Արցախում երեխաները քնում-արթնանում են կիսասոված․ «Բացեք կյանքի ճանապարհը» պահանջով ցույցեր Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.07.2023 | 20:47Արցախի օպերատիվ շտաբը Հայաստանում իրազեկման ակցիաներ է անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի առջև։
Մի քանի հարյուր քաղաքացիներ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման խոսափողն էին դարձել Երևանում՝ միջազգային կառույցներին իրազեկելով Արցախում տիրող օրհասական իրավիճակի մասին և պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Ես սխալ եմ համարում այն մոտեցումը, որն ուզում են մեզ այսօր ներարկել, որ եթե Հայաստանի իշխանությունը ճանաչել է, ապա միջազգային հանրությունն ի՞նչ անի։ Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից, որ քիչ գլխով անեն, որ եթե Հայաստանը արդեն ճանաչել է՝ բա մենք ի՞նչ անենք, բա միջազգային ամբողջ պարտականությունները ո՞ւր մնացին, մենք եկել ենք այստեղ՝ դա արտահայտենք»,- ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
Համաժողովրդական շարժումն Արցախում մեկնարկել է անցած ուրբաթ․ հազարավոր մարդիկ ամեն օր հավաքվում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, նրանց քայլերթով միանում են Արցախի մարզերի բնակիչները՝ Լաչինի ապաշրջափակման ու արժանապատիվ խաղաղության պահանջով։ Լաչինի միջանցքը փակ է 218 օր, իսկ հունիսի 15-ից դադարեցվել է նաև Արցախ հումանիտար ապրանքների, դեղորայքի, մթերքների մուտքը։
«Այսօր իմ ծննդավայր Արցախում վտանգված են իմ հասակակիցների իրավունքները, նրանք զրկված են ապահով կյանքի և առողջ զարգանալու հնարավորությունից, շատերը բաժանված են իրենց հարազատներից և քնում ու արթնանում են կիսասոված, իմ հասակակիցների ձայնը գալիս է շատ հեռվից և Լաչինի անցակետը չի թողնում, որ նրանց ձայնը լսի մեծ աշխարհը, բացեք կյանքի ճանապարհը»,- ՄԱԿ-ի գրասենյակի առջև տեի ունեցող ցույցի ընթացքում իր ելույթում նշել է Հադրութի նախկին բնակիչ Արմանը։
Հայաստանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի հետ բանակցություններում պահանջելով արցախահայերի անվտանգության ու իրավունքների հասցեագրում։ Հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ մի քանի ժամ տևած հանդիպմանը քննարկվել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը։ Ադրբեջանն առաջարկել է Աղդամից հումանիտար մատակարարումներ իրականացնել Արցախ։
Լարիսա Ալավերդյանը ՄԱԿ-ը շենքի դիմաց ունեցած ելույթում հայտարարեց, որ այն ավելի գերակա կառույց է, քան եվրոպական երկրները։ Նա ՄԱԿ-ից ակնկալում է հատուկ զեկուցողներ նշանակել Արցախում մարդու իրավունքների իրացման մշտադիտարկման համար։
«Ուզում է Նիկոլ Փաշինյանը լինի, ուզում է իր ողջ թիմը լինի, ճանաչեն, դա ի՞նչ կապ ունի։ Բա միջազգային իրավունքը ու՞ր մնաց, միջազգային հարաբերությունները ու՞ր մնացին, մարդու իրավունքները ու՞ր մնացին, հենց որ մի իշխանության մեջ գալիս է մեկը , որ իր քմահաճույքով է գործում, միջազգային հանրությունը իր ձեռքերը լվանում և կանգնու՞մ է կողքի, ո՛չ, նա պարտակաություն ունի, և մենք եկել ենք դա պահանջելու»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ալավերդյանը։
Ցույցի մասնակիցներն իրենց պահանջներն ամփոփել են նամակում, որը հանձնել են՝ փոխանցելու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանին ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչին։
«Մեզ՝ արցախցի փախստականներիս համար բացարձակ անհասկանալի է, ինչպե՞ս կարող է ճանապարհը շրջափակել մի երկիր, որը ՄԱԿ-ի անդամ է, ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ը հանդուրժել այդ երկրին իր կազմում և չբանեցնել զսպիչ մեխանիզմներ»,- մինչ նամակաները հանձնելն իր ելույթում նշել է «Դիզակ ԱՐՏ» կենտրոնի համահիմնադիր Լիանա Պետրոսյանը։
Այսօր Լաչինի միջանցքի արգելափակմանը կրկին անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ վերահաստատելով Լաչինի միջանցքը ապաշրջափակելու առնչությամբ որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Հովհաննիսյան
This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.
Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: