Ադրբեջանը չի ուզում մեր առաջարկած ճանապարհը. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.11.2022 | 11:31Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հիշեցրեց, որ 2021թ. նոյեմբերի 26-ի եւ 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարեւոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Ավելին՝ ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը:
«Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով եւ այս արձանագրումներն անելուց հետո՝ առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլեւ ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել Հայաստանի կողմից, իբր, իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար:
«Մինչդեռ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստով:
Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է «Լաչինի միջանցք», այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին: Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան որևէ հիշատակում:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք:
9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա, և խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցության մասին է:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:
9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»:
Այսինքն՝ մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի կարող լինել, խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է, ընդ որում՝ պայմանավորվածություն ասելով՝ պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն բնականաբար չի կարող լինել: Միայն սա կարող է անել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց նաև, որ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև անխափան և անվտանգ կապ ստեղծելու նպատակով, որպես անվտանգության երաշխիք, որպես կյանքի միակ և անայլընտրանք ճանապարհ ԼՂ-ի համար։
«Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է եղել և պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին, և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով. Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը»,- ասաց Փաշինյանը:
Սա, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից:
«Ընդ որում՝ նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է: Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք, ուրեմն, այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք: Պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, սկզբից կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, Փաշինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման պարտավորություն չունի:
«Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում: Եվ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը: Իսկ համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով. Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ»,- նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։