Ի՞նչ կտա էներգետիկ ոլորտի ազատականացումը․ մատչելի էլեկտրաէներգիա արտադրողները չեն միացել ծրագրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այս տարվա փետրվարի 1-ից սպառողն ինքն է ընտրում՝ ո՞ր արտադրողից կամ ի՞նչ աղբյուրից գնի էլեկտրաէներգիա: Սա հնարավոր է դարձել էներգետիկ ոլորտի ազատականացման արդյունքում, ըստ որի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այլևս էլեկտրաէներգիայի միակ մատակարարը չէ, սակայն մնում է որպես բաշխող և շարունակում է էլեկտրաէներգիա վաճառել: Նոր մատակարարողները շուկայի նոր խաղացողներն են, որոնք թեև լիցենզիա են ստացել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, սակայն նրանց առաջարկած գները հանձնաժողովը չի վերահսկում։

Սպառողները Էլեկտրաէներգիան կարող են օնլայն գնել: Բոլոր գործարքներն ու վճարումները հնարավոր է իրականացնել հատուկ առցանց հարթակի միջոցով։ Էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը համակարգում է «Հաշվարկային կենտրոն»-ը։

«Շուկան ազատականացնելով՝ մենք հրաժարվում ենք միջինացված սակագին հասկացությունից, այսինքն՝ ամեն սպառող այն գնով կգնի էլեկտրաէներգիան, որքանով ազդեցություն կունենա այդ սակագնի վրա»,- ասաց «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը։

Ազատականացման նպատակը, առաջին հերթին, այն է, որ արդյունաբերական ձեռնարկությունները հնարավորություն ունենան ավելի էժան գնով ձեռք բերել էլեկտրաներգիա՝ վերացնելով «մեկ գնորդ՝ մեկ վաճառող» մոդելը։ Էլեկտրաէներգիայի շուկան, սակայն, աստիճանաբար է ազատակացվում, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելորդ ռիսկերից՝ ասում է Մեսրոպ Մեսրոպյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Էներէքս» և «Էներջի Սփլայ» մասնավոր ընկերություններն արդեն ստացել են լիցենզիա և էլեկտրաէներգիայի մատակարարներ են։ Այս երկու ընկերությունները, ըստ Մեսրոպյանի, ակտիվ են շուկայում, նրանց խմբերում նոր սպառողներ կան։ Այս պահին ևս շուրջ 12 ընկերություն հայտ է ներկայացրել լիցենզիա ստանալու համար։ «Հաշվարկային կենտրոն»-ի տնօրենի խոսքով՝ արդյունքները գոհացնող են։

«2023 թվականի փետրվարի 1-ից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք միացված են հաղորդողի կամ բաշխողի ցանցին և տարեկան մեկ միլիոն կիլովատտ ժամից ավելի էլեկտրաէներգիա են սպառում, որոնք մեր տնտեսության մեջ մոտ 20-ն են, պետք է մտնեն շուկա, այլապես ստիպված կլինեն գնել շուկայում գոյություն ունեցող ամենաթանկ էլեկտրաէներգիան»,- նշեց Մեսրոպյանը։

Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից էլեկտրաէներգիայի ազատականացման ծրագրի երեքշաբաթյա դասընթացներ են կազմակերպվել այն խոշոր սպառողների համար, որոնք 2023 թվականից պետք է մտնեն ազատականացված շուկա։ Դասընթացներին մասնակցում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Նաիրիտ» գործարանի, «Վեոլիա ջրի» և այլ ընկերությունների ներկայացուցիչներ։

Հայաստանում ներկայում օրական շուրջ 15.4 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա է սպառվում։ Օրվա կտրվածքով մեր երկրում շուրջ 18 միլիոն կիլովատտ/ժամ հոսանք է արտադրվում, ընդ որում, այս փուլում՝ առանց Մեծամորի ատոմակայանի, որը հերթական պլանային պարապուրդում է։ Հանրապետությունում ամենաշատ էլեկտրաէներգիա արտադրողը «Երևանի ՋԷԿ»-ն է։

«Ներկայում վարարման սեզոնն է, այդ վարարման ընթացքում փոքր ՀԷԿ-երը վերցնում են ամենամեծ բեռը»,- ընդգծեց «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը։

Այնուամենայնիվ, Հայաստանը, ըստ Մնացականյանի, կարողանում է ապահովել էլեկտրաէներգիայի սպառումը և՛ մեր երկրի, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության համար։

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ծրագրի շրջանակում էժան կայանների արտադրած ամբողջ էներգիան շուկա դուրս չեն բերի, որպեսզի այն չգնեն խոշոր խաղացողները, օրինակ՝ հանքերը։ Երևանի ՋԷԿ-ը, ինչպես նաև մի շարք փոքր հիդրոէլեկտրակայաններ, արդեն մտել են ազատականացված շուկա, մինչդեռ մատչելի էլեկտրաէներգիա արտադրող խոշոր կայանները՝ դեռևս ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան