Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը
Քաղաքականություն
08.05.2023 | 20:23Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։
ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։