Պատերազմից 3 տարի անց դեռ 90 նույնականացված, բայց չհուղարկավորված մասունք կա. ծնողները չեն վստահում ԴՆԹ արդյունքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

44-օրյա պատերազմից մոտ երեք տարի անց Քննչական կոմիտեում պատերազմին առնչվող քրեական գործի շրջանակում ԴՆԹ նույնականացված և չհուղարկավորված 90 մարմին ու մասունք կա․ Factor.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնում են Քննչական կոմիտեից։

Ծնողները, սակայն, հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները։ Պատճառներից հիմնականն այն է, որ ծնողները չեն վստահում պատկան մարմինների աշխատանքին՝ համարելով, որ ԴՆԹ նույնականացմամբ ստացված տվյալները հեռու են իրականությունից։

Factor.am-ը փորձեց զրուցել ԴՆԹ փորձաքննության արդյունքները չընդունող ծնողներից մի քանիսի հետ՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ դրանց չեն հավատում։ Հարցազրույցի մեր բոլոր փորձերն ապարդյունք եղան․ ծնողները հրաժարվեցին հրապարակային խոսել իրենց հուզող հարցերից։

Փոխարենը փակ քննարկումներում նրանք մանրամասն ներկայացնում են այն խնդիրները, որոնք պատկան մարմիններին չվստահելու պատճառ են դարձել։ Այդ մասին բարձրաձայնում է անհետ կորածների հարազատների հետ պարբերաբար հանդիպումներ ունեցող Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Մենք գործ ունենք այնպիսի իրողությունների հետ, որ մարդկանց, ըստ էության, պատկան մարմիները տվել են, օրինակ, երեք ձեռք, ասել են, որ երեք ձեռք է, ու ձեր որդին է, տարեք հուղարկավորեք։ Դրա համար մարդիկ հրաժարվում են հուղարկավորել երեք ձեռքը։ Մի ծնողի դեպքում 1.82 մետր հասակով՝ բարձրահասակ տղա ունի, 43 համարի կոշիկ է հագնում, բայց, ըստ էության, իրեն տվել են շատ ավելի փոքր՝ 1.60 մետր հասակով ԴՆԹ նույնականացման տվյալներ և ասում են, որ պետք է հարմարվեք այդ իրավիճակին, ձեր երեխան է, և նա հագել է շատ ավելի փոքր չափսի կոշիկ, քան իր որդու ոտքի չափսն է եղել։ Այսինքն՝ տեղի են ունենում իրադարձություններ նույնականացման դաշտում, որ ուղղակի սյուրռեալիզմի դրսևորում են»,- ասում է Թագուհի Թովմասյանը։

Ծնողների` ԴՆԹ փորձաքննության արդյունքներին չվստահելու պատճառներից մեկն էլ այն է, որ զինծառայողի ֆիզիկական տվյալների և պետության կողմից նույնականացված մարմնի միջև ակնհայտ տարբերություն է գրանցվել։ Բացի այդ, եղել են դեպքեր, երբ ծնողներն իրենց ուսումանասիրություններով պարզել են, որ իրենց որդին գերեվարված է, բայց անունը գերեվարվածների ցուցակում ներառված չէ։

«Ծնողներ կան, որոնք վստահ են տարբեր կադրերով, իրենք ահռելի աշխատանք են կատարել հետաքննական, և կարելի է ասել՝ քննչականից ավելի շատ փաստեր են հավաքել իրենց որդիների գտնվելու վայրերի և, ընդհանրապես, զոհվելու հանգամանքների, կամ ոչ զոհվելու, գերի ընկնելու հանգամանքների մասին, և այդ տվյալները, երբ այսպես նույնացնում են և ամփոփում, ստացվում է, որ նրանք առնվազն չհաստատված գերիների ցանկում պիտի լինեն, բայց, փաստորեն, որևէ կերպ այդ գերիները չեն հաստատվում»,- նշում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը։

Պաշտոնական Երևանը բարձրաձայնում է Բաքվում գտնվող 33 գերու մասին, մինչդեռ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Սիրանույշ Սահակյանի պնդմամբ՝ ադրբեջանական գերության մեջ 80 անձ կա։

«Իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են ընդամենը 33 գերեվարված քաղաքացիների կամ զինծառայողների մասին, այն դեպքում, երբ իրականում շատ ավելին են գերիները։ Ծնողների պնդմամբ, և իրենք ունեն փաստեր, թե ինչպես են իրենց որդիները գերեվարվել»,- հավելում է Սահակյանը։

Այն, որ ԴՆԹ փորձաքննության արդյունքները, մեղմ ասած, կասկածի տակ են դրվում ծնողների կողմից, նաև այլ պատճառներ ունեն։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պատմում է՝ եղել են դեպքեր, երբ ԴՆԹ նույնականացման արդյունքներով երեք անգամ մի պատասխան է ստացվել, չորրորդ անգամ՝ բոլորովին այլ։

«Ասենք, ծնողը ո՞նց պետք է հավատա այդ արդյունքին, եթե երեք անգամը մերժում է եղել էլի, չորրորդ անգամը, այսինքն` ես չգիտեմ ոնց։ Շատ ծնողներ նաև արտասահման են ուղարկում։ Դեպքեր գիտեմ, մի քանի ծնողների գիտեմ, որոնք արտասահման են ուղարկել և նույնականացրել են, և իրենք վստահություն են ձեռք բերել, որ դա իրենց զավակն է։ Իսկ այն վերաբերմունքը և այն աշխատանքը, որ այստեղ է տարվում, չի կարող ծնողների մոտ այդպես վստահություն առաջացնել»,- ասում է Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը հիշեցնում է, թե պատերազմից մոտ մեկ տարի անց ինչպես էին Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով պահվում զինվորների մարմինները։ Այդ միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործն էլ մոտ յոթ ամսվա քննությունից հետո կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

«Այդ փորձագիտական կենտրոնում այդ մասունքները պարկերի մեջ շպրտված էին, ասենք՝ միջանցքներում, տարբեր տեղերում, ծնողն ինչպե՞ս վստահի այդ փորձագիտական կենտրոնին։ Եվ գիտեք՝ ի՞նչն է, այդ մեծ աղմուկից հետո, երբ այդ պարկերն այդպես տարածվեց, այդ վիճակից հետո մենք հիմա էլ ենք տեսնում անտարբերություն այդ մասունքների, այդ ծնողների, այդ ընտանիքների նկատմամբ»,- նկատում է իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանը խնդրահարույց է համարում նաև այն, որ չնայած ծնողների պահանջին՝ նրանց չեն տրամադրվում ԴՆԹ փորձաքննության հաստատված դեպքերի փաստաթղթերը։

«Մի ծնող կար՝ մեզ մոտ գալիս էր Վայքից, ինքը շատ էր ուզում այդ փաստաթուղթն ունենալ, չգիտեմ՝ հիմա տալիս են, թ՝ե չէ։ Նա մասունքը տարել էր, արտերկրում ևս մեկ անգամ վերահաստատվել էր, չնայած այստեղ էլ էր հաստատվել, բայց էլի ինքն ասում էր՝ ինչի՞ չեն տալիս, դրանից հետո էլի ուզում էր այդ փորձագիտական եզրակացությունը, այդ փաստաթուղթը, որովհետև ասում էր՝ կարող է՝ հետո հրաժարվեն, որ իմ տղան է»,- հավելում է իրավապաշտպանը։

Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ամիսներ առաջ հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն վերցրել, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս Factor.am-ի հետ զրույցում չի բացառում հարցի նման լուծումը։

«Հարցը քննարկման մշտական առարկա է միջգերատեսչական մեր հանձնաժողովում, և այո՛, ինչ֊որ մի պահի հնարավոր է, որ պետությունն իր վրա վերցնի նաև աճյունների անհատական հուղարկավորման հարցը, որովհետև մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ժամկետի առումով հնարավոր չի դրանք պահպանել սառնարանային պայմաններում և, ի վերջո, պետք է հողին հանձնվեն աճյունները»,- ասում է Ավանեսյանը։

Factor.am-ը Քննչական կոմիտեից խնդրել էր հայտնել, թե պատերազմի զոհերի քանի՞ չնույնականացված մասունք կա, նաև քանի՞ մասունք կա, որոնց նույնականացումն անհնար է։ Կառույցից, սակայն, այդ տվյալները չեն հայտնել՝ պատճառաբանելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Էվինյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: