ՍԱՏՄ-ն կասեցրել է Խնձորեսկի արտադրամասում «Չանախ» պանրի արտադրությունը
Հասարակություն
01.08.2022 | 12:12ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ)․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։
Որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է:
Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները, վերահասկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը:
Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Խախտման վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ: