Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը ստուգելու համար ոստիկանությունը ձեռք է բերել 343 սարք, որոնց համար վճարել է մոտ 47 միլիոն դրամ։
Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնել են՝ գնումներն իրականացրել է «Արմինոլի» և «ԻՄՊԵՔՍ» ընկերություններից։ 343 սարքից 67-ը գտնվում է Երևան քաղաքի գնդի հաշվեկշռում, 120-ը՝ Պարեկային ծառայության կողմից սպասարկվող մարզերում՝ յուրաքանչյուրում 20-ական։ 4-ը փոխանցվել է ՊԾ վարչակազմին, իսկ 5 սարք ունի տեխնիկական խնդիր։ Եվս 20 սարք տրամադրվել է ճանապարհային ոստիկանությանը։
Ստուգաչափման ենթարկելու նպատակով, ըստ հերթականության՝ 127 լուսաթափանցելիությունը ստուգաչափող սարքեր պետք է ուղարկվեն «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ:
Հիշեցնենք՝ ոստիկանությունը հայտարարել էր, որ հունիսի 1-ից 25 հազար դրամ տուգանք է կիրառվելու մգեցված ապակիներ ունեցող մեքենաներով երթևեկող վարորդների նկատմամբ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, օրենքը նախկինում չէր գործում, քանի որ չկային սարքեր, որոնցով հնարավոր կլիներ չափել ապակիների մգեցվածության աստիճանը։ Տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր: