Հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի անվտանգությունը հնարավոր է ապահովել, եթե Պուտինը տեղը զիջի դեմոկրատական ռեժիմին․ Վիտալի Պորտնիկով

Լուրեր

23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
Բոլորը

Պուտինի գլխավոր նպատակն Ուկրաինայի լիկվիդացումն է։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղված իրավիճակին։

«Ես ռուսական կողմից չեմ տեսնում պատրաստակամություն ինչ-որ համաձայնության գալու, և դա կապված էլ չէ նրա հետ, որ Կրեմլը հանդես է գալիս ուկրաինական կողմի համար անընդունելի պահանջներով։ Դա կապված է նրա հետ, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ուկրաինական հարցը լուծել ռազմական ճանապարհով, նրա նպատակն է հասնել ուկրաինական պետության ոչնչացմանը՝ հարվածելով ենթակառուցվածներին և վախեցնելով խաղաղ բնակիչներին»,- նշեց նա՝ հենց Պուտինի նման ցանկություններն էլ համարելով ռուս-ուկրաինական բանակցությունների անհաջողության պատճառը։

Խոսելով Ուկրաինայի կողմից հնարավոր փոխզիջումների մասին՝ Վիտալի Պորտնիկովը մատնանշեց նախագահ Զելնինսկիի առաջարկները, թե կարող է քննարկել Պուտինի հետ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու դեպքում։

«Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը չի էլ ցանկանում ուկրաինական կողմից որևէ փոխզիջում, նա տարված է նախկին Խորհրդային միության վերականգնման գաղափարով, և Ուկրաինայի օկուպացիան միայն սկիզբն է։ Հայաստանի Հանրապետության լիկվիդացիան և նրա միացումը միութենական մի երկրի, որի ղեկավարը ինքը կլինի, նույնպես Պուտինի նպատակներից է։ Պետք չէ անգամ կասկածի տակ դնել Ռուսաստանի նախագահի մտադրությունները»,- հայտարարեց ուկրաինացի վերլուծաբանը։

Անդրադառնալով նրան, որ ՆԱՏՕ-ից հայտարարում են, թե այս պահին Ուկրաինայի անդամակցության հարց իրենց օրակարգում չկա, մեր զրուցակիցը նշեց՝  իրենք ըմբռնումով են մոտենում Արևմուտքի, ի դեմս ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի հետ առճակատումից խուսափելուն, քանի որ կարծում են, որ այդ դեպքում կստեղծվեն պայմաններ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի համար։

«Դրա հետ մեկտեղ՝ ուկրաինացիները վստահ են, որ Արևմուտքը կարող է ավելին անել՝ օգնելու ոչ միայն պաշտպանել Ուկրաինան, այլ նաև խաղաղ ուկրաինացիներին, որոնց ոչնչացնում են ռուս զինվորականները։ Խոսքը վերաբերում է և՛ Ռուսաստանի համար օդը փակելուն, և՛ Ուկրաինային այնպիսի ՀՕՊ համակարգեր տրամադրելուն, որոնք կկարողանան պաշտպանել ուկրաինական քաղաքները ռուսական օդուժից։ Բայց ես վստահ եմ, որ այն աղետաբեր պատժամիջոցները, որ Արևմուտքն է կիրառում, կօգնեն ոչնչացնել ռուսական տնտեսությանը և կապակայունացնեն ինչպես ռուսական քաղաքական ռեժիմը, այնպես էլ  Ռուսաստանի հանցավոր ղեկավարությունը»,- նշեց նա։

Ուկրաինացի վերլուծաբանը նաև համոզմունք հայտնեց, որ Ուկրաինան անպայման դառնալու է Եվրամիության անդամ՝ չնայած նրան, որ միջազգային կառույցից հայտարարում են, թե այս պահին նման համաձայնության չեն գալիս։

«Ես կարծում եմ, որ դա կլինի ավելի վաղ, քան մենք սպասում ենք։ Բայց դա գործընթաց է, որը պետք է լինի։ Հիմա, կարծում եմ, կարևորն Ուկրաինայում կրակի դադարեցումն է և ագրեսորին պատժելը։ Հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի անվտանգությունը հնարավոր կլինի ապահովել, եթե Ռուսաստանի քաղաքական ներկայիս ղեկավարությունը՝ Պուտինի գլխավորությամբ, իր տեղը զիջի ավելի խելամիտ, դեմոկրատական ռեժիմին, որը կհարգի սուվերեն երկրների իրավունքները, որոնք քաղաքական քարտեզի վրա հայտնվել են 1991 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո»,- նշեց Պորտնիկովը։

Նա նաև հավելեց, որ վստահ է՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներն իսկապես մահաբեր են լինելու․ «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը չի կարող հաղթել այդ տնտեսական պատերազմը, նաև վստահ եմ, որ Ռուսաստանի տնտեսութունը կփլուզվի, և այստեղ կսկսվի սոցիալական, գուցե նաև քաղաքական անկայունություն»։

Վերլուծաբանը նկատեց, որ ստեղծված իրավիճակում կա երկու տարբերակ՝ կա՛մ  ռուսական այսօրվա էլիտայի փոփոխություն, կա՛մ ռուսական պետության փլուզում՝  ինքնորոշման միջոցով այստեղի ժողովուրդների իրավունքների վերականգնումով։

«Հույս ունեմ, որ Արևմուտքի պատժամիջոցների արդյունքն իսկապես այս երկու գործընթացներից մեկը կլինի»,- նշեց նա։

Ըստ Պորտնիկովի՝ աղետալի հետևանքներ կունենան Արևմուտքի կողմից ռուսական էներգակիրներից հրաժարվելը։ Նա մատնանշեց ԱՄՆ-ի օրինակը, նկատեց, որ Պուտինն իր հաշվարկներում դա չի ունեցել։

«Հուսով եմ, որ ոչ միայն ԱՄՆ-ի կողմից կլինի ռուսական էներգակիրներից հրաժարում, այլ վերջնարդյունքում նաև Եվրոպան կհրաժարվի դրանցից։ Գործողությունները, որոնք կհանգեցնեն, որ Ռուսաստանն այլևս եկամուտներ չստանա էներգետիկ ոլորտից, արդեն մեկնարկել են։ Դրա ազդեցությունը շուտով զգալու է ոչ միայն Պուտինը, այլ նաև շարքային ռուսաստանցին։ Դա աղետալի հետևանքներ կունենա ռուսական պետության համար, որն այս 10 տարիների ընթացքում ոչնչով չի զբաղվել՝ բացի էներգակիրներ վաճառելուց, և որը չունի զարգացած տնտեսություն»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ ուկրաինական պատերազմը դեռ երկար է տևելու, պատրա՞ստ են դրան դիմանալու, ուկրաինացի փորձագետն արձագանքեց․ «Կարծում եմ՝ մեր ժողովուրդը պատրաստ է Ռուսաստանի հետ երկարատև առճակատմանը։ Դաժան ագրեսորի նկատմամբ վրեժը շատ մեծ է։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ կարող են փրկվել, եթե դիմադրեն ռուսական հարձակմանը և հասնեն Ուկրաինայի համար պատերազմի ընդունելի արդյունքին։ Իհարկե, հասկանալի է նաև, որ Ռուսաստանը ցանկանում է երկարաձգել առճակատումը․ Պուտինի նպատակն է ուկրաինական պետության, ավելին ասեմ՝ ուկրաինացիների ոչնչացումը։ Մենք դա տեսնում ենք Խարկովի, Մարիուպոլի և այլ ուկրաինական քաղաքների բարբարոս ռմբակոծություններով, որտեղ բնակչության մեծ մասը մինչև Պուտինի ներխուժումը խոսում էր ռուսերեն, և որոնց, իր պատկերացումներով, ինքը պետք է ազատագրեր, այլ ոչ թե ոչնչացներ»։

Իր  համար ընդունելի պատերազմի արդյունքը, ուկրաինացի վերլուծաբանի խոսքով, կլինի ռուսական քաղաքական էլիտայի «ապամոնտաժումը», ագրեսիվ Ռուսաստանի ապառազմականացումը և ռազմական հանցագործների պատիժը, որոնց թվում են Պուտինը, Լավրովը, Շոյգուն և ռուսական կառավարության այլ պաշտոնյաներ։

«Այս մարդկանց կարող ենք համեմատել հիտլերյան ժամանակների ռազմական հանցագործների հետ։ Նրանց տեղը «Նյուրնբերգյան նոր դատավարության» նստարանին է։ Բայց եթե դրան հիմա հասնել հնարավոր չլինի, պատերազմի ցանկալի արդյունքն ինձ համար կլինի սուվերեն ուկրաինական պետության պահպանումը և խաղաղության հաստատումը, որը մեզ հնարավորություն կտա լինել Ռուսաստանի կործանման ականատեսը, այլ ոչ թե նրա ագրեսիայի զոհերը»,- եզրափակեց Պորտնիկովը։

Հռիփսիմե Հովհաննիսյան