Մալթայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՄԻՈՒ կողմից ՀՀ-ում նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների հաղթահարման հնարավորություններին։
Նախարարի տեղակալը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ: