Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.11.2026 | 13:45Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա երկուշաբթի Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, իսկ ինքը հանդես կգա համապատասխան ուղերձով։ Վարչապետը կրկին դիմեց ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջարկելով ապահովել սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ ձայները։ Նա վերահաստատեց, որ հանրաքվեի արդյունքներից կախված՝ պատրաստ է հրաժարական տալ կամ չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու։
Փաշինյանն ասաց, որ ընդդիմությունից ակնկալում է վեց ձայն՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե նախաձեռնելու համար։ Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, ինքը պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։
«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունը ապահովի անհրաժեշտ վեց ձայնը… և մենք գնանք հանրաքվեի, նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի: Ասում եմ պաշտոնապես․ եթե ժողովուրդը դեմ կքվեարկի… ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում: Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում… ես չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու»,- հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև ընդդիմության՝ Հայաստանում բռնապետություն հաստատված լինելու վերաբերյալ մեղադրանքներին։ Նա հեգնանքով հարցրեց, թե որ բռնապետական իշխանությունը կարող է ընդդիմությանն առաջարկել ընտրություններից մի քանի ամիս անց հանրաքվե անցկացնել՝ սեփական ղեկավարի հրաժարականի հեռանկարով։
«Որտե՞ղ եք տեսել բռնապետությունը գա, ընդդիմությանը ընտրություններից մի քանի ամիս հետո առաջարկի գնալ հանրաքվեի՝ ըստ էության վարչապետի հրաժարականի գնով։ …Չեմ ասում, որ եթե բռնապետություն լիներ, ինչո՞ւ ենք ձեզ դիմում, թաթիկներիցդ կբռնեինք, քվեարկել կտայինք: Բռնապետություն որտե՞ղ եք տեսել»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը խոսեց նաև գործող Սահմանադրության և 1990 թվականի Անկախության հռչակագրի վերաբերյալ իր դիրքորոշման մասին։ Նա պնդեց, որ այդ փաստաթղթերը պարունակում են հակամարտության հետ կապված դրույթներ, և Հայաստանը պետք է վերանայի իր սահմանադրական մոտեցումները՝ որպես խաղաղության պետություն դիրքավորվելու համար։
«Ընդդիմությունը… գալիս, ապացուցում է էն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք, որ գործող Սահմանադրությունը և 1990 թվականի Անկախության հռչակագիրը, դրանք կոնֆլիկտի, հակամարտության մասին են: Եվ Հայաստանի Հանրապետությունը… շատ կարևոր է դիրքավորել ոչ թե որպես կոնֆլիկտի պետություն, այլ որպես խաղաղության պետություն»,- հայտարարեց նա։
Անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցության ծրագրային դրույթներին՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Միացյալ Հայաստան» գաղափարի և պատմական տարածքների վերադարձի վերաբերյալ կուսակցության նպատակների մասին։ Վարչապետի գնահատմամբ՝ նման մոտեցումները կարող են նպաստել տարածաշրջանում փոխադարձ տարածքային հավակնությունների պահպանմանը։
«Հայ Հեղափոխական Դաշնակցության ծրագրի մեջ… Միացյալ Հայաստանը և պատմական հողերի վերադարձը կամ ազատագրումը արձանագրված է որպես կուսակցության նպատակ… Երբ որ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին է երազում: Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան են երազում և Արևելյան Թուրքիա են երազում»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

