԴ-ն բազմիցս, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ ամենաթարմը և թերևս ամենահատկանշականը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերութունների հաստատման փաստաթղթով նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
  • Լաչինի միջանցքն արգելափակվել է 2022թ. դեկտեմբերի 12-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ բողոքի գործողությունների հետևանքով: Արդեն 2023թ. ապրիլին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների ներկայությամբ ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: Թեև այս գործողությունները եռակողմ հայտարարության ակնհայտ և կոպիտ խախտում էին, դրանց ՌԴ կողմից որևէ հակազդեցություն չի գրանցվել: Փոխարենը ռուս խաղաղապահները 2023թ. հունիսի 15-ին գործուն աջակցություն էին ցուցաբերում իրենց առաքելության շրջանակներից և պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի դրոշի տեղադրման փորձին, որին անմիջապես հետևել է Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը՝ ԼՂ-ում իրավիճակը մոտեցնելով իրական հումանիտար աղետի:
  • Նման ամենաթողության պայմաններում ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում դիմում է այնպիսի քայլերի, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի բնակիչների առևանգումը՝ հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատրյանի, իսկ օգոստոսի 28-ին՝ երեք ուսանողների օրինակով:
  • Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նմանօրինակ գործելակերպը, ցավոք, նորություն չէ. 2020թ. դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտումը, Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի ապօրինի գրավումը, 60 հայ զինծառայողների գերեվարումը և տեղափոխումը Բաքու, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ներկայությամբ եւ թողտվությամբ: Այն ժամանակ 2022թ. հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունները ձեռքբերված չէին: Նույնը վերաբերվում է 2022թ. մարտի 24-ի Փառուխի եւ 2022թ. օգոստոսի 1-ի Սարիբաբի դեպքերին, երբ Ադրբեջանը կրկին խախտեց շփման գիծը Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանական զինուժի կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրա կրակահերթերի արձակումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ինչպիսի դեպքերից մեկը ավարտվել է մարտակերտցի տրակտորիստի սպանությամբ, գիշերային լուսարձակներով ու բարձրախոսներով ԼՂ բնակչության ահաբեկումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադարարի ռեժիմի հազարավոր խախտումները կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, այս տրամաբանության շարունակությունն են:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս Լաչինի միջանցքի արգելափակման կանխման կամ արգելափակումից հետո դրա բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից և դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից:

Նաև կրկին հարկ ենք համարում հավաստել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է տարածքային ամբողջականության և սահմանների փոխադարձ ճանաչման հիման վրա տարածաշրջանում կայունության հաստատման իր հանձնառությանը: Միևնույն ժամանակ երկարատև խաղաղության համար բացարձակապես անհրաժեշտ ենք համարում Լաչինի միջանցքի վերագործարկումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխումը և միջազգային հովանու ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ բոլոր առկա խնդիրների հասցեագրումը: