Այո, ունեցել ենք նաև հին տեխնիկա, բայց նորերն էլ ենք ձեռք բերել․ Օհանյանը՝ բանակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.06.2023 | 19:10«2022 թվականը եղել է անհաջողությունների տարի, գոնե անվտանգության առումով»,- այս մասին ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նկատի ունենալով սեպտեմբերյան դեպքերը և այն իրավիճակը, որում հայտնվել է Արցախը։
Օհանյանն անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթներին։
«Իմ գործընկերների հիմնական քննադատության ուղղությունն այն է, որ անվտանգության ամբողջական համակարգի ձևավորումը ձեզ մոտ ամբողջական չէ, որովհետև պետության, հասարակության, անհատի անվտանգության և կայուն զարգացման գործում դուք ընտրել եք անհատի կայուն զարգացումը, ընդ որում, ոչ թե շարքային քաղաքացու, այլ պետական պաշտոնյայի։ Մենք ասում ենք, որ առաջնային է առաջին գծի պաշտպանությունում գտնվող մեր յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը»,- ասաց Օհանյանը։
Ըստ նրա՝ այսօրվա իրավիճակն այս իշխանությունն է ստեղծել։
«Առաջ էլ ենք նայում, շատ քիչ բան ենք տեսնում, որ ՀՀ համար կարող ենք մենք տեսնել։ Այս իրավիճակից, որը ձևավորված է անվտանգության համակարգում, ժողովուրդը և ընդդիմությունը պետք է հիանա՞ն։ Լծակները բոլորը ձերն են, 2018-ից հետո էլ ասել ենք, որ պատրաստ ենք աջակցել, այսօր էլ եմ ասում, որ բանակին աջակցելու ուղղությամբ, ես պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ, նաև պաշտպանության նախարարին եմ ասել։ Ես գտնում եմ, որ վիրավորանքն ու սուտը հավասարաչափ նշանակություն ունեն, երբ մարդիկ դուրս են գալիս, այս ամբիոնից խոսում ու վիրավորում են անհատներին, ամենակարևորը՝ փորձում են դասեր տալ։ Պետք չէ դաս տալ այն ոլորտներում, որտեղ կան մասնագետներ։
Ասում եք՝ բանակ չենք ունեցել։ Հարգելի հայրենակիցներ, բանակը ստեղծվել է հայ ժողովրդի համաժողովրդական ուժերով։ Բանակը Արցախի հատվածում՝ որպես Պաշտպանության բանակ, ստեղծվել է բացառապես Արցախի ներուժի, հենքի հիման վրա՝ իր իսկ ինքնորոշման և անվտանգության պայմանները պաշտպանելու համար։ Բանակում կռվել են բացառապես ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիները։ Նախկինում իմ որոշ գործընկերներ ասում էին՝ դրսից են բոլորը կռվել, դրսից են կոորդինատները տրվել, որ դուք կարողացել եք Արցախյան պատերազմում հաղթանակ տանել։ Արցախյան պատերազմում, եթե մատների վրա հաշվենք, 5-6 հոգի են եղել դրսից, իրականում հայ ժողովուրդն է կռվել»,- ասաց նա։
Խոսելով բանակին հատկացվող ֆինանսավորման մասին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ բանակին մշտապես հատկացվել է բյուջեի 15 տոկոսը և ավելին, ՀՆԱ-ի՝ 4-5 տոկոսը։
«Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլաններ ենք մենք ունեցել։ Այո, մենք ունեցել ենք նաև հին տեխնիկա, նաև նոր տեխնիկա ենք ձեռք բերել, օրինակ, 220 մլն դրամի միջպետական վարկը, որը Ռուսաստանի Դաշնությունից ենք ստացել, երբ ես եղել եմ պաշտպանության նախարար։ Հիմա մենք կասենք՝ ինչո՞ւ հայկական բանակում եղել է նաև սպառազինություն և տեխնիկա հակառակորդից, հակառակորդից էլ ենք տեխնիկա ձեռք բերել։ Եվ երբ պահածոների տուփերի մասին եք խոսում, ուրեմն իմացեք հետևյալը՝ այսօրվա հակաահաբեկչական կամ ահաբեկչական միջազգային իրականության մեջ ավելի վտանգավոր են ինքնաշեն միջոցները։ Եվ այդ պահածոների տուփերը հավելյալ ազդանշան են եղել ազդարարման համակարգի համար։ Ինչո՞ւ չեք ասում, որ դրան զուգահեռ տեսադիտարկման սարքեր են եղել, լարային արգելափակոցներ»,- նշեց պաշտպանության նախկին նախարարը։
Սեյրան Օհանյանը դիմեց իշխանությանը․ «Ես ձեզ հարց եմ տալիս՝ իսկ դուք ի՞նչ եք արել բանակի հետ, բանակը ձեր ղեկավարման ժամանակ պարտություն է կրել, պետությունն է պարտություն կրել։ Մարտի դաշտում բանակին աջակցություն ցուցաբերելու համար ճիշտ ռազմաքաղաքական գնահատականներ պետք էր տալ և երկիրը մոբիլիզացնել՝ բանակին աջակցելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։