Ամենամեծ բախումը 44-օրյա պատերազմից հետո․ սեպտեմբերի 13-ի էսկալացիան և հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.01.2023 | 18:02Սեպտեմբեր 13․ 2022-ի այս օրն ամենաարյունալին դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Բաքվի հերթական ոտնձգությունը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ էր և հաջորդեց Ալիևի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին պարբերական դարձած հայտարարություններին։ Ռազմական գործողություններից ընդամենը 1 օր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ ամեն րոպե պետք է պատրաստ լինել նոր զարգացման, նաև բացառել ՀՀ տարածքով միջանցքի տրամադրումը։
«Հայաստանի Հանրապետության համար դա կարմիր գիծ է և քննարկման ենթակա չէ»,- ասել էր ԱԺ նախագահը։
Ադրբեջանը տևական ժամանակ հող էր նախապատրաստում էսկալացիայի համար․ երկու շաբաթ շարունակ Ադրբեջանի ՊՆ-ն ամեն օր հայտարարում էր, թե, իբր, Հայաստանի Զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը։ Սեպտեմբերի 12-ին էլ թշնամին տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերից կրակել էր Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ։
Մինչ սոցցանցերում քննարկում էին Արցախում հրադադարի հերթական խախտումը, կեսգիշերից քիչ անց ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց հայ-ադրբեջանական սահմանին լայնածավալ սադրանքի մասին․ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ»։
Թշնամին հրթիռակոծում էր Սոթքը՝ հարված հասցնելով ոչ միայն զորամասին, այլև քաղաքացիական օբյեկտներին։ Կանայք ու երեխաները գյուղից տարհանվեցին: Ջերմուկի ուղղությամբ ևս թշնամին հրետանի էր կիրառում, hրետակոծվում էր նաև Գորիս քաղաքը։
Ժամը 3-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հայկական կողմը զոհեր ու վիրավորներ ունի․ «Հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»։
Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ։ Որոշվեց պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Առավոտյան ժամը 5-ի դրությամբ՝ հակառակորդը շարունակում էր Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Կապան-Ճակատեն ճանապարհին խոցվեց շտապօգնության ավտոմեքենա։ Առավոտյան սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում էին, հակառակորդը չէր դադարեցնում առաջխաղացման փորձերը։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ հայկական կողմը 49 զոհ ունի, Առողջապահության նախարարությունն էլ հայտնեց, որ սեպտեմբերի 13-ի դրությամբ՝ քաղաքացիական 3 անձ է վիրավորվել։
Սեպտեմբերի 13-ի կեսօրին Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ լարվածությունը պահպանվում էր, hակառակորդը շարունակում էր դիրքային առաջխաղացման փորձերը Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Հայաստանը դիմեց ՄԻԵԴ։ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ էլ դիմեցին միջազգային հանրությանը՝ հրատապ գործողությունների կոչով։ Այդ օրերին Factor TV-ի նկարահանող խումբը Վարդենիսում էր, Սոթք գնալ չէր թույլատրվում, իսկ բնակիչների մի մասը լքում էր համայնքը։
Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրերում դադարեցվեց դասապրոցեսը. այդ օրերին կրթության իրավունքից զրկվել էր շուրջ 25,000 դպրոցահասակ և ավելի քան 6,000 նախադպրոցական տարիքի երեխա։ Հրետակոծությունները շարունակվեցին նաև սեպտեմբերի 14-ին․ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառում էր հարվածային ԱԹՍ-ներ, ականանետեր՝ հրետակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, թիրախավորելով քաղաքացիական ավտոմեքենա։ Այդ օրն առավոտից թշնամին թիրախավորում էր Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։
Ադրբեջանը նաև հարվածներ հասցրեց մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին, մինչդեռ ՌԴ-ից այս առիթով դատապարտում չհնչեց։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20։00-ից կրակը գրեթե դադարել էր բոլոր ուղղություններով։ Կեսգիշերին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ Արդեն սեպտեմբերի 15-ին Factor TV-ի նկարահանող խումբը Սյունիքի մարզում էր` արձանագրելու ադրբեջանական հրետակոծության հետևանքները։
Սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ ունենք 135 զոհ։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները նույն օրն այցելեցին Ջերմուկ՝ արձանագրելու ադրբեջանական հրետակոծության հետևանքները։ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շրջայցին չէր մասնակցում, նրա փոխարեն ռուսական դեսպանատնից օտարերկրյա դիվանագետներին միացել էր մեկ այլ ներկայացուցիչ։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը դիվանագետներին ներկայացրեց ռազմական գործողությունների հետևանքները․ վնասվել էր ճոպանուղին, թիրախավորվել էր մանկական խաղահրապարակ, հարված էր հասցվել Կեչուտի ջրամբարին, հյուրանոցներին, հարձակման ժամանակ քաղաքում բնակիչներ և զբոսաշրջիկներ էին եղել: Հակառակորդը Ջերմուկի ուղղությամբ նաև առաջխաղացում էր ունեցել․ ըստ Ասրյանի՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա է՝ նախկին 11-12 կիլոմետրի փոխարեն։
Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն այցելեցին նաև Գեղարքունիքի մարզ, շրջեցին Սոթք և Կութ բնակավայրերում։ Ներկա էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Լրագրողների հետ զրույցում դիվանագետն ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը լուծելու համար հուսալի հիմք կարող է լինել զորքերի հետքաշումը: Նա շեշտեց, որ համաձայն չէ այն պնդումներին, թե Ռուսաստանը բավարար աջակցություն չի ցուցաբերում Հայաստանին։
Ադրբեջանի հրետակոծությունից ամենաշատ վնասները Սոթքն է կրել․ թիրախավորել էին Սոթքի զորամասը, վնասվել էր շուրջ 150 տուն, 8-ը՝ հիմնովին փլուզվել։ Ադրբեջանական հարձակումից ամենամեծ վնասը Սլավիկ Գրիգորյանի ընտանիքն էր կրել․ ոչ միայն տունն էր փլուզվել, այլև հրդեհի հետևանքով այրվել էր ամբողջ գույքը։ Մինչ օրս Գրիգորյանները բնակվում են վարձով՝ իրենց ավերված տնից ոչ հեռու։ Ի դեպ, մեր տեսանյութից հետո Գրիգորյանները համայնքապետարանից ու բարերարներից աջակցություն են ստացել։
Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել։ Նիստից հետո խորհուրդը միաձայն հանդես եկավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու, իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին։
ՀԱՊԿ-ը Երևանի աջակցության դիմումին ի պատասխան՝ մոնիթորինգային խումբ ուղարկեց Հայաստան։ Խումբը դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում ու առաջարկներ մշակել, իսկ նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ նիստին Փաշինյանը դաշինքի քաղաքական գնահատականի բացակայության պատճառով չստորագրեց Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։ Ավելի ուշ ընդլայնված նիստում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից ընդունող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարզաբանել էր, որ հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում է առաջարկել, բայց որոշել են հետաձգել այդ հարցի քննարկումը։
Հոկտեմբերի 27-ից էլ երկամսյա ժամկետով Եվրամիության դիտորդներ տեղակայվեցին հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։ Առաքելության նպատակն էր իրավիճակի մոնիթորինգը, վերլուծությունը և տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն պատրաստելը։ Դիտորդներն արդեն ավարտել են իրենց առաքելությունը․ այժմ քննարկվում է հնարավոր նոր առաքելության հարցը։
Մինչ այդ, ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, տարբեր հաշվարկներով՝ վերջին 2 տարում Ադրբեջանի կողմից զավթված ՀՀ տարածքի մակերեսը գերազանցում է 130 քառակուսի կիլոմետրը։
ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ասել էր, որ հայկական ուժերը շրջափակել են Ջերմուկի մատույցներ հասած ադրբեջանական ուժերին․ ինչ եղան թշնամու խմբերը՝ իշխանության ներկայացուցիչները հակասական հայտարարություններ են անում, բայց, ըստ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, ադրբեջանցի զինվորները շարունակում են մնալ իրենց գրաված դիրքերում, ավելին՝ անզեն աչքով տեսանելի են։
Սեպտեմբերյան երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմը, ըստ պաշտոնական վերջին տվյալների, 224 զոհ ունեցավ, նրանցից առնվազն 11-ը սպանվեց ադրբեջանական գերության մեջ։ Մինչ այս պահը ՊՆ-ն չի հրապարակել նրանց անունները։ Զոհերի ցուցակ հրապարակվել է միայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում։
Այս պահի դրությամբ՝ ունենք երեք անհետ կորած․ նրանց մարմիններն ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում են, Բաքուն թույլ չի տալիս այդ տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան