Մյունխենից՝ Հայաստան․ սահմանների ամրապնդմանն ուղղված նախաձեռնություն Սփյուռքից
Քաղաքականություն
06.06.2023 | 19:46Գերմանահայ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանն ընկերների հետ սկսել է մի նախաձեռնությունը, որը նպատակ ունի նպաստելու ՀՀ սահմանների ամրապնդմանը և անվտանգությանը։ Բաբաջանյանը թեև Հայաստանում է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթին մասնակցելու համար, սակայն փորձում է իր ներդրումն ունենալ ոչ միայն արվեստում։ Երիտասարդ արվեստագետի և ընկերների նախաձեռնությունն ուղղված է «Գմբեթ-2» նախագծի իրագործմանը, որն իրենից ենթադրում է խրամուղիներով կրակակետ, որտեղ զինվորները պաշտպանված են թե՛ հրաձգային զենքից, թե՛ հրանոթներից, թե՛ ԱԹՍ-ներից։
«Գմբեթ-2» ծրագիրը ներկայացնող միջոցառումը տեղի է ունեցել Մյունխենում մայիսի 9-ին։ Մյունխենաբնակ հայերը քննարկել են Հայաստանի սահմանների անվտանգությունը, դրա բարելավման ուղղությամբ աշխատանքները և Սփյուռքի մասնակցության հարցը։ Բաբաջանյանի խոսքով՝ «Մեկ քաղաք, մեկ գմբեթ» խորագիրը կրող նախաձեռնությունում ամեն քաղաքից մեկ գմբեթ ֆինանսավորելու գաղափարն է դրված։
«Իմ նպատակն է, որ այն ակցիան, որը մենք Մյունխենում արեցինք, այսինքն, հավաքվեցինք ու հավաքեցինք երկու կրակակետերի գումարը, որ պետք է կառուցվի ՈՄԱ-ի կողմից, վարակիչ լինի և մյուս քաղաքներում էլ տարածվի։ Եթե մարդիկ սահմանն ամրացնում են, խրամատներ են փորում, ապա մենք էլ հեռվից ֆինանսական միջոցներով կարող ենք օգնել»,- ասաց Արսեն Բաբաջանյանը։
Ըստ Բաբաջանյանի՝ այս նախագծի շրջանակում հավաքել է 4700 եվրո, որը երկու գմբեթի կառուցման համար է։ Վերջերս են եկել Հայաստան, և Մյունխենի հայերի հանգանակած գումարն անձամբ հանձնել գմբեթների կառուցման աշխատանքներն սկսելու համար։
«Մենք միակը չենք, ովքեր գմբեթներ են ֆինանսավորում, կան մարդիկ, անհատներ անգամ, որ մի գմբեթ են ֆինանսավորում։ Ես պարզապես ցանկացա մի քիչ Սփյուռքի վրա սևեռվել, որովհետև իրականում կան ուսանողներ, կան բարվոք ապրողներ, որ դրանք այդքան էլ մեծ գումարներ չեն, որ չկարողանան հավաքել և ուղարկել»,- ասաց նա։
Բաբաջանյանի խոսքով՝ Սփյուռքում մտայնություն կա, թե այն գումարները, որոնք գալիս են Հայաստան հաճախ արդյունավետ չեն օգտագործվում, քանի որ, ըստ նրա, շատ նախաձեռնությունների արդյունքները պարզապես տեսանելի չեն։
Արսեն Բաբաջանյանի խոսքով՝ փորձելու են իրենց նոր նախաձեռնության աշխարհագրությունն ընդլայնել, որպեսզի հնարավորինս արագ կահավորվեն սահմանները և զինվորներն ավելի պաշտպանված լինեն թիկունքում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում շուրջ 4900 գմբեթի կարիք կա։
Անի Թամրազյան