Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել․ Արայիկ Հարությունյան
Քաղաքականություն
04.05.2023 | 13:37Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արձանագրում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արցախի նախագահը շեշտում է՝ ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։
Հարցազրույցում Արցախի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարություններին և Արցախի ժողովրդին ուղղված սպառնալիքներին, ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե Լաչինի միջանցքը բացառապես հումանիտար բեռների տեղափոխման համար է։
-Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Նախևառաջ, կարևոր է հստակեցնել, որ Արցախ-Հայաստան ճանապարհին արդեն ադրբեջանական երկու ապօրինի անցակետ է գործում, մեկը՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ից, իսկ մյուսը՝ Շուշիի մոտ, որտեղ ապրիլի 28-ին ադրբեջանցի ոստիկանները փոխարինել են դեկտեմբերի 12-ից ճանապարհը արգելափակած Ադրբեջանի կառավարության՝ քաղաքացիական հագուստով գործակալներին կամ «էկո-ահաբեկիչներին»: Ուստի, անկախ այն հանգամանքից, որ Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետում ադրբեջանական կողմը իբր «սահմանային վերահսկողություն» է ձևացնում, Արցախի շրջափակումը ոչ միայն շարունակվում է, այլև՝ ժամանակի ընթացքում անվտանգային ռիսկերն ու հումանիտար հիմնախնդիրները ավելի են սրվում Ադրբեջանի ագրեսիվ վարքի պատճառով:
-Իմ գնահատականն արտացոլված է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ապրիլի 23-ի հայտարարության մեջ, որով բացարձակ անընդունելի ենք համարել ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող և միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի արգելափակումը և այնտեղ անցակետի տեղադրումը։ Այդ քայլով Ադրբեջանն Արցախի ժողովրդին վերջնականապես դարձրել է պատանդ իր ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հետագա գործողությունը դրել լուրջ վտանգի տակ։ Դիմել ենք նաև Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակումը վերացնելու, ադրբեջանական անցակետը հանելու և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու պահանջներով։ Դեռևս ակնկալում ենք գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ:
Անընդունելի ու ցավալի է, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է Եռակողմ հայտարարության դրույթները, այլև չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումները: Ուստի, մեր հիմնավոր ակնկալիքն է միջազգային հանրության բոլոր պատասխանատու դերակատարներից՝ պատշաճ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա նշված պարտավորությունների անհապաղ ու ամբողջական կատարման նպատակով:
-Ադրբեջանական հեռուստատեսությանն օրերս տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հերթական անգամ վերջնագիր է ներկայացրել արցախահայությանը, ասելով՝ «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն»։ Վերջնագրային լեզվով տևական ժամանակ խոսելն ինքնին մի կողմից խոսուն կերպով վկայում է այդ երկրի ղեկավարության դավանած ոչ քաղաքակիրթ արժեհամակարգի մասին, բայց, որ ուշագրավ է, մյուս կողմից էլ մերկացնում է հարևան երկրի ղեկավարի հռետորաբանության մեջ լուրջ հակասությունը։ Խոսքն այն մասին է, որ 44-օրյա պատերազմից հետո Ալիևն անդադար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է։ Միգուցե նրա ագրեսիվությունն ու վերջնագրային ոճը պատճառաբանված են ա՞յն բանով, որ իրենից բացի աշխարհում ոչ ոք նման պնդում չի անում, և որ հիմնախնդիրն ամենևին էլ լուծված չէ։ Այլապես, եթե լուծված է, ինչու՞ է այդքան նյարդայնանում։
-Նախ՝ ինչ վերաբերում է ընդհանրապես ինտեգրմանը, ապա շատ ավելի պահանջված ու ցանկալի է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհին, քաղաքական մշակույթին, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեհամակարգին։ Կարծում եմ, դրանով իսկ շատ հարցեր կլուծվեին հարևան պետությունների հետ Ադրբեջանի հարաբերություններում։
Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-արցախյան հակամարտությանը, ապա, իրոք, Ադրբեջանի նախագահն արդեն երրորդ տարին շարունակ փորձում է աշխարհին համոզել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, և որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս գոյություն չունի։ Սակայն, այո, խնդիրն այն է, որ այս ամենի շուրջ նա չունի լայն միջազգային հանրության համաձայնություն։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել։
Երբեմն կարևոր է հակամարտության պատմության մեջ փնտրել հարցերի պատասխանները: ԽՍՀՄ Սահմանադրության չեղարկման հետևանքով խորհրդային հանրապետությունների ձևավորման և տարածքային բաժանման իրավական հիմքերը վերացել են: Պետությունները հռչակվում էին այդ տարածքներում ապրող առանձին տիտղոսակիր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Գործնականում նախկին Հայկական ԽՍՀ-ն, ԼՂԻՄ-ը և Ադրբեջանական ԽՍՀ-ն միաժամանակ հռչակեցին իրենց անկախությունը՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան։ Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության ձևավորմանը։ Սակայն, նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետությունն անհիմն հավակնություներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունն ի սկզբանե արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը։ Այստեղ գոյություն ունի անչափ կարևոր մի հանգամանք։ 1992 թվականի հունվարի 30-ին Ադրբեջանը, ճանաչված լինելով ընդամենը մի քանի պետությունների կողմից, Հայաստանի հետ նույն օրն անդամագրվեց ԵԱՀԽ-ին։ Այդ պետությունների ինքնիշխանությունը ԵԱՀԽ-ի կողմից ճանաչվել էր այն պայմանով, որ նրանք իրենց հերթին ճանաչում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովի ժամանակ։ Երկու պետություններն էլ տվել են նման համաձայնություն, դրանով իսկ ընդունելով Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակը և ստանձնելով հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն։
Սակայն, ԵԱՀԽ-ին անդամակցելուց հետո Ադրբեջանն անմիջապես խախտեց իր միջազգային պարտավորությունը։ ԼՂՀ ադրբեջանաբնակ բնակավայրերը վերածելով ռազմական հենակետերի՝ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ օգտվեց ինքնապաշտպանության իր իրավունքից։ Ադրբեջանի ագրեսիան պսակվեց պարտությամբ իր իսկ համար։ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ-ն) դե-ֆակտո կայացել է 1992-94 թվականներին Ղարաբաղյան առաջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի արդյունքում։ Միջազգայնորեն ճանաչվել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը։ Միջազգային բանակցություններում ցայսօր չկա ոչ մի պայմանավորվածություն ինչպես ԼՂՀ կարգավիճակի, այնպես էլ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման գծի շուրջ։ Կարգավիճակի շուրջ որևէ համաձայնություն չկա նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է ունենալ հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ, բայց ոչ երբեք Ադրբեջանի մաս։
Ավելին, պետք է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից 1991 թ. օգոստոսին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և նույն տարվա հոկտեմբերին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը: Իսկ նախախորհրդային այդ ժամանակաշրջանում նույնպես Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն համարվում էր որպես վիճելի տարածք՝ պաշտոնապես ընդունված Ազգերի Լիգայի կողմից: Ուշագրավ է նաև, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը շատ ավելի լայն սահմաններ ուներ, և ԽՍՀՄ կազմում գոյության առաջին տարիներին նույնիսկ ընդհանուր սահման է ունեցել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ: Այս փաստերից շատ կարևոր հարց է ծագում, թե արդյ՞ոք Ադրբեջանի անկախության հռչակված հիմնարար փաստաթղթերով չի ընդունվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու տարածքների վիճելիության փաստը:
-Հերթական անգամ խախտելով ռազմական ուժ չկիրառելու մասին իր միջազգային պարտավորությունները՝ Ադրբեջանը 2020 թվականին վերսկսել է Արցախի Հանրապետության դեմ իր նախահարձակ գործողությունները, բայց, այնուամենայնիվ, համաձայնվել է մի շարք պայմաններով ստորագրել զինադադարի մասին Եռակողմ հայտարարությունը։ Մասնավորապես, որքան էլ մեզ համար ցավալի ու անընդունելի լիներ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետության որոշ տարածքներ իրեն հանձնելու դիմաց, ըստ էության, Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնել երաշխավորելու Արցախի և Հայաստանի միջև ցամաքային անվտանգ միջանցքը, ինչպես նաև պարտավորվել է իր զորքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ դրանք գտնվում էին հրադադարի հաստատման պահին։ Ադրբեջանն անմիջապես սկսեց անտեսել ոչ միայն ստանձնած պարտավորությունները, այլև այն, թե ինչ հանգամանքներում է դրանք ստանձնել, փորձելով ամեն ինչ տեղավորել իր կողմից իբր բարի կամքի դրսևորման շրջանակներում։ Մինչդեռ եղել են կոնկրետ պայմանավորվածություններ, այնպե՞ս չէ։
-Իհարկե։ Ադրբեջանը շատ շուտ մոռացավ, որ պարտավորություն է ստանձնել երաշխավորելու միջազգայնորեն ճանաչված Լաչինի միջանցքով քաղաքացիների, փոխադրամիջոցների և բեռների երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։ Ադրբեջանը նաև փորձում է անտեսել այն փաստը, որ պատասխանատվություն է ստանձնել Արցախում զորքերի շփման գծի պահպանման համար։ Մեզ համար կարևոր այլ պայմանավորվածություններ նույնպես չեն կատարվել, այդ թվում՝ ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց ազատումը, բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձն իրենց հայրենի տներ:
Ադրբեջանն այդ պարտավորությունները ստանձնել է, այո, ի հատուցումն պատերազմի դադարեցման, իր հազարավոր զինվորների կյանքերի փրկման ու այն տարածքների, որոնք իրեն են անցել առանց որևէ կրակոցի։
Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել այդ փաստաթղթով։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Միջազգային մակարդակով այդ կարգավիճակը դեռ որոշված չէ։
-Թե՛ հակամարտության սկզբում, թե՛ ռազմական սրացումների ընթացքում, թե՛ բանակցային գործընթացի ժամանակ և թե՛ հետպատերազմական ժամանակաշրջաններում Ադրբեջանը շարունակաբար խեղաթյուրել է ոչ միայն հիմնախնդրի բուն էությունը, այլև հիմնախնդրի կարգավորմանն առնչվող փաստաթղթային հենքը։ Ամենաթարմ օրինակը՝ ադրբեջանական կողմն անընդհատ շարունակում է ջանքեր գործադրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համատեքստից դուրս բերելու «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ» խոսքերը, եւ այդ նախադասությունը ներկայացնելու որպես Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից հայկական զինված ուժերի (ներառյալ՝ Արցախի Պաշտպանության բանակի) դուրսբերման պահանջ։
-Ադրբեջանն իր ապօրինի պահանջներով ու նախահարձակ գործողություններով փորձում է փլուզել ԱՀ-ի ու նրա ժողովրդի անվտանգության առկա փխրուն համակարգը։ Այդ նպատակին են միտված Արցախի Պաշտպանության բանակը զինաթափելու պահանջները, ինչպես նաև նրա նյութատեխնիկական ապահովումը խոչընդոտելու մտացածին պատճառները։ Պարզ է, որ Ադրբեջանի իրական նպատակները միանգամայն այլ են՝ զրկել Արցախի ժողովրդին անվտանգության բոլոր երաշխիքներից ու ստիպել մարդկանց լքելու իրենց հայրենի հողը՝ դրանով իսկ պաշտոնական Բաքվին հնարավորություն տալով առանց պատերազմի զավթել Արցախը։
Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 4-րդ կետը հերքում է փաստաթղթի ադրբեջանական մեկնաբանությունը։ Այդ պարբերությունը հստակ սահմանում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, հետեւաբար նաև՝ հայկական զորքերի դուրսբերման աշխարհագրությունը։ Կողմերի շփման գիծը եւ Լաչինի միջանցքը նշված են որպես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքներ։
Այսինքն՝ 4-րդ կետը պայմանավորվածություն է մեր զինված ուժերի դուրսբերման մասին ոչ թե ամբողջ Լեռնային Ղարաբաղից, ինչպես դա փորձում է ներկայացնել Բաքուն, այլ՝ այն վայրերից, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Քանի որ խաղաղապահները տեղակայված չեն շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև չունեն միջազգային մանդատ և իրենց գործառույթների իրականացման համար ուժ կիրառելու լիազորություն կամ կարողություն, այդ պատճառով Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իրավունք ունեն եւ պարտավոր են մարտական հերթապահություն իրականացնել շփման գծում։
Հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի Հանրապետության ապառազմականացման եւ հանրապետությունից սեփական զինված ուժերի դուրսբերման մասին։ Մինչդեռ, բացի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումից, հենց Ադրբեջանն է շարունակել ագրեսիվ գործողությունները՝ սկսելով գրավված և հանձնված տարածքների անզուսպ ռազմականացումը՝ պայմաններ ստեղծելով Արցախի ու Հայաստանի դեմ հետագա նախահարձակ գործողությունների համար։ Ի դեպ, արժեքավոր է հիշել, որ հակամարտության կարգավորման գրեթե բոլոր փաթեթներով միջազգային հանրությունը նախատեսել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները պետք է ապառազմականացվեն, իսկ Ադրբեջանը կատարում է ճիշտ հակառակը: Ուստի, հաշվի առնելով, որ տարածաշրջանում վտանգի միակ աղբյուրը հենց ադրբեջանական կողմն է՝ միջազգային հանրությունը պետք է հետևողական լինի կանխելու ադրբեջանական նոր ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ ապառազմականացնելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող նշված տարածքները:
Քաջ հասկանալով խաղաղապահների հնարավորությունների սահմանափակությունները՝ նրանք պետք է, այնուամենայնիվ, աջակցեն Արցախի քաղաքացիների համար անվտանգ ու արժանապատիվ կենսապայմանների ստեղծմանը, այդ թվում՝ հարգելով ինքնապաշտպանության մեր իրավունքը։ Էթնիկ զտման վտանգի ենթարկվող ժողովրդին կամ պետք է պաշտպանել՝ «Պաշտպանելու պարտականության» միջազգային հայեցակարգի շրջանակներում, կամ էլ ապահովել ինքնապաշտպանության միջոցներով և հնարավորություններով։ Որքան էլ ուժեղ ու վտանգավոր է Ադրբեջանի կողմից իրականացվող ճնշումը՝ Արցախն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ միջազգային հանրությունը՝ պաշտպանելու պարտականություն։ Անկախ Արցախի ժողովրդի ձեռքի տակ եղած միջոցներից և հնարավորություններից՝ նա պարտավոր է և իրավունք ունի պաշտպանվելու հանուն իր իսկ փրկության։ Միջազգային հանրությունն էլ պետք է որոշի, թե ինչպես կարող է պաշտպանել Արցախի ժողովրդին՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհո՞վ, թե՞ ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցների տրամադրմամբ։
-Կուզեինք անդրադառնալ ադրբեջանական քարոզչամեքենայի ևս մի թեզի, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների խեղաթյուրման հերթական փորձն է։ Այսպես, Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքը նախատեսված է բացառապես հումանիտար բեռների տեղափոխման համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք սա։
– Իրոք, տևական ժամանակ է՝ Բաքուն պնդում է, որ Լաչինի միջանցքը նախատեսված է հումանիտար բեռների տեղափոխման համար միայն, և որ իբր միջանցքի օգտագործումն Արցախի տնտեսական զարգացման կամ անվտանգության ապահովման նպատակներով նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ արգելվում է։ Ադրբեջանը նաև պարբերաբար դժգոհություն է հայտնում այլ պետությունների քաղաքացիների Արցախ մուտք գործելու կապակցությամբ։ Ավելին՝ Բաքուն նպատակ է հետապնդում Լաչինի միջանցքի նկատմամբ հաստատելու անձնագրային և մաքսային սեփական վերահսկողություն, ինչի ուղղությամբ էլ վերջին օրերին լրացուցիչ ագրեսիվ ու ապօրինի գործողություններ է կատարել։
Իրականում նշյալ՝ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետում խոսվում է Լաչինի միջանցքի ստեղծման մասին, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և որը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Հայտնի է, որ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում և ավելի ուշ ընդունված մյուս եռակողմ փաստաթղթերում որևէ հիշատակում չկա քաղաքացիների մուտքի և ելքի սահմանափակումների, ներմուծվող և արտահանվող բեռների դասակարգման, ինչպես նաև օգտագործվող փոխադրամիջոցների տեսակների մասին։ Ամեն դեպքում, նույնիսկ այդ պարագայում մենք մշտապես պատրաստ ենք եղել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով բեռնափոխադրումների թափանցիկության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ շրջանակներում ռուսական կողմին քանիցս առաջարկել ենք տեղադրել համապատասխան տեխնիկական սարքեր՝ իրենց կողմից իրականացվող վերահսկողության բարելավման նպատակով: Նաև քանիցս հայտարարել ենք միջազգային փաստահավաք առաքելություն ընդունելու պատրաստակամության մասին, սակայն բոլոր այդ նախաձեռնությունները արգելափակվել են հենց Ադրբեջանի կողմից:
Եվ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ վարքի պայմաններում առնվազն ընկալելի չէ որոշ դերակատարների ուշադրության ու խոսույթի սևեռումը զուտ հումանիտար հարցերի և բեռնափոխադրումների լրացուցիչ վերահսկողության վրա: Դա նշանակում է, որ նրանք անտեսում են ողջ տարածաշրջանում վտանգի միակ աղբյուր հանդիսացող փղին՝ սենյակում մուկ փնտրելով:
Ինչ վերաբերում է Եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված Ադրբեջանի պարտավորությանը՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը, ապա միանշանակ է, որ այդ պարտավորությունը չի նշանակում ներկայություն այնտեղ, այլ՝ զերծ մնալ անվտանգային խնդիրների ստեղծումից՝ որպես սպառնալիքի հիմնական աղբյուր: Հստակ է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո մնացած Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքի ռեժիմն արդեն բացառում է ադրբեջանական ցանկացած ներկայություն ու միջամտություն այնտեղ:
2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները միակողմանիորեն վերանայելու և միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկվող և բացառապես հումանիտար բեռնափոխադրումների համար ճանապարհի փոխակերպելու փորձերն իրավազոր չեն, ուստի և պետք է մերժվեն։
-Այդ դեպքում ո՞րն է ելքը:
-Ելքը մեր վճռական ու երկարատև պայքարն է՝ մեր համազգային ողջ կարողությունների համախմբման ու արդյունավետ իրացման միջոցով: Արցախի ժողովրդի ինքնորոշման բնական ու անառարկելի իրավունքը, վերջիվերջո, պետք է հաղթանակի, որի ճանապարհին Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի աներեր ու անմնացորդ սատարումը պարզապես անհրաժեշտ պայման է:
Եթե մենք կարողանանք բավարար կամք ու կարողություն ցուցաբերել այս պայքարում՝ այս փուլում առնվազն կանխելու մեր կենսական շահերի հաշվին անդառնալի զիջումներն ու կորուստները, ապա դրա շնորհիվ և՛ կկարողանանք երկարատև պայքար մղել մեր հայրենիքի պաշտպանության ու ազատության համար, և՛ աստիճանաբար կշահենք պատշաճ միջազգային ուշադրություն ու աջակցություն: Վերջիվերջո, հաջողում են միայն պայքարող ազգերը, իսկ իրավունքներն այս աշխարհակարգում չեն տրվում հենց այնպես, դրանք վաստակում ու պահպանում են շարունակական պայքարով: