Բլինքենն ասում է՝ Երևանն ու Բաքուն կարող են փաստաթուղթ ստորագրել. մանրամասներ բանակցություններից. ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
23.03.2023 | 19:45Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա: Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանն այսպես արձագանքեց Ադրբեջանի նախագահի՝ մարտի 18-ի ելույթին։
5 օր առաջ Թալիշում ունեցած ելույթում Ալիևը հայտարարել էր, թե ինչ պայմանով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ըստ Ադրբեջանի ղեկավարի՝ դա կլինի միայն այն դեպքեում, երբ Հայաստանը Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս, և միայն այդ դեպքում հայերը կկարողանան հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում։
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ այդ ելույթի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: Ըստ Փաշինյանի՝ Ալիևն այսպես խախտում է բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Խոսքը թե՛ Սոչիի, թե՛ Պրահայի հայտարարությունների մասին է, որոնց միջոցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Եվ դա էլ հիմք պետք է հանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն էլ, Փաշինյանի կարծիքով, պատճառ են, որ Ադրբեջանը դիմի նորանոր սադրանքների: Որպես օրինակ՝ վարչապետը մատնանշեց Երասխի հատվածում երեկվա միջադեպը, երբ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից սպանվեց ժամկետային զինծառայող։
Այդուհանդերձ, Փաշինյանը պնդեց՝ խաղաղության պայմանագիր լինելու է։ Այն, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել, երեկ ասել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ շեշտելով, թե համաձայնագրի տեքստի վրա աշխատել են և ստորագրման հնարավորություն տեսնում են։
ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, մինչդեռ, շեշտում են՝ Բլինքենի ասածը չի նշանակում, թե ստորագրման պատրաստ փաստաթուղթ կա։ Ցանկացած փաստաթուղթ, որը հայկական կողմը պատրաստ կլինի ստորագրելու, պետք է բացառի ցանկացած ռազմական էսկալացիա։ Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ագրեսիվ, ապակառուցողական հռետորաբանությունը, իսկ փաստաթղթերում դեռ կան Հայաստանի համար անընդունելի կետեր: Այս ամենով հանդերձ, Հովհաննիսյանը բանակցային գործընթացը փակուղային չի համարում։
Միջազգային ո՞ր դերակատարի առաջարկներով են այժմ ընթանում բանակցությունները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, թե՞ Եվրամիության․ իշխող ուժի ներկայացուցչի խոսքով՝ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի առաջարկների շուրջ։ Կողմերը միմյանց են փոխանցում իրենց առաջարկները, իսկ հետո հայկական կողմն այդ առաջարկները կոմունիկացնում է միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հետ։
Հարցին՝ Ռուսաստա՞նն է գլխավոր դերակատարն այս գործընթացում, իշխանական պատգամավորը պատասխանեց՝ բանակցություններում միջնորդ, ըստ էության, չկա։ Կողմերն առաջարկները միմյանց փոխանցում են առանց երրորդ կողմի։ Ընդդիմությունը շարունակում է պնդել, թե առկա իրավիճակում, երբ Ադրբեջանն օրեցօր կոշտացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, չի կարող խոսք լինել խաղաղության պայմանագրի մասին։
Էնթոնի Բլինքենի լավատեսությունը չի կիսում նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։ Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ իրավիճակը, ըստ էության, փակուղային է, եթե հաշվի առնենք իշխանության այն հայտարարությունները, որ Ադրբեջանը վերջին շրջանում հետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա:
Ի դեպ, Էնթոնի Բլինքերնը նշել է, որ ակտիվորեն զբաղվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատմանը և այլն»։ Նա ընդգծել է, թե որևէ բան չեն պարտադրում, պարզապես արձագանքում են Հայաստանի ցանկությանը։ Առանց մանրամասների՝ ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է, որ այժմ պայմանագիրը ստորագրելու բարենպաստ պահ է, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Շողիկ Գալստյան