Կոկաին դարձած բանանը․ 4 տարի հետախուզվող Միհրան Պողոսյանը պնդում է՝ ինքն է ահազանգել ԱԱԾ տնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 10:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ օրերս ԱԱԾ-ն հայտնեց բանանի արկղերով Հայաստան ներմուծված և առգրավված 1 տոննա կոկաինի մասին, գլխավոր հարցը, որ հանրության մոտ առաջացավ, այն էր, թե ով է կանգնած այս ամենի ետևում։ Երեկ ծառայությունը հայտնեց առաջին ձերբակալվածի մասին, նաև նշեց՝ կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող «Մրգենի» ընկերությունն է։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հուլիսին․ 2019 թվականի մարտից մինչև նույն տարվա հոկտեմբեր «Մրգենի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմասով սեփականատեր է եղել Հակոբ Հակոբյանը։ Նրանից հետո 2019-ի հոկտեմբերից ընկերության սեփականատերը եղել է Հարություն Մելքոնյանը՝ դարձյալ 100 տոկոս բաժնեմասով։ Իսկ 2020-ի օգոստոսից մինչև օրս «Մրգենի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Լևոն Աթաջանյանին։

Չնայած դրան՝ շուրջ 4 տարի գործող ընկերության գործունեությունը մշտապես կապվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանի անվան հետ։ ՍՊԸ-ի գրանցման հասցեն 2019-2020 թվականներին եղել է Երևանի Ռուբինյանց փողոցում՝ այն նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Միհրան Պողոսյանի հետ կապվող «Քեթրին Գրուպ» ընկերությունը, որը ժամանակին Հայաստան բանանի ներմուծման մենաշնորհ ուներ։ Այս մասին խոսեց նաև վարչապետը երեկ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ն ձերբակալվել է նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու կասկածանքով։ Ավելի քան 4 տարի հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանն այսօր առավոտյան հայտարարություն է տարածել՝ պնդելով թե հենց ինքն է ահազանգել ԱԱԾ-ին։

«Մայիսի 13-ին, տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո, կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ։ Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ, ակնկալվող բանանի փոխարեն, հայտնաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ։ ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին»,- հայտարարության մեջ նշում է Պողոսյանը։

Նա վրդովմունք է հայտնում, որ իր ձևակերպմամբ՝ «խախտելով գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը՝ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ահազանգել են դեպքի մասին»։

«Բոլորին հասկանալի է, որ մարդիկ, ովքեր ցուցաբերելով իրական քաղաքացիական գիտակցություն, պատկան մարմիններին տեղեկացրել են 1 տոննա կոկաինի առկայության և գտնվելու վայրի մասին, կարող են ունենալ անձնական անվտանգության խնդիրներ»,- գրում է նա։

Այստեղ, սակայն, այլ հարցեր են առաջանում, ինչպե՞ս է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյան կարողացել ՀՀ-ում հեռահար կարգով բիզնես գործունեություն ծավալել, ինչպե՞ս է անձամբ կապ հաստատել ԱԱԾ տնօրենի հետ և շարունակել թաքնվել իրավապահներից։

ՀՀԿ ամենակարկառուն դեմքերից մեկի անունը մամուլի առաջին էջերից չէր իջնում դեռ նախքան 2018-ի հեղափոխությունը։ ԴԱՀԿԾ նախկին պետի հետ կապված ամենահնչեղ սկանդալը «Հետք»-ի հետաքննության արդյունքում էր բացահայտվել։ Պարբերականի տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես էր վարում, իսկ պաշտոնն օգտագործում այդ բիզնեսի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։ Ինքը՝ Պողոսյանը, այս մասին հրապարակումները շոու էր որակում։

Պողոսյանի բնորոշմամբ՝ «շոուն» տևեց 8 ամիս․ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով հարուցված քրեական գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ԴԱՀԿ ծառայության նախկին պետը երկու ամիս անց ընտրվեց պատգամավոր։

«Նախկինների» ունեցվածքը պետականացնելու խոստումներով իշխանության եկած Փաշինյանի «ձեռքը» ԴԱՀԿ ծառայության նախկին պետին հասավ հեղափոխությունից մեկ տարի անց միայն։ 2019 թվականի հունվարին վերաբացվեց օֆշորների մասով կարճված գործը։

Չորս ամիս անց Պողոսյանին նոր մեղադրանք առաջադրվեց, ըստ որի՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել՝ 44 միլիոն դրամից ավել գումար, չարաշահել պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, սակայն նախկին պատգամավորն արդեն Հայաստանում չէր․ հայտարարվեց հետախուզում։

Օրեր անց ՀՔԾ-ն հայտարարեց, որ ՌԴ Կարելիայի Հանրապետությունում Պողոսյանը ձերբակալվել է ռուս իրավապահների կողմից և Հայաստանին նրա արտահանձնման գործընթացն արդեն ընթացքի մեջ է: Ընթացքը, սակայն, մի քանի ամիս ձգձգվեց, իսկ օգոստոսին Գլխավոր դատախազությունը հայտարարեց՝ Ռուսաստանը հնարավոր չի համարում նախկին պատգամավորին Հայաստան արտահանձնելը՝ նրան քրեական հետապնդման ենթարկելու համար, այդպես էլ չմանրամասնելով, թե Հայաստանի իրավապահներին հանձնելն ինչպես կարող է վնասել ինքնիշխանությունը, անվտանգությունը կամ էլ խախտել իր օրենսդրությունը։ Դրանից հետո Միհրան Պողոսյանը 4 տարի անցավ ընդհատակ և միայն 1 տոննա կոկաինի հետ իր անվան փոխկապակցումը ստիպեց նախկին պատգամավորին կրկին ջրի երես դուրս գալ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նկատում է՝ սա նմանատիպ առաջին դեպքը չէ։ Եթե չի իրականացվում լուստրացիա և վեթինգ, ապա Միհրան Պողոսյանը կամ հետախուզման մեջ գտնվող բարձրաստիճան մյուս պաշտոնյաններն անգամ Փաշինյանի հետ կարող են կապ հաստատել առանց վախի՝ նկատում է Կարապետյանցը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյան, և այլք․ ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող այս բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես Միհրան Պողոսյանը, ըստ տարբեր տեղեկությունների՝ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, սակայն Մոսկվան մտադիր չէ նրանց արտահանձնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան