Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրության վերաբերյալ վարույթը կարճվել է, Դատախազությունը հաստատել է որոշումը

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն հանցադեպքի բացակայության հիմքով կարճել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև խոսակցության ձայնագրության դեպքով վարույթը։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Factor. am-ի հարցին ի պատասխան ասաց, որ որոշումը ստուգվել և հաստատվել է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է մի ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը նրան հորդորում է հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից: Խոսակցությունը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարին՝ այն ժամանակ, երբ Ջհանգիրյանն արդեն ընտրվել էր ԲԴԽ անդամ, իսկ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահն էր:

Վարդազարյանը ձայնագրության մեջ խոսում է այն մասին, որ իր վերաբերյալ հարուցված գործեր կան, որ մեկ օր առաջ է խոսել գլխավոր դատախազի հետ, Ջհանգիրյանն էլ փորձում է վստահեցնել, որ ընդամենը մեկ գործ է հարուցված:

«Հաշվի՝ չկա, էն առաջինն էլ չկա»,- ասում է Ջհանգիրյանը, որից հետո Ռուբեն Վարդազարյանը տարակուսանքով հարցնում է՝ այսինքն Ջհանգիրյանն այնքան հզոր է, որ գլխավոր դատախա՞զ է կառավարում:

«Ապե՛ր, ես պրեզիդենտ էլ եմ կառավարել դու էդ ի՞նչ կարծիքի ես իմ մասին»,- պատասխանում է Ջհանգիրյանը: Վերջինս նաև վստահեցնում է, որ թույլ չի տվել Վարդազարյանի նկատմամբ երկրորդ, երրորդ գործերը հարուցվեն:

«Էդ բոլորը կանգնեցված ա, և ես գարանտ եմ: Ես, տես, սաղ փակել եմ, էս պահին ոչ մի բան չի գնում՝ սկսած Վահագնի գործից վերջացրած մյուսներով»,- կրկին վստահեցնում է Գագիկ Ջհանգիրյանը: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցում է նաև ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։

Այս խոսակցությունից կարճ ժամանակ անց՝ 2021-ի ապրիլին Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել արդարադության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Ըստ գործի՝ Վարդազարյանը փորձել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին համոզել կալանքից ազատ արձակել «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանին։

Գործի հարուցումից հետո Վարդազարյանի լիազորությունները՝ որպես ԲԴԽ նախագահ, կասեցվել են, ու ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտանակատար է նշանակվել Գագիկ Ջհանգիրյանը, որը, սակայն, ձայնագրություն հրապարակումից հետո հրաժարական է տվել։

Ռուբեն Վարդազարյանի կողմից ձայնագրության հրապարակումից հետո Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ լրատվական ծառայության միջոցով հայտարարություն է տարածել, որ հացի սեղանի շուրջ խոսակցությունները չի մեկնաբանում:

Բայց հետագայում մեկնաբանել ու հայտնել է, թե, «կուտ է տվել» Ռուբեն Վարդազարյանին, որն իր երբեմնի ուսանողն է:

Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով ձայնագրության բովանդակությունը, Ջհանգիրյանը հայտնել է, որ քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությունը հոգեբանական հնարք է եղել:

«Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»,- ասել է Ջհանգիրյանը։

Ձայնագրության հրապարակումից հետո Քննչական կոմիտեում քրեական վարույթն է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)։

Այս շրջանում գլխավոր դատախազն Արթուր Դավթյանն էր, ում անունը, փաստացի, նույնպես շոշափվում էր ձայնագրության մեջ։ Դավթյանի դատախազ եղած ժամանակ գործը քննվում էր Քննչական կոմիտեում, որը մի քանի ամիս քննելուց հետո որոշեց կարճել այն։

Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո գլխավոր դատախազ դարձած Աննա Վարդապետյանը, սակայն, վերացրեց կարճման որոշումն, ինչպես նաև փոխեց գործի քննչական ենթակայությունը։ Գործը Քննչական կոմիտեից տեղափոխվեց Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս ժամանակ պարզ դարձավ, որ գործին ինչ-որ առնչություն ունեն նաև ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանն ու Վիգեն Քոչարյանը, քանի որ դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել էր ոչ միայն Ջգանգիրյանի, այլև Սերգեյ Չիչոյանի և Վիգեն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները։ Քոչարյանն ու Չիչոյանը մինչև այսօր չեն բացահայտել իրենց առնչությունը վարույթին։

Նշենք, որ ձայնագրության առթիվ նախաձեռնված վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում էր շուրջ 6 ամիս։ Ռուբեն Վարդազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում իր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։ Հատկանշական է այն հանգամանքը, որ չնայած Վարդազարյանի և Ջհանգիրյանի ցուցմունքներում առկա են հակասություններ, նրան չեն առերեսվել ո՛չ Քննչական կոմիտեում և ո՛չ էլ Հակակառուպցիոն կոմիտեում գործի քննության ընթացքում։ Հատկանշական է նաև այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաձեռնված վարույթը կարճել է հանցադեպի բացակայության հիմքով՝ այսինքն՝ հրապարակված ձայնագրության և ոչ մի դրվագում առկա չէ հանցագործության որևէ դեպք։

 

Արաքս Մամուլյան