Հայ գիտական համայնքը՝ միջազգային ամսագրերում․ գիտական աստիճանաշնորհման նոր կարգը

Լուրեր

28.04.2024 | 12:39
Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները
28.04.2024 | 12:20
Նպաստելու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպան
28.04.2024 | 11:52
Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
28.04.2024 | 11:17
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
28.04.2024 | 10:39
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
28.04.2024 | 10:31
Քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը և չի կարողացել վերադառնալ․ օգնել են փրկարարները
28.04.2024 | 10:06
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ. ԹԱՐՄԱՑՎԱԾ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
Բոլորը

Հայաստանի գիտական աստիճանաշնորհման գործող կանոնակարգը լրամշակման փուլում է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հիմնավորմամբ՝ նոր նախագիծը Հայաստանում գիտական հետազոտությունների միջազգայնացման և որակի բարելավման հնարավորություն կտա։ Ըստ նախագծի՝ աստիճանաշնորհման գործող կանոնակարգում գերակշռում են քանակական, այլ ոչ թե որակական պահանջները։ Նախագծի բովանդակային պահանջներից են միջազգային պարբերականներում հրապարակումները, Սփյուռքի գիտական ներուժի հետ համագործակցությունը և այլն։

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) տվյալներով՝ 2018-2022 թվականներին գիտական աստիճան ստացածների 55․4 տոկոսն ունի միջազգային հրապարակումներ, որից բնական գիտությունները՝ 70․1 տոկոս, իսկ հասարակական գիտությունները՝ 40․6 տոկոս։

Նախորդ տարի Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին նախագահ Կարեն Քեռյանն ընդգծել էր գիտական աստիճան հայցողների հոդվածների՝ ոչ միայն տեղական, այլև միջազգայնորեն ճանաչված պարբերականներում հրապարակման կարևորությունը։ Կարեն Քեռյանի պարզաբանմամբ՝ բնական գիտությունների ոլորտում գիտությունների թեկնածուի աստիճան հայցողներն ունենում են ավելի շատ միջազգային հրապարակումներ, քան հումանիտար և հասարակագիտական ոլորտներում։

Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասում է, որ լեզվաբանությունը, գրականագիտությունը, պատմագրությունն ավելի շատ ուսումնասիրում են հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը, այդ պատճառով հրապարակումներն ավանդաբար եղել են հայկական գիտական հանդեսներում։

«Ճիշտ այդպես նաև ստեղծվել են ավանդույթներ, որ արվեստի, փիլիսոփայության, պատմության, արևելագիտության ուղղություններով հրապարակումները մեծապես եղել են հայերեն, և ավելի քիչ՝ օտար լեզուներով։ Սա բացթողում է, և մենք փորձում ենք շտկել այն»,- ասում է ակադեմիկոսը։

Սուվարյանի խոսքով՝ մոտ 12 տարի առաջ հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում միջազգային հրապարակումները, այդ թվում՝ ռուսալեզու, բավական քիչ էին, բայց այս տարիների ընթացքում միջազգային հրապարակումների թիվը գերազանցել է 30 տոկոսը։

«Օրինակ՝ գրականությունից 9 հրապարակում է եղել անցյալ տարի։ Գրեթե բոլոր ինստիտուտներն ունեն հրապարակումներ։ Հնագիտությունը միշտ ունեցել է հրապարակումներ ամենահեղինակավոր հանդեսներում, իսկ պատմության, արևելագիտության, գրականության գծով ունենք 30 հրապարակում Սկոպուսի ցանցի հանդեսներում, և այս միտումը շարունակվելու է»,- պարզաբանում է Սուվարյանը։

Հարցին՝ հայ գրականությունը, պատմությունը, մշակույթը որքանո՞վ են հետաքրքիր միջազգային լսարանին, Սուվարյանն արձագանքում է․ այդ տեսակետն իրականությանը չի համապատասխանում, և պետք է հիշել, որ բոլոր գիտություններն ունեն ընդհանուր ուղղություններ։

«Մենք պատմությունը պետք է դիտարկենք համաշխարհային պատմության համատեքստում, ոչ թե միայն հայ ժողովրդի պատմությունը՝ կտրված աշխարհից։ Այնպես որ՝ այդպիսի խոչընդոտ չկա։ Միշտ էլ կարելի է գտնել թեմաներ, որոնք համընդհանուր նշանակություն ունեն և հետաքրքրություն են ներկայացնում թե՛ գիտական տեսակետից, թե՛ ընթերցողների»,- ասում է Յուրի Սուվարյանը։

Գիտությունների ազգային ակադեմիայի տվյալներով՝ 2012 թվականին հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում միջազգային հրապարակումների թիվը 143 է, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականին` 369 հրապարակում։ Տվյալներից պարզ է դառնում, որ տեղական պարբերականներում հրապարակումների թիվն անհամեմատ բարձր է՝ ի տարբերություն միջազգային պարբերականների։

Շվեդիայի Լունդի համալսարանի գիտությունների թեկնածուի աստիճան հայցող Ռուբինա Դավթյանն ուսումնասիրում է նանոկառուցվածքների և կենսաբանական մոլեկուլների փոխազդեցությունը։ Մինչև Լունդի համալսարան ընդունվելը՝ Ռուբինա Դավթյանը սովորել է Գերմանիայի Ուլմի համալսարանում։ Պատմում է, որ արտերկրում սովորելու հիմնական նպատակն այն փորձարարական աշխատանքներն էին, որոնք Հայաստանում ոչ միշտ էր հնարավոր իրականացնել՝ սարքավորումների ոչ այնքան լավ վիճակում լինելու կամ ընդհանրապես բացակայության պատճառով։ Մագիստրոսական կրթությունն ավարտելուց հետո Ռուբինա Դավթյանը վերադարձել է Հայաստան, համագործակցել Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ։

«Ես Ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ համագործակցել եմ 3-4 ամիս, բայց այդ ընթացքում ստացած փորձը հրապարակվեց բավականին հեղինակավոր ամսագրում՝ Scientific Reports-ում: Հետո նաև ֆինանսական պատճառներով հասկացա, որ Հայաստանում շարունակելը հեշտ չէ»,- պատմում է Ռուբինա Դավթյանը։

Ռուբինա Դավթյանը կարծում է, որ Հայաստանում շատ դժվար է զբաղվել գիտությամբ և ունենալ ֆինանսական ապահովություն։

«Գիտությամբ զբաղվելու համար պետք է կարողանալ ամեն ինչ կառավարել, նաև գործիքներ են անհրաժեշտ։ Նույնիսկ նյութեր պատվիրելը և նման այլ հարցերն են դժվար Հայաստանում, եթե փորձարկումներ ես ուզում անել»,- ասում է Դավթյանը։

Նրա կարծիքով՝ միջազգային պարբերականներում հրապարակումների ցածր թիվը պայմանավորված է համակարգային, կրթական խնդիրներով։ Դավթյանը ցավով է նշում՝ գիտությունը չունի գրավչություն ո՛չ երիտասարդության, ո՛չ էլ պետության համար։

«Լինելով այն համակարգում, որտեղ քո աշխատանքը չի գնահատվում, ի՞նչը կարող է լինել քո մոտիվացիան՝ անել ավելին։ Մոտիվացիա ունեն այն մարդիկ, որոնք կարողանում են աշխատել արտասահմանյան գիտական խմբերի հետ, ունենալ դրամաշնորհներ, և դրա շնորհիվ՝ ավելի լավ պայմաններ։ Հետևաբար, ամեն ինչ սկսվում է կրթությունից ու համակարգից»,- շեշտում է երիտասարդ գիտնականը։

Դավթյանի խոսքով՝ կարևոր են նաև գիտական կոնֆերանսները, որտեղ ներկայացնում ես քո աշխատանքը, ձեռք ես բերում գիտական կապեր ու համագործակցության հնարավորություններ։

«Որպես գիտաշխատող՝ մեզ տարին մեկ անգամ ֆինանսավորում են, որպեսզի կոնֆերանսների գնանք, ինչը Հայաստանում դարձյալ խնդիր է։ Չունենալ կոնֆերանսների գնալու և հոդվածներ գրելու հնարավորություն՝ սա էլ իր հերթին բարդացնում է գիտական աշխարհում դերակատարություն ունենալը»,- ասում է Ռուբինա Դավթյանը։

Հայաստանում հրապարակվող գիտական ամսագրերից Web of Science-ում գրանցված են հայաստանյան 6 պարբերականներ՝ «Armenian Journal of Mathematics»-ը, «Astrophysics»-ը, «Journal of Contemporary Mathematical Analysis»-ը, «Journal of Contemporary Physics»-ը, «New Armenian Medical Journal»-ը և «Wisdom»-ը: Այս պարբերականներից միայն «Wisdom»-ն է հումանիտար ոլորտի, մյուսները բնագիտական են։

«Web of Science» գիտատեղեկատվական շտեմարանում 2018-2022 թվականներին հայ գիտնականներն ունեն ազդեցության գործոն ունեցող 5․646 գիտական հրապարակումներ: Գիտական պաշտպանություններն էլ առավել շատ եղել են տնտեսագիտության, տեխնիկական գիտությունների և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բնագավառում։

Սոնա Հովսեփյան