Հետապնդումներ, ձերբակալություններ․ Ալիևի «խաղաղության մենաշնորհը» կամ ինչպես է Բաքուն պայքարում հակապատերազմական կոչեր հնչեցնողների դեմ

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո խնդիրներից մեկը, որը հուզում է ադրբեջանական հասարակական-քաղաքական ակտիվիստներին, հետապնդումներն են, որոնց ենթարկվում են պատերազմին դեմ հանդես եկողներն ու խաղաղության կոչեր հնչեցնողները։ 2020 թվականին Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում բոլոր նրանք, ովքեր հակապատերազմական դիրքորոշում էին հայտնում, ենթարկվել են Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից հետապնդումների։ Եվ այս միտումը շարունակվում է մինչ օրս, գրում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ն։

2022 թվականի սեպտեմբերի 20-ին քաղաքական ակտիվիստ, «Դեմոկրատիա 1918» շարժման ղեկավար Ահմեդ Մամեդլին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի կողմից 30-օրյա ազատազրկման է դատապարտվել՝ «ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու և «մանր խուլիգանության» համար։ Մամեդլին, սակայն, նշում է, որ իրականում իրեն ձերբակալել են սոցիալական ցանցերում հրապարակումների համար, որոնցում խաղաղության կոչ է անում և քննադատում երկրի նախագահին։

«Երբ սկսվեցին Հայաստանի հետ սահմանին բախումները (խոսքը սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին է), ես Ֆեյսբուքում և Թվիթերում Իլհամ Ալիևին անվանեցի այդ բախումների գլխավոր մեղավորը։ Ես գրել եմ, որ սահմանի խախտման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իլհամ Ալիևի վրա։ Նա դրա համար պատասխանատվություն է կրում ոչ միայն ադրբեջանցի, այլև հայ ժողովրդի առջև։ Այնուհետև ես Թվիթերում մի քանի կոչ գրեցի ադրբեջանցի ժողովրդին ուղղված՝ «Մի՛ վստահեք մի մարդու, որը խլում է ձեր բոլոր իրավունքները, զրկում է ձեզ բոլոր հիմնարար իրավունքներից։ Ինչքան կապվեք նրա հետ, այնքան նա կճնշի ձեզ»»,- լրատվամիջոցին ասել է Մամեդլին, որն արդեն ազատության մեջ է։

«Այն ժամանակ, երբ նրանք բախվում են պատերազմի սարսափներին, կորցրել են սիրելիներին, դեմ են հանդես գալիս ներկա ռազմական գործողություններին, իրենց ստեղնաշարերի դիմաց նստած արյունարբուները մարդկանց մղում են մահվան։ Ո՛չ պատերազմին։ Իլհամ Ալիևը բռնապետ է, որի ձեռքերն արյունով են ներկված»,- նման գրառումներ է արել Մամդելին, որի համար էլ սեպտեմբերի 20-ին նրան ձերբակալել են։

Ակտիվիստը պատմել է, որ Իսլամ Սաֆարլի փողոցում քաղաքացիական հագուստով հինգ ոստիկաններ իրեն կանգնեցրել են և տարել ոստիկանության 9-րդ բաժին։ Այնտեղ ուժով խլել են հեռախոսը և պահանջել հանել արգելափակումն ու ջնջել բոլոր գրառումները։ Մամեդլին դա չի արել, որի համար էլ արձանագրություն են կազմել։

Նա նաև պատմել է, որ բանտում գտնվելու ընթացքում բռնության չի ենթարկվել, սակայն միջնորդների միջոցով ստացել է ամենատարբեր առաջարկներ։ Մասնավորապես, առաջարկել են շարունակել քննադատել իշխանությանը, դա խնդիր չէ, նույնիսկ երկրի ղեկավարությանը, բայց «կան թեմաներ, որոնց մասին կարող են խոսել միայն իրենք, այն է՝ ժողովուրդների բարեկամությունը և խաղաղությունը»։

«Խաղաղությունը նախագահ Իլհամ Ալիևի մենաշնորհն է, նա չի ցանկանում, որ որևէ մեկը դրան խառնվի։ Իլհամ Ալիևը տարիներ շարունակ «խաղաղության բանակցություններ» է վարում, բայց ո՛չ հանրությունը, ո՛չ նրա հակառակորդները ոչինչ չգիտեն այդ մասին։ Հանրային տարածքում միայն մանիպուլյատիվ տեղեկատվություն է հայտնվում, որ, իբր, Ադրբեջանը խաղաղության փորձեր է անում, բայց ոչինչ չի լինում։ Բայց մենք չգիտենք, թե որն է անձամբ Իլհամ Ալիևի դերը խաղաղության հասնելու համար։ Միգուցե նա, ինչպես բոլոր ավտորիտար ղեկավարները, շահագրգռված է, որ իր երկրում լինեն թեժ կետեր, որպեսզի երկիրը մշտապես պատերազմական իրավիճակում լինի, և մարդկանց ուշադրությունը երբեք չանցնի ներքին խնդիրներին։ Նա անընդհատ արտաքին թշնամի է փնտրում, քանի որ հակառակ դեպքում չի կարողանա դիմակայել ներքին խնդիրներին։ Դրա համար էլ չի ցանկանում այլընտրանքային խաղաղության դիսկուրսի գոյություն՝ բացի նրանցից, որն ինքն է վարում։ Եվ եթե ինչ-որ մեկը, բացի իրենից, հանդես է գալիս խաղաղության առաջարկներով կամ պահանջներով, կամ առանց իր իմացության, համագործակցում է հայ համայնքի ու կազմակերպությունների հետ՝ խթանելու Հարավային Կովկասում խաղաղ գործընթացները, ապա դա Ալիևին ձեռնտու չէ։ Ուստի նա ամեն կերպ կանխում է դա»,- ասել է Մամեդլին։

Նա միակն ու առաջինը չէ, որ Ադրբեջանում խաղաղության կոչերի համար հեռապնդումերի է ենթարկվել։ Մասնավորապես, քաղաքացիական ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին կանչվել է Գլխավոր դատախազություն այն բանից հետո, երբ Twitter-ում կիսվել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մեջբերումով. «Քանի դեռ ժողովրդի ազատությանը վտանգ չկա, պատերազմ սկսելը հանցագործություն է»։ Այս հակապատերազմական թվիթի պատճառով այս տարվա օգոստոսի 4-ին Ռուստամ Իսմայիլբեյլիին պաշտոնական նախազգուշացում է տրվել Դատախազության մասին օրենքի 22-րդ հոդվածի հիման վրա։

«Աթաթուրքի մեջբերումով իմ գրառումը նվիրված էր նրան, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և խաղաղության հայտարարության ստորագրումից երկու տարի անց էլ երկու երկրների միջև առճակատումներն ու մարտերը կրկին ու կրկին բռնկվում են, և դժգոհությունն այս ամենից մեծանում է։ Նույն օրը երեկոյան նրանք ինձ հրավիրեցին Դատախազություն՝ չբացատրելով պատճառը»,- ասել է Իսմայիլբեյլին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում, որ հասարակության մեջ հնչեն այլընտրանքային կարծիքներ, որոնք դուրս են գալիս հենց իշխանության կողմից քարոզվող խաղաղ քաղաքականության սահմաններից։

«Գլխավորը, ինչին նրանք հասնում են, այլակարծության, այլընտրանքային դիսկուրսի բացակայությունն է։ Եթե ​​պետությունն ինչ-որ քարոզչություն է անում, ապա դրա դեմ չպետք է արտահայտվել։ Նրանք ձգտում են կանխել իրենց պաշտոնական քարոզչությունից տարբերվող կարծիքների տարածումը, ճնշում գործադրել նրանց վրա, որոնք դեմ են իշխանության հռետորաբանությանը և գործողություններին։ Իշխանությունները մտադիր են սանկցիա կիրառել խաղաղ քաղաքականության վերաբերյալ այլախոհության նկատմամբ»,- պատմել է ակտիվիստը։

Նա նշել է, որ պետությունը պահանջում է, որ բոլորը խաղաղության թեմային վերաբերվեն այնպես, ինչպես ինքը։

Ակտիվիստ Գիյաս Իբրահիմովն էլ, որը 2020 թվականի աշնանը հայտնվել է պետական ​​անվտանգության ծառայությունում հակապատերազմական գրառումների պատճառով, նույնպես ճնշումների և հալածանքների պատճառը բացատրում է աշխարհընկալման տարբերությամբ։

«2020 թվականին միայն մի փոքր, մարգինալացված խումբ էր դեմ պատերազմին: Քչերն էին այն ժամանակ դեմ պետության վարած քաղաքականությանը, որովհետև պատերազմի ժամանակ դրա դեմ արտահայտվելը քաջություն էր պահանջում։ Իսկ ընդհանրապես, մարդիկ պատերազմի ժամանակ իսկապես պաշտպանում էին պետության գործողությունները։ Իսկ իշխանությունները կարող էին հանգիստ ճնշում գործադրել՝ պատճառաբանելով, որ ժողովուրդը դժգոհ է իմ հակապատերազմական դիրքորոշումից»,- պատմել է Իբրահիմովը։

Ըստ նրա՝ հիմա իրավիճակը փոխվել է, սակայն փորձերը՝ ստիպել լռել նրանց, ովքեր այլընտրանքային դիրքորոշում են արտահայտում Իլհամ Ալիևի կողմից մենաշնորհային խաղաղության թեմայով, շարունակվում են։ Իբրահիմովը նշել է, որ 2022թ․ պատերազմի դեմ ավելի շատ հակառակորդներ կան։

Լրատվամիջոցին իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը հայտնել է, որ խաղաղության կոչերի համար հետապնդումները հանդիսանում են խոսքի ազատության իրավունքի խախտում։

«Ե՛վ մեր երկրի սահմանադրությունը, և՛ մեր ստորագրած միջազգային կոնվենցիաները երաշխավորում են խոսքի ազատության իրավունքը։ Խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։ Խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։ Իսկ խաղաղ կոչերը նման դեպքերին չեն վերաբերում։ Հետևաբար, հալածանքը խաղաղություն քարոզելու և խաղաղության կոչ անելու համար օրենքով անընդունելի է։ Եթե ​​որևէ մեկը ճնշումների է ենթարկվել նման բողոքարկումների համար, կարող է դիմել տեղական դատարաններ: Իսկ եթե տեղական դատարանները չբավարարեն բողոքը, ապա կարող եք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- պարզաբանել է Ջաֆարովը։

Տեղի իրավապաշտպաններն ընդգծում են, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են խոսքի ազատության իրավունքը։ Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2021 թվականին Ադրբեջանում 6 մարդ քրեական պատասխանատվության է ենթարկվել սոցցանցերում գրառումներ կատարելու համար։

Ի սեպ, բանտում Մամեդլիից պահանջել են խաղաղության մասին այլևս գրառումներ չանել և, չենթարկվելու դեպքում, սպառնացել են բանակ ուղարկել, սակայն նա հայտնել է, որ մտադիր է շարունակել խաղաղության կոչերը։

Էմմա Չոբանյան