ՌԴ 2 քաղաքացի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանից պահանջում է 450 000 դոլար պարտք վերադարձնել․ փոխնախարարը հերքում է, որ գումար է վերցրել
Հասարակություն
16.05.2023 | 21:30Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանից ՌԴ երկու քաղաքացի պահանջում է վերադարձնել շուրջ 450 հզ դոլար գումար։ Factor.am-ին հայտնի է դարձել, որ առկա են փաստաթղթեր, որոնց բովանդակության համաձայն՝ Նարեկ Տերյանը 2020 թվականին Ռուսաստանի դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լոբանովից պարտքով վերցրել է 287 300 ԱՄՆ դոլար գումար, իսկ վերջինիս քրոջից՝ Իննա Լոբանովայից՝ 150 000 ԱՄՆ դոլար՝ երկուսն էլ ամսական 3 % տոկոսադրույքով, և պարտավորվել մինչև 2020 թվականի հուլիսի վերջ վերադարձնել վերը նշված գումարները։
Այժմ այս անձինք պնդում են, որ Տերյանն իրենց գումարը չի վերադարձրել, և Մոսկվայում ներկայացված քաղաքացիական հայցով պահանջում են այն վերադարձնել։
Տերյանը 2021 թվականի ապրիլի 16-ին նշանակվել է Էկոնոմիկայի փոխնարարար։ Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր ներկայացնելիս փոխնախարարը պարտավոր է հայտարարագրում նշում կատարել իր ունեցած փոխառությունների վերաբերյալ, սակայն պաշտոնը ստանձնելու հայտարարագրում բացակայում է փոխառությունների վերաբերյալ որևէ տեղեկություն։
Կապ հաստատեցինք Նարեկ Տերյանի հետ՝ փորձելով պարզել վերը նշվածի հետ կապված հանգամանքները։
Մեր հարցին՝ փոխնախարարարը ՌԴ երկու քաղաքացուց փոխառությամբ գումար վերցրե՞լ է, Տերյանը պատասխանեց, որ չի վերցրել, ապա խնդրեց գրավոր հարցում ուղարկել։ Նշեցինք, որ հարցերը վերաբերում են կոնկրետ Նարեկ Տերյանին, ով կա՛մ պետք է հաստատի, կա՛մ հերքի մեր տեղեկությունը, ապա մանրամասնելով՝ հայտնեցինք, որ խոսքը 150 և 287 հզ ԱՄՆ դոլար գումարի մասին է։
Մեր հարցին՝ այսինքն՝ դուք հերքո՞ւմ եք, որ առհասարակ նման գումար վերցրել եք, Տերյանը պատասխանեց՝ այո, նման բան չի եղել։
Մեր դիտարկմանը, որ մեզ գումար ստանալը և այն վերադարձնելու պարտավորություն ստանձնելը հավաստող տվյալներ են հասանելի դարձել, ինչո՞ւ է փոխնախարարը գումարը վերադարձնելու պարտավորագիր ստորագրել, եթե գումար չի վերցրել, Տերյանը պատասխանեց, որ այժմ դատական գործ է ընթանում։
«Հիմա իմ կողմից հարուցվում է քրեական գործ, քանի որ мошенничество է եղել», – ասաց Նարեկ Տերյանը։ Հարցին, թե որտե՞ղ է դատական գործ ընթանում, Տերյանը պատասխանեց՝ Ռուսաստանում։
Մեր հստակեցնող հարցին՝ այսինքն՝ Ռուսաստանում այս առնչությամբ քրեական գո՞րծ է այժմ քննվում, Տերյանը պատասխանեց՝ «հիմա չի քննվում, բայց պատրաստվում է», ապա խոստացավ ավելի ուշ կապ հաստատել մեզ հետ և մանրամասներ հայտնել։
Մեկ օր անց մեր երկրորդ զրույցի ընթացքում արդեն Տերյանն ասաց, որ ինքը դիմել է ՌԴ իրավապահներին՝ խարդախության և շորթման հոդվածներով քրեական գործ հարուցելու պահանջով։ Փոխնախարարը չհստակեցրեց, թե կոնկրետ երբ է դիմել։
Ըստ Տերյանի՝ իր դեմ ներկայացված հայցի շրջանակներում դատարան կեղծ փաստաթղթեր են ներկայացվել։
«Փաստաթղթերը կեղծ են, դրանցում իմ ստորագրությունը չէ և ոչ էլ իմ ձեռագիրը։ Ես այդ գործարքը չեմ արել, և այդ մարդկանց հետ այդպիսի հարաբերությունների մեջ չեմ եղել։ Մի մարդու հետ ես ընդհանրապես ծանոթ չեմ, միայն գիտեմ, որ Ալեքսանդրի քույրն է։ Եվ քանի որ ես կարծում եմ, որ նրանք ինձնից գումարի շորթում են ցանկանում անել, դիմել եմ իրավապահ մարմիններին՝ շորթման և խարդախության հոդվածներով քրեական գործ հարուցելու խնդրանքով»,- ասաց Տերյանը։
Վերջինիս խոսքով՝ իր դեմ ներկայացված քաղաքացիական գործով մի քանի դատական լսում է եղել, իր փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ դատական գործում առկա փաստաթղթերը փորձաքննության ենթարկելու վերաբերյալ, որով ցանկանում է հիմնավորել իր այն պնդումը, որ փաստաթղթերում իր ձեռագիրը և ստորագրությունը չէ։
Ըստ Տերյանի՝ դատարանը միջնորդությունը բավարարել է, բայց այս պահին դեռևս փորձաքննությունը չի իրականացվել։
Հայտարարագրում վերը նշված ֆինանսական հարցերի վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը Նարեկ Տերյանը հիմնավորեց այն հանգամանքով, որ ինքը չի ընդունում, որ գումար է պարտք։
«Ամեն մեկը կարող է գնալ, պաշտոնյայից գումար ուզել։ Քանի որ ես թուղթը չեմ գրել, ինչո՞ւ պետք է հայտարարագրեի»,- ասաց Նարեկ Տերյանը։
Ըստ փոխնախարարի՝ իր դեմ հայց ներկայացրած Ալեքսանդրի հետ եղել են բիզնես գործընկերներ, բայց այդ բիզնեսն այժմ չկա, թե ինչ բիզնես գործունեւության մասին է խոսքը, Տերյանը չցանկացավ պարզաբանել։ Փոխնախարարը նաև նշեց, որ ինքն առաջին անգամ պարտավորագրերի մասին իմացել է այն ժամանակ, երբ արդեն հայցվորներն իր դեմ դատական հայցով դիմել են դատարան, սակայն մինչ այդ Ալեքսանդր հետ նշված գումարի շուրջ խոսակցություն ունեցել է։
«Ես ասել եմ, որ աբդուրդ է, ես եմ իրեն ասել՝գնա դատարան, ինչ ուզում ես, արա»,- ասաց Տերյանը։
Փոխնախարարը վերը նշված գումարային խնդրի մասին Կառավարությանը տեղյակ չի պահել․ ասում է, որ ինքը որևէ բանում չի մեղադրվում, որ տեղյակ պահի, ասում է նաև, որ դա իր անձնական կյանքն է և չի առնչվում իր աշխատանքին։
Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարության կայքում առկա տվյալների համաձայն՝
Նարեկ Տերյանը 2006-2010 թթ․- ին եղել է «ՎՏԲ Գրուպ», նախագծերի ղեկավար
2010-2011 թթ․- «Ալֆա բանկ», Վաճառքի ցանցի զարգացման բաժնի ղեկավար
2011-2012 թթ․- «Պրոմսվյազբանկ» (Промсвязьбанк), Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար
2012-2015 թթ․- «Ռուսական կապիտալ» բանկ, Վաճառքի բաժնի ղեկավար
2017-2018 թթ․- Մոսկվայի շրջանի կառավարություն, խորհրդական
2018-2021 թթ․- «Դիալոգ» խորհրդատվական ընկերություն, կառավարող գործընկեր:
Արաքս Մամուլյան