Բանակ զորակոչվելուց մեկ շաբաթ անց զինծառայողը մահացել է. «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել

Լուրեր

24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:46
Եթե իմանամ՝ Թևանյանը դավաճան ա, շպիոն ա, իմ ձեռքով կգնդակահարեմ իրեն․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:24
Մի զինատեսակ կա, որ հազիվ-հազիվ, մի կերպ հասցնելու ենք Հրապարակ ու դա մնալու ա էնտեղ․ Փաշինյանը նոր մանրամասներ է հայտնել մայիսի 28-ին սպասվող շքերթի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:09
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ։ Դատարանը «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է, որ խախտվել է զինծառայող Արեգ Մալխասյանի կյանքի իրավունքը՝ քանի որ առողջական լուրջ խնդիրներով զորակոչվել է ժամկետային ծառայության: Ստրասբուրգյան դատարանը պարտավորեցրել է Կառավարությանը մահացած զինծառայողի ընտանիքին վճարել 35 000 եվրո ոչ նյութական վնասի, իսկ 2500 եվրո` կատարած ծախսերի համար:

Ըստ գոևծի նյութերի՝ Արեգ Մալխասյանը Արաբկիրի զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2009 թ. հունիսի 26-ին: Զորակոչվելուց 8 օր անց` հուլիսի 4-ին շարքային Արեգ Մալխասյանի ինքնազգացությունը վատացել է, կորցրել է գիտակցությունը, և տեղափոխվել Արցախի Մեխակավանի զինվորական հոսպիտալ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է կլինիկական մահ: 2009 թ. հուլիսի 5-ին նրան տեղափոխել են Երևան: Կատարված շտապ դիագնոստիկ հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «վիճակ սիրտ-թոքային վերակենդանացումից հետո, գլխուղեղի այտուց, կոմա, երկկողմանի ասպիրացիոն թոքաբորբ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն»: Հիվանդի վիճակը գնահատվել է կրիտիկական և այդ ուղղությամբ ձեռնարկվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք արդյունք չեն տվել և նույն օրը ժամը 20:25-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Ժամկետային զինծառայող Արեգ Մալխասյանի մահվան կապակցությամբ 2009 թ. հուլիսի 4-ին Պաշտպանության նախարարության քննչական թիվ 2 կայազորային քննչական բաժնում ՀՀ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս):

Քրեական գործի շրջանակներում Արեգ Մալխասյանի հայրը՝ Աշոտ Մալխասյանը, որպես վկա ցուցմունքներ է տվել, որ իր հիվանդ որդուն անօրինական կերպով են զորակոչել բանակ: Մալխասյանի խոսքով՝ երբ որդուն 2009 թ. հունիսի 26-ին զինկոմիսարիատից տեղափոխել են կենտրոնական հավաքակայան՝ իրենց միակ հույսն այն է եղել, որ այնտեղ տեսնելով բոլոր բժշկական փաստաթղթերը՝ նրան չէին զորակոչի: Սակայն, ինչպես հետո է իմացել, իրենց ներկայացրած բոլոր բժշկական փաստաթղթերն Արեգ Մալխասյանի անձնական գործից բացակայել են, և որդուն զորակոչել են:

Զինծառայողի հայրը հայտնել է, որ իրենք չեն իմացել, որ որդին սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն հայտնի է եղել, որ ունի ստամոքսի հետ կապված՝ բժիշկների կողմից ախտորոշված հիվանդություններ, որոնք անտեսվել են Արաբկիրի զինկոմիսարիատի բժիշկների և Արաբկիրի զինկոմ Ա.Ուլիխանյանի կողմից: Վերջինս նույնիսկ չի ցանկացել ուղեգիր տալ հետազոտություններ անցնելու համար: Տուժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանը համոզմունք է հայտնել, որ Արաբկիրի զինկոմը և զինկոմիսարիատի բժիշկները միջամտել են «Էրեբունի» ԲԿ-ում կատարված հետազոտություններին, այդ իսկ պատճառով «Էրեբունի» ԲԿ-ում կազմված հիվանդության նկարագրում ստամոքսի հիվանդության վերաբերյալ արձանագրված ախտորոշումները չեն արտացոլվել առողջական վիճակի մասին ակտում, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ իր ակնհայտ հիվանդ որդուն զորակոչեն բանակ:

Ինչպես նշվում է ՄԻԵԴ վճռում՝ Արեգի անձնական գործում չեն կարվել ծնողի՝ դիմումին կից ներկայացված բժշկական փաստաթղթերը: 2009թ. օգոստոսի 12-ի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ եթե Ա.Մալխասյանը ենթարկվեր համապատասխան հետազոտությունների, ապա հնարավոր է, որ նրա մոտ հայտնաբերվեին ինչպես մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունը՝ սրտային պաթոլոգիան, այնպես էլ մյուս հիվանդությունները /կամ ժխտել վերջիններս:

2010թ. նոյեմբերի 2-ին քննիչը որոշում է կայացրել «Համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին» ՝ պատճառաբանելով, որ «քննությամբ ի հայտ եկած առկա բազմաթիվ հակասությունների պարզաբանումը հնարավոր կլինի միայն պարզել նշանակելով համալիր դատաբժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն, որի համար առկա են բավարար հիմքեր»:

Համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննություն կատարած հանձնաժողովը հանգել է հետևության, որ «Ա.Մալխասյանի հավելյալ բուժման կազմակերպման և զորակոչման հետաձգման կամ բացառման պարագայում, միգուցե, հնարավոր կլիներ խուսափել հանգամանքների ճակատագրական համադրումից և մահվան ելքից»:
2014թ. հուլիսի 17-ին քննիչ Ա.Խաչատրյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Քննիչի վերոհիշյալ որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանը և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը բողոքը են ներկայացրել, սակայն Զինվորական դատախազի որոշմամբ` մերժվել է:

Այնուհետև բողոք են ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել ավագ քննիչ Խաչատրյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու և զինդատախազի` բողոքը չբավարարելու որոշումները: Առաջին ատյանի դատարանը ևս մերժել է բողոքը: Ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը դարձյալ մերժվել է: Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարել է մասնակիորեն: Բեկանվել է վերաքննիչ քրեական դատարանի 2014 թ. դեկտեմբերի 27-ի որոշումը և պարտավորեցվել է վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Արեգ Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված՝ անձի իրավունքների և ազատությունների խախտումները:

Սակայն, դրանից հետո էլ վատառողջ տղային բանակ չզորակոչելու որոշումներ կայացրած անձինք պատասխանատվության չեն ենթարկվել: Ոմանք քրեական պատասխանատվությունից ազատվել են վաղեմության ժամկետն անցնելու, ոմանք` հանցակազմի բացակայության հիմքերով:

Այս պայմաններում ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ իշխանությունները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել, հետևաբար, տեղի է ունեցել Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) ընթացակարգային խախտում:

Ռոզա Վարդանյան