Հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի լրամշակված նախագիծը

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի լրամշակված նախագիծը: Այն երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական՝ կառավարման խորհրդի ձևավորման մասով, և վերադարձվել էր խմբագրման: Օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգի գործունեության, ոլորտի կառավարման և ֆինանսատնտեսական հարաբերությունները. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Օրենքի նախագծում սահմանվել են՝

Բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները, այն է՝ ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում, պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում և մրցակցային ֆինանսավորում։
Բուհի և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջև։
Նախագծով անհրաժեշտ հիմքեր են դրվել գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։

Նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Ըստ այդմ՝ այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել միայն բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ համատեղ։

Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով: Սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորելու իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը):

Երկու և ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով)։

Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը։

Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների։ Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի կողմից կազմակերպվող ընդունելության մրցույթին: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ (կրթական ծրագիր), որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն:

Կրթության որակն հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով, անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից, բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը։

Կրթության որակի բարելավմանն ուղղված՝ նախագծում սահմանվել են նոր կարգավորումներ, որոնք առնչվում են լիցենզավորման, հավատարմագրման գործընթացներին, մասնավորապես՝ սահմանվել է կրթական ծրագրերի նախահավատարմագրման պայման, որը հավաստելու է կրթական ծրագրի (կրթական ծրագրերի խմբի) համար արդյունավետ իրականացման առկա հենքը՝ որակավորումների արժանահավատ շնորհումն ապահովելու համար։

Բուհի կառավարման խորհրդի ձևավորման սկզբունքներ, ռեկտորի ընտրություն

Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի ձևավորման սկզբունքների փոփոխություն, անդամների թվի նվազեցում, որում որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ կամ տվյալ բուհի ակադեմիական խորհրդի անդամ հանդիսացող անձանց ընդգրկելն արգելվում է։ Նախագծով կառավարման խորհրդի անդամների թիվը սահմանվել է 12, հավասար հարաբերակցությամբ՝ 6-ը բուհի ներկայացուցիչներ, իսկ մյուս 6-ը՝ լիազոր մարմնի առաջադրած ներկայացուցիչներ։

Միաժամանակ, փոփոխություն է նախատեսվել նաև ռեկտորի ընտրության կարգում։ Նախագծով սահմանվում է հետևյալը. «Հանրային բուհի ռեկտորի թեկնածուներն ընտրվում են կառավարման խորհրդի կողմից՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելի կողմ ձայներով»։ Եթե հայտարարված մրցույթի առաջին քվեարկության արդյունքում բուհի ռեկտոր չի ընտրվում, ապա մեկ թեկնածուի դեպքում հայտարարվում է նոր մրցույթ, իսկ մեկից ավելի թեկնածուների դեպքում՝ ռեկտորի բոլոր թեկնածուների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ՝ ընտրանքային կարգով վարկանիշային քվեարկություն, որում խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի քվեարկելու մեկից ավելի թեկնածուների օգտին:

Նախատեսված քվեարկության արդյունքում՝ խորհրդի որոշմամբ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի ընտրությանն է առաջադրվում ընտրանքային փուլին մասնակցած և փակ գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելի կողմ ձայներ ստացած մինչև երեք թեկնածու: Համապատասխան լիազոր մարմնի ղեկավարն այդ կազմից մեկին ընտրում և ներկայացնում է հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ կնքելու աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։

Նախագծի անցումային դրույթներում սահմանվել է, որ «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում» ամրագրված գործողությունների իրականացման ակնկալվող արդյունքին հասնելու համար գործող պետական բուհերի խոշորացման (այդ թվում՝ համապատասխան գիտահետազոտական կազմակերպությունների միավորմամբ) արդյունքում ստեղծվում են ըստ ուղղվածության մինչև 8 պետական բուհեր՝ պետական բյուջեից ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ։ Բարեփոխումների ընթացքն ապահովելու նպատակով այս բուհերում լիազոր մարմնի ղեկավարը մինչև հինգ տարի ժամկետով նշանակում է ժամանակավոր կառավարիչ-ռեկտորներ և ձևավորում 12 անդամից կազմված կառավարման ժամանակավոր խորհուրդներ՝ նշանակելով խորհրդի նախագահներ։ Այս կարգով նշանակվող կառավարիչ-ռեկտորի և կառավարման խորհրդի նկատմամբ չեն կիրառվելու օրենքի նախագծում ռեկտորին և խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները։ Ժամանակավոր կառավարիչ-ռեկտորների և խորհուրդների լիազորությունների շրջանակը սահմանելու է Կառավարությունը՝ նախատեսելով վերահսկողության մեխանիզմներ՝ ուղղված բուհի զարգացման ծրագրի և պետական ռազմավարության իրականացման ապահովմանը՝ լիազոր մարմնի ղեկավարին հնարավորություն ընձեռելով վերանշանակելու ժամանակավոր կառավարիչ-ռեկտորներին և խորհուրդների անդամներին։

Նախագծում ոչ պետական (մասնավոր) բուհերի համար ևս սահմանվել է ոչ առևտրային կազմակերպական-իրավական ձև. մասնավոր բուհերի նկատմամբ մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը կշարունակվեն կիրառվել տվյալ կազմակերպական-իրավական ձևի իրավաբանական անձի գործունեությունը կարգավորող օրենքներով և մասնավոր բուհերի կանոնադրությամբ սահմանված նորմերը։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Թեև նախագծով ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը, սակայն ակադեմիան պահպանում է իր կարգավիճակը, որն իր կազմում միավորում է ակադեմիայի անդամներին, բաժանմունքները, աշխատակազմը և համակարգի կազմակերպությունները: Ակադեմիայի գործառույթներից են՝ գիտության զարգացման և գիտական ու գիտատեխնիկական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաև պետության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման ուղղությամբ համապատասխան ոլորտի պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմիններին օրենքներով և ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով մասնագիտական և փորձագիտական խորհրդատվության տրամադրումը: Նախագծով ընդլայնվում են նաև Գիտության կոմիտեի լիազորությունները: