Ինչ է տեղի ունեցել Գայանե Հակոբյանի գործով նիստին և ինչու է այն դռնփակ քննվում
Հասարակություն
09.06.2023 | 15:19Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր միանձնյա որոշել է դռնփակ քննել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) վերաբերյալ դատական նիստը, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին տուժողի կարգավիճակ ունի։
Թեև նախորդ դատական նիստի ավարտին այն դռնբաց էր եղել՝ այսօր լրագրողների մուտքը դահլիճ արգելվեց։ Դատական կարգադրիչները հայտնեցին, որ նիստը դռնփակ է քննվում։ Դատավոր Մանվել Շահվերդյանի աշխատակազմից Factor.am-ի հետ զրույցում ասացին, որ կողմերից մեկը ներկայացրել է միջնորդություն, որը պետք է դռնփակ քննվի։ Պարզվեց՝ միջնորդություն ներկայացնողը եղել է Գայանե Հակոբյանը։
Վերջինս միջնորդել է արագացված դատաքննություն իրականացնել։ Սա, իրավական տեսանկյունից, նշանակում է, որ Հակոբյանը չի վիճարկում իրեն առաջադրված մեղադրանքը, ընդունում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգել է հոր՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությամբ պայմանավորված և մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում այս փաստական հանգամանքները չի կարող վիճարկել։
Քրեական դատաավարության օրենսգրքի համաձայն՝ դատարանը արագացված վարույթ կիրառում է հանրային մեղադրանքով նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալի միջնորդության հիման վրա, սակայն օրենքը նախատեսում է նաև արագացված վարույթ կիրառելու սահմանափակումներ։ Դրանցից մեկի համաձայն՝ արագացված վարույթ չի կարող կիրառվել, եթե մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու։
Տվյալ դեպքում, թեև Գայանե Հակոբյանն, ունի երեք պաշտպան՝ միջնորդությունը ներկայացրել էր՝ առանց պաշտպանների հետ խորհրդակցելու։
Գայանե Հակոբյանի պաշտպանները պնդում էին, որ նրան վերագրվող գործողությունները չեն կարող որակվել առևանգում, հետևաբար՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալի և պաշտպանների դիրքորոշումների միջև հակասություններ են եղել՝ պաշտպաններ Հովսեփ Սարգսյանը, Վարդուհի Էլբակյանն ու Գեորգի Մելիքյանը դադարեցրել են իրենց մասնակցությունը գործին։
Փաստացի, ստեղծվել է մի իրավիճակ, երբ արագացված դատաքննություն պահանջող մեղադրյալը դատարանի առջև կանգնել է առանց պաշտպանի, ուստի՝ դատարանը գրություն է ուղարկել Հանրային պաշտպանի գրասենյակ նրան պաշտպան տրամադրելու համար։
Նշենք, որ արագացված վարույթ կիրառելու արդյունքում մեղադրական դաստավճիռ կայացնելիս մեղադրյալի նկատմամբ նշանակվում է առավել մեղմ պատիժ։ Այն չի կարող գերազանցել մեղադրյալին վերագրվող հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի երեք քառորդը։
Իսկ ինչո՞ւ է դատավոր Մանվել Շահվերդյանը որոշել դռնփակ քննել արագացված վարույթ իրականացնելու միջնորդությունը։ Այս մասին որևէ ողջամիտ բացատրություն առկա չէ։
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածը սահմանում է դատական նիստի դռնբացությունը։ Ըստ այդմ՝
1. Դատական նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառում, իսկ դռնբաց դատական նիստին ներկա անձինք` նաև ձայնագրում: Դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը թույլատրում է դատարանը` մեղադրյալի համաձայնությամբ: Մեղադրյալի համաձայնության դեպքում դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե դա է պահանջում արդարադատության շահը:
2. Կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ հանրության ներկայացուցիչների և լրատվության միջոցների մասնակցությունը դատական նիստին կամ դրա մի մասին դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե հրապարակայնության սկզբունքի արդարացված սահմանափակումն անհրաժեշտ է ապահովելու համար՝
1) մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը.
2) անչափահասի լավագույն շահի պաշտպանությունը.
3) վարույթին ներգրավված անձի կամ նրա մերձավորի անվտանգությունը.
4) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պաշտպանությունը:
Նշենք, որ եթե դռնփակ դատական նիստ անցկացնելու հարցը պահանջում է քննարկում միայն կողմերի մասնակցությամբ, ապա հարցը քննարկվում է դռնփակ դատական նիստում, սակայն նիստի մեկնարկի պահի դրությամբ նիստը դռնփակ լինել չէր կարող, քանի որ նախորդ դռնբաց նիստից հետո դեռևս չէր սկսվել Գայանե Հակոբյանի միջնորդության քննությունը։
Տվյալ դեպքում, փաստորեն, դատարանը միանձնյա որոշել է, որ հանրային նման հնչեղություն ստացած գործով Գայանե Հակոբյանի նկատմամբ արագացված վարույթ կիրառելու հարցի քննությունը պարունակում է օրենքով պահպանվող որևէ գաղտնիք։
Հարկ է նշել նաև, որ դատարանը բոլոր դեպքերում հրապարակում է դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին որոշումը, ինչպես նաև դրա հիմքերը, ինչը չի արվել դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։
Արաքս Մամուլյան