ՌԴ-ն բացահայտ հավատարմություն կարող է պահանջել Հայաստանից Ուկրաինայի հարցում․ դիվանագիտական հավասարակշռությունը կարող է կորել․ Ռիչարդ Կիրակոսյան
Քաղաքականություն
08.03.2022 | 22:30Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական ներխուժումն Ուկրաինա կտրուկ և ակնթարթորեն փոխեց առանց այն էլ նուրբ աշխարհաքաղաքական լանդշաֆտը: Factor.am-ի հետ զույցում նման կարծիք է հայտնում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։
«Չնայած Արևմուտքի բազմաթիվ զգուշացումներին, որոնք ամրապնդվում էին ռազմական գործողությունների դեպքում կոշտ պատժամիջոցների սպառնալիքներով, Ռուսաստանը բացահայտորեն անտեսեց դիվանագիտական լուծման բոլոր փորձերը՝ որոշում կայացնելով հօգուտ Ուկրաինայի հետ հակամարտությունը սրելու համար զենքի ուժ կիրառելու համարձակ վճռականության»,- նկատում է նա։
Կիրակոսյանի դիտարկմամբ՝ ավելի լայն տեսանկյունից Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ներկայացնում է շատ ավելի մեծ մարտահրավեր եվրոպական անվտանգության համար։ Եվ դա, ըստ նրա, նաև պայմանավորված է իր հարևաններից Ռուսաստանի դժգոհությամբ, երբ նրանք ձգտում են ցանկացած աստիճանի «ինքնիշխան ընտրության»։
«Այնուամենայնիվ, Ուկրաինա ներխուժելու որոշումը բխում է Ռուսաստանի՝ թուլության և անապահովության համակցումից, այլ ոչ թե ուժից և վստահությունից: Ռուսաստանի աստիճանական քայլը՝ հարկադրանքից դեպի ներխուժում, խաթարվեց հինգ թերի ենթադրությունների և սխալ հաշվարկների պատճառով»,- կարծում է վերլուծաբանը։
Factor.am-ը ներկայացնում է Ռիչարդ Կիրակոսյանի վերլուծությունը Ուկրաինա ներխուժելու ռուսական սխալ հաշվարկների, պատերազմի հետևանքների և Հայաստանի վրա դրա ազդեցության մասին։
Ռուսաստանի թերի ենթադրությունները և սխալ հաշվարկները
- 2014 թվականին Ղրիմի բռնակցումից ի վեր Ռուսաստանը սահմանափակ շփումներ ուներ և նույնիսկ ավելի քիչ էր հասկանում ուկրաինական զարգացումները: Այս ութ տարվա անտեղյակությունը և Ուկրաինայից մեկուսացումը միայն խթանեցին Մոսկվայի վտանգավոր՝ չափից ավելի ինքնավստահությունը: Բացի այդ, ռուս պլանավորողներին՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական, նույնպես խոչընդոտել է հստակ և համահունչ ռազմավարական «վերջնական պետության» նպատակի բացակայությունը: Եթե նպատակն է իսկապես «ռեժիմի փոփոխություն» պարտադրել ժողովրդավարական ճանապարհով ընտրված և ժողովրդական ուկրաինական կառավարությանը, ապա դա արդեն ներկայացնում է Ուկրաինայի վերաբերյալ ռուսական վտանգավոր սխալ ըմբռնումը։
- Ավելի լայնորեն, Ռուսաստանի ռեֆլեքսիվ մոլուցքն Արևմուտքի նկատմամբ և ՆԱՏՕ-ի սպառնալիքի չափազանցված ընկալումն ամրապնդվեց ռուսական քաղաքականության նկատմամբ արձագանքների թուլությամբ, քանի որ թե՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), թե՛ Եվրասիական տնտեսական միությունը չկարողացան համապատասխանել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը լկտիաբար անտեսեց զարգացումներն իր անմիջական հարևանությամբ՝ արհամարհելով իր հարևանների իրական ձգտումները և ինքնիշխան ընտրությունը։
- Ռազմական պարտադրանքից ուղղակի ներխուժման անցնելու որոշումը բխում էր խորը գերվստահությունից, որը մասամբ ամրապնդվել էր վերջերս Ղազախստանում Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի արագ տեղակայման փաստով: Ռուսական իշխանությունն ամրապնդելու և նախագծելու ցանկությունից դրդված՝ Ուկրաինա ներխուժելու որոշումը Կրեմլը կայացրել է՝ հիմնվելով երեք հիմնական սխալ ընկալումների համակցության վրա․ մտածելակերպ, որը դեռևս պահպանվել է 2008թ. Վրաստան ներխուժման ժամանակից՝ դա համարելով ռազմական միջամտության ամենաարդիական մոդելը։ Երկրորդ սխալ գնահատականը ենթադրությունն էր, որ Ամերիկան ցրված է, Արևմուտքը թույլ վճռականության ունի։ Երրորդը հիմնված էր 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքի վրա, որով հաստատվեց ուժի կիրառումը, և որը հանգեցրեց Արևմուտքի թույլ արձագանքին։
- Մեկ այլ առանցքային թերություն նկատվում է ռուսական ռազմավարական որոշումների կայացման գործընթացում, որն ուղղորդվում էր մեկուսացված և անջատ առաջնորդի կողմից՝ զուրկ ազնիվ խորհուրդներից և անկեղծ գնահատականներիցm և ծանրաբեռնված էր հնազանդ, վատ տեղեկացված կարճատես «խմբային մտածողությամբ»։
- Եվ ամենակարևորը, ռազմական համատեքստում, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ապացուցվել է, ինչը թվում էր, թե շատ ավելի դժվար կլիներ։
Ռազմական թերացումների այս վերջին գործոնը կապված է նաև օպերատիվ լուրջ թերությունների հետ, որոնք ակնհայտ դարձան օդային գերակայություն ձեռք բերելու՝ Ռուսաստանի ձախողման, սպառազինությունների չարաշահման, լիարժեք նյութատեխնիկական աջակցության և սնուցման կտրուկ պակասի արդյունքում։ Խնդիր է նաև մարտական պատրաստականության անկումը, որը հատկապես առաջացավ ներխուժումից առաջ՝ ամիսներ տևած կուտակման ժամանակ անգործ մնալուց։
Ավելին, Ռուսաստանի համար ներխուժման անմիջական արդյունքը խորը դիվանագիտական մեկուսացումն էր՝ զուգորդված ներքին փխրուն աջակցությամբ և համակարգային տնտեսական պատժամիջոցների մեկնարկով, որն արդեն իսկ ցույց տվեց ռուսական տնտեսության համար լուրջ ճգնաժամի նշաններ: Հատկանշական է, որ Ռուսաստանը զգալի հաջողությունների է հասել միայն մեկ ոլորտում՝ միավորելով և համախմբելով Արևմուտքը, ինչը դրսևորվում է գերմանական ավանդական զգուշավոր քաղաքականության մեջ զգալի տեղաշարժով և Ճապոնիայի երկարամյա պասիվ դիրքերից հանդես գալուց հրաժարվելով։
Ազդեցություն և հետևանքներ
Մոսկվայի յուրաքանչյուր հարևանի մոտ վերջին մի քանի ամիսների ընթացքում աճող լարվածության վերաբերյալ մտահոգությունը փոխարինվել է լուրջ անհանգստությամբ․ Ռուսաստանը լիարժեք ռազմական ներխուժում կատարեց Ուկրաինա: Ուկրաինան այժմ դարձել է ժողովրդավարության նոր ճակատային գծի կենտրոնական, բայց ոչ միակ բաղադրիչը: Ռուսաստանի հարևանների համար ազդեցությունն ու հետևանքները նույնքան լայն են, որքան լանդշաֆտը, որը ձգվում է Ուկրաինայից Հարավային Կովկասով մինչև Կենտրոնական Ասիա: Այս համատեքստում կան մի քանի կարևոր հետևանքներ, որոնք բաղկացած են կարճ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հավանական գործոններից։
Կարճաժամկետ ազդեցություն
Մոսկվայի դեմ կիրառված լուրջ համակարգային պատժամիջոցների հետևանքով՝ Ռուսաստանի հարևանությամբ յուրաքանչյուր տնտեսություն կբախվի անմիջական մարտահրավերների և սպասվող ճնշման, որոնք կազդարարվեն տրանսֆերտների կտրուկ և հանկարծակի անկմամբ։ Դրանք հիմնականում արտահայտված են ռուսական ռուբլով: Օրինակ՝ Հայաստանի համար սեփական արժույթի՝ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է հինգ տոկոսով այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։
Այս երկրները նույնպես կբախվեն կարճաժամկետ բացասական շոկի՝ ավելի լայն տարածաշրջանային առևտրի և օդային տարածք մուտքի փակման հետևանքով արտերկիր ճանապարհորդությունների սահմանափակումների արդյունքում: Եվ Հայաստանը հատկապես խոցելի է առևտրի անկման բացասական հետևանքների նկատմամբ, քանի որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը և առաջնային արտահանման շուկան (անցյալ տարի երկկողմ առևտուրն ընդլայնվել է 21 տոկոսով՝ հասնելով 2,6 միլիարդ դոլարի): Իրականում, նույնիսկ մինչ ռուսական ներխուժումը, պարենային ապրանքների գները Հայաստանում աճել են մոտավորապես 13 տոկոսով։
Միջնաժամկետ հետևանքներ
- Միջնաժամկետ հեռանկարում, անկախ պատերազմի վերջնական արդյունքից, զայրացած, վրդովված և մեկուսացված Ռուսաստանը կդառնա անկայունության է՛լ ավելի վտանգավոր շարժիչ ուժ, կփորձի լծակներ օգտագործել և հրահրել այլ հակամարտություններ անմիջական հարևանությամբ՝ թուլացնելու համար Մոլդովան և Վրաստանը, և գործադրելու առավելագույն ճնշում Հայաստանի և Ադրբեջանի նկատամամբ։ Այսպիսով, թույլ, ավելի անկանխատեսելի Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության և կայունության համար նույնիսկ ավելի վտանգավոր մարտահրավեր կստեղծի։
- Այն ֆոնին մենք պետք է ակնկալենք ավելի հաստատակամ ռուսական բռնաճնշումներ «մերձավոր արտերկրում», որը խարխլում է պայքարող ժողովրդավարությունները և թիրախավորում բարեփոխումների ձգտողներին։
Հայկական տեսանկյուն
2018 թվականի Հայաստանի թավշյա հեղափոխությամբ՝ «ժողովրդական իշխանության» հազվագյուտ հաստատումից ի վեր, ժողովրդավարությունն այստեղ հետևողականորեն ամրապնդվել է երկու իրար հաջորդող ազատ և արդար ընտրություններով: Չնայած ժողովրդավարության ամրապնդման գործում լուրջ ձեռքբերումներին՝ Հայաստանի «հավատարմագրերը» բավարար չէին երկիրը պաշտպանելու 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից։ Ամենակարևորն այն է, որ 2020 թվականի պատերազմը վտանգավոր և անհանգստացնող նախադեպեր ստեղծեց Հայաստանի համար՝ աչքի ընկնելով որպես ավտորիտար Ադրբեջանի և Թուրքիայի հաղթանակի կործանարար ցուցադրում, միաժամանակ, կարծես, վերահաստատելով, որ քաղաքական հակամարտությունը ռազմական լուծում ունի: Եթե այս վտանգավոր նախադեպերից յուրաքանչյուրը չվիճարկվի, միայն խարխլելու է արևմտյան արժեքները, և զենքի ուժը դիվանագիտությունից նախընտրելի է դառնալու։
Այս ֆոնին հետպատերազմյան Հայաստանն այժմ, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, բախվում է նոր մարտահրավերի: Ավելի քան քսան տարի Հայաստանի արտաքին քաղաքականությունը «կոմպլեմենտարիզմ» սահմանումով էր առաջնորդվում․ Երևանը պայքարում էր ռազմավարական «հավասարակշռություն» պահպանելու Ռուսաստանի հետ իր անվտանգության գործընկերության և ԵՄ-ի ու Արևմուտքի հետ կապերը խորացնելու շահագրգռվածության միջև: Այս քաղաքականությունը դժվար է եղել պահպանել տարիների ընթացքում, հատկապես՝ հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստանի կախվածության միտումը, որը պայմանավորված է անվտանգային և ռազմական խնդիրներով։
Բայց 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Հայաստանին Ռուսաստանի անվտանգության խոստումների սահմանափակ լինելը բաց ու ակնհայտ դարձավ։ Իսկ Ուկրաինա ռուսական ներխուժմամբ Հայաստանը բախվում է ավելի ազդեցիկ և, գուցե, անհնարին մարտահրավերի, այն է՝ բավարարել Մոսկվայի ակնկալիքները՝ պահպանել լոյալություն իր նկատմամբ և աջակցել Ուկրաինայի դեմ ագրեսիային։
Սահմանափակ ուղղակի ազդեցություն Հայաստանի վրա
Հայաստանի դեպքում, սակայն, մտահոգությունն ու անհանգստությունը որոշ չափով փոխհատուցվում են երկու գործոնով.
- Նախ՝ Ուկրաինա ռուսական ներխուժմանը Հայաստանի անմիջական ռազմական մասնակցության բացակայությունը մեզ ապահովագրում է պատժամիջոցների կիրառումից։ Սակայն այն դեպքում, եթե Ռուսաստանը փորձի օգտագործել Հայաստանը որպես ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները տապալելու կամ շրջանցելու միջոց, երկրորդական պատժամիջոցների տակ ընկնելու վտանգ է առաջանալու։
Բայց հաշվի առնելով Հայաստանի հաջողությունը Իրանի դեմ արևմտյան նմանատիպ պատժամիջոցների դեպքում, և հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցների նախկին նախադեպերը (սահմանված 2008 թվականին Վրաստանում պատերազմի և 2014 թվականին Ղրիմի գրավման ժամանակ), որոնք երբեք չեն ներառել Երևանը, Հայաստանի կառավարությունն ակնկալվում է, որ ավելի հավանական է, որ կխուսափի նման ռիսկից։
- Երկրորդ՝ Հայաստանն օգտվում է աշխարհագրության հազվագյուտ առավելությունից․ գտնվում է Ուկրաինայից ավելի քան 1400 կիլոմետր հեռավորության վրա, նաև Ռուսաստանի հետ որևէ ցամաքային սահման չունի։ Աշխարհագրության առումով Հայաստանը շատ հեռու է հակամարտության գոտուց։
Դասեր Հայաստանի համար և Հայաստանից
Հայաստանի համար կարևոր են Ուկրաինա ռուսական ներխուժումից ստացած դասերը։
Ակնհայտ երկակի ստանդարտներ են նկատվում և՛ լրատվամիջոցների լուսաբանման, և՛ ուկրաինական պատերազմին արևմտյան համաձայնեցված արձագանքի առումով, երբ համեմատում ենք Ուկրաինայի դեմ պատերազմը Ղարաբաղի դեմ պատերազմի հետ։
- Չնայած ուկրաինական և արցախյան պատերազմների միջև զգալի տարբերություններին և հստակ առանձին ենթատեքստին՝ պետք է նկատենք՝ ռուսական ներխուժումն Ուկրաինա առաջացրել է Արևմուտքի բուռն արձագանքը, որի արդյունքում պատժամիջոցներ սահմանվեցին Ռուսաստանի դեմ։ Դրանք երբեք չկիրառվեցին 2020թ․Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ Արցախյան պատերազմի ժամանակ։
Կա հայկական խոցելիության անխուսափելի իրավիճակ, որը բաղկացած է չորս գործոններից։
Նախ, և ամենաուշագրավ այն է, որ Հայաստանը ենթարկվել և ենթարկվում է Ռուսաստանի՝ իրեն հավատարիմ մնալու պահանջներին, չնայած միջազգային հանրությունում էլ կա ակնկալիք, որ Երևանը դեմ կգնա Ռուսաստանի ագրեսիային։ Սա պատմության սխալ կողմում կանգնելու և մեկուսանալու ռազմավարական վտանգ կարող է դառնալ՝ ստեղծելով սխալ ընկալում Հայաստանի մասին․ դառնում է հայցող պետություն կամ ռուսամետ վասալ։
Երկրորդ՝ Ռուսաստանի ճնշման տակ մանևրելու ավելի սահմանափակ տարածքի և ավելի քիչ տարբերակների պայմաններում Հայաստանի հանդեպ Արևմուտքի հանձնառությունը կասկածի տակ է դրվում՝ Արևմուտքի ըմբռնման և համբերության պակասի, Ռուսաստանի ավելի մեծ անհանդուրժողականության և ռազմավարական նշանակության նվազման պայմաններում: Այս գործոններից յուրաքանչյուրը կարող է միավորվել՝ միայն ուժեղացնելու վախը Ռուսաստանի նկատմամբ և, հնարավոր է, դա նաև ազդի Արևմուտքի հանդեպ Հայաստանի հանձնառության վրա:
Այդ համատեքստում երրորդ գործոնը բխում է այն իրողությունից, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատահական «շահերի սերտաճումը», որը որոշվում էր Լեռնային Ղարաբաղում հետպատերազմյան կայունության ընդհանուր շահով, այլևս չի գործում։ Դրանից բխող հավանական զարգացումները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես միջնորդի դիվանագիտական ձևաչափի փլուզումը, Ռուսաստանի կողմից հայ-թուրքական «կարգավորման» աջակցության նոր և կասկածելի պարտավորությունը։
Վերջապես, Հայաստանի ներքին բարեփոխումների և ժողովրդավարության համար ավելի մեծ վտանգ են ռուսական նոր ճնշման սկիզբը և ռուսական քաղաքականության նոր շրջանակը, որն օգտագործում է Հայաստանի հետպատերազմյան անապահովությունը և Լեռնային Ղարաբաղը՝ որպես առանցքային «ճնշման կետ»։ Միաժամանակ, Մոսկվան Ղարաբաղն օգտագործում է որպես «գրավիչ ապրանք»՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ փոխանակում անելու համար։
Հայաստանի արձագանքը. «Ռազմավարական լռություն»
Այս ամենին ի պատասխան՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձեռնամուխ է եղել ավելի նուրբ դիվանագիտական դիրքորոշման՝ ջանք գործադրելով Ռուսաստանին հանգստացնելու և, միաժամանակ, ռուսական կողմի հանդեպ նվազագույն աջակցություն և նվիրվածություն ցուցադրելու ուղղությամբ: Այս հարմարվողական դիվանագիտական պատասխանը հիմնված է «ռազմավարական լռության» կիրառման տակտիկական քաղաքականության վրա։ Նախատեսված է հնարավորինս քիչ բան անել և ասել՝ խուսափելով Մոսկվայի հանդեպ բացահայտ կամ ակնհայտ անհնազանդությունից:
Սա առավել պարզ երևում է Հայաստանի վարչապետի կամ արտգործնախարարի հայտարարությունների բացակայությունից։ Փոխարենը՝ ԱԳՆ խոսնակի միջոցով հայտարարվում է Ուկրաինայի հետ Ռուսաստանի հակամարտության «դիվանագիտական լուծմանն» աջակցության մասին։ Այս տեսանկյունից է, որ Հայաստանը նաև ձեռնպահ է քվեարկում ՄԱԿ-ում և ԵԽ-ում դիվանագիտական առանցքային քվեարկություններում՝ որպես քաղաքականության պատասխան:
Բայց Հայաստանի կողմից նման «ռազմավարական լռության» հաջողության համար սահմաններ կան, ինչի մասին վկայում է Եվրախորհրդում Ռուսաստանին այդ մարմնից հեռացնելու քայլի դեմ Հայաստանի դժկամ քվեարկությունը: Ու թեև Երևանի դիրքորոշումը՝ որպես, Ռուսաստանից բացի, այդ քայլին դեմ միակ այլ երկիր, վտանգավոր կերպով մեկուսացնում է Հայաստանին, սակայն նաև ցույց է տալիս, որ Հայաստանի համար ընտրություն չկար։ Այնուամենայնիվ, այժմ վտանգը կայանում է նրանում, որ Ռուսաստանն ավելի մեծ աջակցություն և բացահայտ հավատարմություն կարող է պահանջել Հայաստանից, դիվանագիտական հավասարակշռությունը կարող է կորել՝ սպառնալով Հայաստանին գցել խոցելի և մեկուսացված վիճակում՝ պատմության սխալ կողմում:
Եվ նույնիսկ ավելի բաց հայկական հավատարմության ռուսական հնարավոր պահանջներից դուրս՝ շատ իրական վտանգ կա, որ Հայաստանը կբախվի ավելի հաստատակամ ռուսական քաղաքականության՝ սահմանափակելու իր յուրաքանչյուր հարևանի ինքնիշխան ընտրությունն ու ռազմավարական տարբերակները: Ռուսաստանի այս հավանական ձգտումը՝ խստացնել վերահսկողությունը «մերձավոր արտասահմանում», որպես ռուսների գերակշռող «ազդեցության գոտի», կարող է միայն նոր սահմաններ և ավելի մեծ պահանջներ դնել Արևմուտքի հետ Հայաստանի զարգացող կապերի վրա:
Հռիփսիմե Հովհաննիսյան