Կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյանը՝ Ալիևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
Բոլորը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթից մի հատված․

«Տիկնայք և պարոնայք,

Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես մեր տարածաշրջանում խաղաղության, Հայաստանի հետ խաղաղության ձգտող երկիր։ Կողքից լսելով, թե ինչ է ասում Ադրբեջանը, դուք կարող եք նույնիսկ տպավորվել նրա նվիրվածությամբ խաղաղության ջանքերին: Եվ նման տպավորություն ստեղծելու համար Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման օրակարգի թեմաները։

Ինչո՞ւ մենք այս ուղղություններով շոշափելի առաջընթաց չունենք։ Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումն է։ Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հող է։ Մյուս կողմից, Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի շոշափելի տարածքները, և, ինչպես ասացի, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր։

Այս կապակցությամբ ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար։

Ինչպես գիտեք, մայիսին ստեղծվել է սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության երկկողմ հանձնաժողով, և տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ։ Մինչ հանձնաժողովի ստեղծումը, անցյալ տարի Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից հետո, Ադրբեջանի արդարացումներից մեկն այն էր, որ Հայաստանը, ըստ նրանց, հրաժարվում է սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց։ Մենք, իհարկե, չէինք հրաժարվել դրանից, այլ միայն պնդել էինք, որ միաժամանակ սահմանների անվտանգության մեխանիզմ ստեղծվի։

Ի վերջո, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձևավորվել և աշխատում է սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիայի նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են։ Բայց հիմա ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի ագրեսիան։ Գիտեք, եթե ինչ-որ մեկի մոտ ագրեսիվության ավելցուկ կա, պատճառը միշտ կգտնվի։ Ինչպես ասվում է ֆիլմում, միշտ հնարավոր է պատճառ գտնել։ Օրինակ՝ ինչո՞ւ են սպանել արքայազն Համլետին։ Ո՞վ է սպանել, ինչպե՞ս, երբ և ինչո՞ւ, կարևոր չէ. իրականությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է և շարունակելու է օգտագործել սահմանազատման գործընթացը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։

Նման մեկ այլ թեմա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության կապերի բացումն է։ Ադրբեջանը փորձում է այս քննարկման մեջ Հայաստանին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ։ Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։ Ավելին, օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթևեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո։

Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական պնդումների իմաստը։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ։

Մենք Ադրբեջանի հետ փոխանակվել ենք կոմունիկացիաների բացման թեմայով առաջարկների փաթեթներով, և եթե Ադրբեջանը ընդունի, որ այդ երթուղիները պետք է գործեն ազգային օրենսդրության համաձայն, մենք կարող ենք այս հարցով շատ արագ որոշման հանգել։

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև նաև Ադրբեջանը պետք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին։ Եվ մենք դեռ ոչինչ չենք ստացել։

Ինչ վերաբերում է միջանցքային ձևակերպմանը, ապա շատ կաևոր է նշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար»։