Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի
Քաղաքականություն
26.05.2023 | 19:15Մենք դրական ենք գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Այս մասին Անթալիայում ունեցած ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք դա դրական ենք գնահատում։ Ադրբեջանն առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր։ Կողմերն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եթե այսպես շարունակվի, ապա շուտով կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել»,- ասել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ եթե «Հայաստանը դրական արձագանքի», ապա պայմանագիրը կարող է կնքվել։
Բացի այդ, ըստ նրա, Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի այդ համատեքստում։
Էմմա Չոբանյան