Բայդենի երդումը, հեռացող Մերկելը, «դելտայի» գրոհը․ Factor TV-ն հետադարձ հայացք է նետում 2021 թվականին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2024 | 17:00
Որ երկրների առաջնորդների ու պաշտոնյաների հետ է կարճ հանդիպումներ ունեցել Փաշինյանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Բուդապեշտից
07.11.2024 | 16:54
Ֆրանսիայի Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը Հայաստանում է․ հանդիպումներ են կայացել ՆԳՆ-ում
07.11.2024 | 16:45
ԵՄ 27 երկրների առաջնորդները կքննարկեն Վրաստանում հետընտրական իրավիճակը
07.11.2024 | 16:33
Օրենքը գրելիս, որ շատ մտածեինք, գուցե ասեինք՝ անտառապահները մնան որպես ժամանակավոր էկոպարեկներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 16:30
Թրամփը ՀՀ-ին և Ադրբեջանին «ձեռնտու» առաջարկ կանի, պայմանով՝ եթե չհամաձայնվեք, տեսեք՝ ինչ կլինի․ Արմեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 16:21
ԵՄ-ն մերժում է Կիպրոսի թուրքերի անջատողական միավորումն օրինականացնելու՝ Թյուրքական պետությունների կազմակերպության բազմակի փորձերը․ Բորել
07.11.2024 | 16:11
Փաշինյանը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5 րդ գագաթնաժողովի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 16:07
Ինչու է «ծաղկում» Սևանա լիճը․ ԳԱԱ-ն միտումները բացահայտող նոր տվյալներ է հրապարակել
07.11.2024 | 16:02
Մակրոնը Ֆրանսիայի լիակատար աջակցությունն է հայտնել Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
07.11.2024 | 15:55
Էկոպարեկները միայն կոշտ միջոցներ կիրառողներ չեն. Էկոպարեկային ծառայության պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 15:47
Համահայկական աղոթք գերիների համար
07.11.2024 | 15:40
Դիլիջան ազգային պարկում ծառահատումների դեպքով 1 էկոպարեկ ազատվել է աշխատանքից. Վլադիմիր Կիրակոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 15:31
Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել 20 տարով հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց և սառեցնել պատերազմը ռազմաճակատի գծով․ WSJ
07.11.2024 | 15:23
Գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարին
07.11.2024 | 15:15
Թրամփը չի ստիպի Ուկրաինային զիջել տարածքներ․ Տիգրան Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աստիճանաբար արթնանալով կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած նիրհից՝ 2021 թվականին աշխարհն է՛լ ավելի անհանգիստ դարձավ. հին  հակամարտությունները վերսկսվեցին և նորերը բռնկվեցին աշխարհի տարբեր ծայրերում։ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում ճգնաժամը միայն խորացավ, ԱՄՆ-ը հեռացավ Աֆղանստանից, որտեղ թալիբները վերադարձան որպես լիիրավ տերեր: Factor.am-ը հետադարձ հայացք է նետել 2021 թվականի կարևորագույն միջազգային իրադարձություններին։

Կորոնավիրուսային համաճարակը 2021 թվականին

Ինչպես և նախորդ՝ 2020 թվականին, այնպես էլ 2021-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում բնակվող մարդկանց կենսագործունեությունն ուղեկցվել է կորոնավիրուսային համաճարակով։

Վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում հայտնաբերվել են կորոնավիրուսի բազմաթիվ նոր շտամներ, որոնցից ամենավտանգավորն ու վարակիչը բրիտանական «ալֆա»-ն և հնդկական «դելտա»-ն էին։ Սակայն աշխարհում ամենամեծ անհանգստությունը հարուցեց նոյեմբերի վերջին ՀԱՀ-ում հայտնաբերված վիրուսի ևս մեկ նոր շտամ, որը ստացավ «օմիկրոն» անվանումը։ Նոր շտամը մտահոգություն առաջացրեց ԱՀԿ-ի մոտ, քանի որ մեծ թվով մուտացիաներ ունի, իսկ սա կարող է նշանակել, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են ավելի քիչ արդյունավետ լինել դրա դեմ:

Ջրհեղեղներ և անտառային հրդեհներ, որոնք մեծ վնաս հասցրեցին և զոհերի պատճառ դարձան մի շարք երկրներում

Աշխարհում այս տարի տարերային աղետների պակաս չզգացվեց։ Անոմալ շոգ եղանակային պայմանների պատճառով անտառային հրդեհներ գրանցվեցին եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Չեռնոգորիայում և Հունաստանում։

Անտառներ էին վառվում նաև Եվրոպայի սահմաններից դուրս․ տարերային աղետներ գրանցվեցին միաժամանակ Սիբիրում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Ռուսաստանում այս տարի գրանցված անտառային հրդեհների մակերեսը կազմել է 18,2 միլիոն հա, ինչը ռեկորդային է 21-րդ դարասկզբից ի վեր։

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում ևս այս տարի հրդեհները մասշտաբային էին։ Նահանգում գրանցվեց ավելի քան 7․400 բռնկում՝ ամայացնելով շուրջ 900 հազար հա տարածք։ Այստեղ հրդեհները հասան անգամ Կալիֆորնիայի «Սեքվոյաների» ազգային պարկ, որտեղ շուրջ 2000 սեքվոյա կա, այդ թվում՝ 83 մետրանոց «գեներալ Շերմանը»՝ Երկրի ամենամեծ ծառը, որը մոտ 2200 տարեկան է և «Ազատության» արձանից ընդամենը 9,3 մետրով է ցածր: Հրշեջները փորձել են հնագույն ծառերը հրդեհից փրկել ջերմակայուն ծածկոցներով։

2021 թվականի ընթացքում նաև ջրհեղեղների պակաս չկար։ Եվրոպայի մի շարք երկրներում խոշոր ջրհեղեղներ գրանցվեցին, որոնք սկսվեցին 2021 թվականի հուլիսի 12-ին՝ «Բեռնդ» ցիկլոնի (Bernd) հետևանքով առաջացած հորդառատ անձրևներից հետո։ Մի քանի գետային ավազաններ դուրս եկան ափերից։ Հիմնական վնասը հասցվեց Գերմանիային, որտեղ գրանցված ջրհեղեղը խոշորագույնն է ճանաչվել վերջին 100 տարվա ընթացքում։ Առնվազն 209 մարդ զոհվեց Գերմանիայում, 36-ը՝ Բելգիայում, 1-ը՝ Իտալիայում, 1-ը՝ Ավստրիայում, 2-ը՝ Ռումինիայում, հարյուրավոր մարդիկ էլ անհետ կորած են համարվում։

Ջո Բայդենը՝ ԱՄՆ 46-րդ նախագահ

2021 թվականը լի էր նաև քաղաքական կարևոր իրադարձություններով։ Նախ՝ 2021-ի հունվարի 20-ին Ջո Բայդենը երդվեց որպես ԱՄՆ 46-րդ նախագահ։ Վերջինիս երդմնակալության արարողությանը չմասնակցեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Քամալա Հարիսը երդվեց որպես ԱՄՆ փոխնախագահ՝ դառնալով ոչ միայն առաջին կինը, այլև առաջին սևամորթ և ասիացի ամերիկուհին, որը զբաղեցրեց այդ պաշտոնը:

Դեմոկրատ Բայդենի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջին տարին դյուրին չէր: Խնդիրները սկսվեցին դեռ երդմնակալությունից առաջ։ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որոնք չէին ցանկանում ընդունել Թրամփի պարտությունը, ներխուժեցին Կապիտոլիումի շենք՝ ջարդարարությունների և բախումների հետևանքով մի քանի մարդ զոհվեց։ Ոստիկանությունը մինչ օրս հետախուզում է գրոհի որոշ մասնակիցների։ Կատարվածից ցնցված ամերիկացիները Թրամփին մեդադրեցին ապստամբության կոչեր անելու մեջ։

Իսկ նախագահ Բայդենի առաջին գործողությունը մի քանի կարևոր գործադիր հրամանների ստորագրումն էր, որոնք ներառում էին կրկին Փարիզի կլիմայի համաձայնագրին և ԱՀԿ-ին միանալը:

ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերություններն աննախադեպ սրվեցին

2021 թվականին Ռուսաստանի և Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն աննախադեպ սրվեցին։ Բրյուսելից ռուս դիվանագետների հերթական արտաքսումից հետո, որոնց ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեղադրեցին լրտեսական գործունեության մեջ, ՌԴ-ն որոշեց դադարեցնել մշտական առաքելության աշխատանքը Բելգիայում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և փակել Մոսկվայում դաշինքի ռազմական կապի առաքելությունն ու տեղեկատվական բյուրոն։

Բացի այդ, ՌԴ-ն և ԱՄՆ-ը միմյանց մեղադրեցին ռազմական ներուժի կուտակման մեջ։ Մասնավորապես, Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է Ուկրաինայի հետ սահմանին զորքերի կուտակման մեջ, որոշ լրատվամիջոցներ անգամ Ուկրաինա ռուսական ներխուժման ժամկետներ էին նշում։ ՌԴ-ն հերքեց այս մեղադրանքները՝ փոխադարձաբար ԱՄՆ-ին մեղադրելով ՌԴ սահմանների մոտ իր ռազմական ներուժի ուժեղացման մեջ։

ԱՄՆ և ՌԴ ղեկավարներն այս տարի երկու անգամ հանդիպեցին

2021 թվականին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ հանդիպեցին։

Գրեթե հինգ ժամ տևած հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ պատմական Վիլլա Լա Գրանժում՝ Ժնևի շատրվանի ֆոնին, առաջնորդները պայմանավորվեցին սկսել միջգերատեսչական խորհրդակցություններ ռազմավարական կայունության, կիբերոլորտում փոխգործակցության վերաբերյալ բովանդակային երկխոսություն սկսելու և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դեսպաններին ընդունող երկրներ վերադարձնելու վերաբերյալ։ Երկու գերտերությունների ղեկավարները հատուկ հայտարարությամբ վերահաստատեցին միջուկային պատերազմի անթույլատրելիության սկզբունքը, որն առաջին անգամ արձանագրվել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների կողմից 1985 թվականին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ։

Բայդեն-Պուտին երկրորդ հանդիպումը, այս անգամ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, տեղի ունեցավ դեկտեմբերի առաջին կեսին։

Կլիմայական գագաթնաժողովը Գլազգոյում

2021 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ին աշխարհի գերտերությունների ղեկավարները հավաքվել էին Գլազգոյում՝ անդրադառնալու կլիմայական փոփոխությունների հրամայականին։ Համաժողովի արդյունքներով, որին չեն մասնակցել Ռուսաստանը, Չինաստանն ու Թուրքիան, ածխի խոշոր սպառողները, այդ թվում՝ Լեհաստանը, Վիետնամը և Չիլին, խոստացել են աստիճանաբար հրաժարվել ածխից։ Ածուխը մոլորակի օդի ամենամեծ աղտոտողն է և գլոբալ տաքացման հիմնական գործոնը: Ընդհանուր առմամբ, 190 երկիր և կազմակերպություն որոշել է հրաժարվել դրանից։ Այնուամենայնիվ, խոշորագույն երկրները, որոնք մեծապես կախված են ածխից, չեն ստորագրել այս խոստման տակ: Դրանց թվում են Ավստրալիան, Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄՆ-ը։

Մերկելի «դարաշրջանի» ավարտը

Դեկտեմբերի 8-ին պաշտոնապես ավարտվեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարման «դարաշրջանը», որն այս պաշտոնը զբաղեցնում էր 16 տարի։ Մերկելը որոշել է հեռանալ քաղաքականությունից․ 2021 թվականին նա դարձավ 67 տարեկան, Գերմանիայում սա թոշակի անցնելու տարիքն է։ Պաշտոնը թողնելուց հետո Անգելա Մերկելը կստանա մոտ 15 հազար եվրո թոշակ։ Գերմանիայի նախկին կանցլերը կունենա գրասենյակի մենեջեր, քարտուղարուհի և անձնական վարորդ:

Գերմանիայի նոր դաշնային կանցլեր դարձավ Օլաֆ Շոլցը։

Ընտրական պրոցեսներ այլ երկրներում

Նոր ղեկավարներ ընտրվեցին նաև Իրանում ու Իսրայելում։ Իրանում հունիսին նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ դատական համակարգի ղեկավար Էբրահիմ Ռաիսին, որը փոխարինեց Հասան Ռոհանիին։ Իշխանության գալուց հետո Ռաիսին հայտարարեց նոր դարաշրջանի սկզբի մասին, երբ Թեհրանը կձգտի արդյունավետ համագործակցության բոլոր երկրների, այդ թվում՝ իր հարևանների հետ։  Փորձագետները Ռաիսիին համարում են Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հովանավորյալն ու նրա հավանական իրավահաջորդը, ինչպես նաև ավելի կոշտ քաղաքական գործիչ, քան Ռոհանին։

Իսրայելում մարտին կայացած Կնեսետի ընտրությունները բարդ ընթացան, թեկուզ միայն այն պատճառով, որ դարձան երկու տարվա ընթացքում չորրորդ անընդմեջ արտահերթ ընտրությունները երկրում։ Դրանց արդյունքը վերջ դրեց մեր ժամանակների քաղաքական երկարակյացներից մեկի՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի դարաշրջանին, որն այս պաշտոնը զբաղեցնում էր վերջին 12 տարիներին։

Ընտրություններից հետո, սակայն, չհաջողվեց անմիջապես կառավարություն ձևավորել։ Արդյունքում կոալիցիոն համաձայնագիր ստորագրվեց, որի համաձայն՝ ռոտացիոն կարգով Իսրայելի առաջին վարչապետ դարձավ «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը, իսկ մոտ երկու տարի անց այս պաշտոնում նրան կփոխարինի ընդդիմադիր «Yesh Atid» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը։

Իրավիճակն Աֆղանստանում «Թալիբան»-ը վերադարձավ իշխանության

Աֆղանստանը կրկին հայտնվեց աշխարհի լրատվամիջոցների առաջին էջերին։ 20 տարվա ներկայությունից հետո ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները 2021 թվականի օգոստոսին դուրս բերեցին զորքերն Աֆղանստանից։ ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո գրավելով երկրի շրջանները՝ «Թալիբան» արմատական շարժումն իշխանության եկավ Աֆղանստանում։ Օգոստոսին թալիբները գրավեցին նաև Քաբուլն ու իրենց վերահսկողության տակ առան ամբողջ երկիրը։ Կոալիցիոն ուժերը ստիպված էին շտապ լքել երկիրը, իսկ զինվորականների և խաղաղ բնակիչների տարհանումը վերածվեց քաոսի։ Ամերիկամետ աֆղանները ներխուժեցին Քաբուլի օդանավակայան՝ հույս ունենալով հեռանալ երկրից, քանի որ վախենում էին թալիբների վրեժից: Արդյունքում, խուճապի մատնված ամբոխը կառչում էր ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռներից՝ ցանկանալով փախչել երկրից։ Արևմուտքի աջակցությունը վայելող նախագահ Աշրաֆ Ղանին ևս լքեց երկիրը։

Իշխանություն ձեռք բերելուց հետո թալիբները խոստացան, որ նոր կառավարությունը ներառական կլինի և հաշվի կառնի բոլոր էթնոքաղաքական խմբերի շահերը։ Դա, սակայն, տեղի չունեցավ. սեպտեմբերի սկզբին հայտարարվեց ժամանակավոր կաբինետի կազմը՝ Մոհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ, որը 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ: Նոր կառավարությունում, որին դեռևս չեն շտապում պաշտոնապես ճանաչել աշխարհի այլ երկրներում, ներառված են միայն թալիբները։

Հին հակամարտության վերսկսում

Վերջին տարիներին պաղեստինա-իսրայելական հակամարտության ամենամեծ սրացումը, որը հանգեցրեց Գազայի հատվածի խմբավորումների հետ ռազմական առճակատման և իսրայելական քաղաքներով տարածված անկարգությունների ալիքի, գրանցվեց 2021 թվականի մայիսին: Բռնությունների աճի պատճառ դարձավ Արևելյան Երուսաղեմում տիրող իրավիճակը, որտեղ մի քանի արաբ ընտանիքներ պետք է վտարվեին իրենց տներից: Բողոքի ցույցերը տարածվեցին դեպի Տաճարի լեռ և Երուսաղեմի Հին քաղաք։ Ի պատասխան իսրայելական անվտանգության ուժերի գործողություններին, որոնք դաժանորեն ճնշեցին ցույցերը, ՀԱՄԱՍ-ը հրթիռակոծեց Երուսաղեմը և իսրայելական այլ քաղաքներ, Իսրայելը պատասխանեց՝ հարվածներ հասցնելով անկլավին։ Իսրայելում ռազմական դիմակայության ժամանակ զոհվեց 12, վիրավորվեց՝ ավելի քան 50 մարդ։ Պաղեստինցիների կողմից զոհերի թիվը գերազանցեց 250-ը, ավելի քան 1,9 հազարը՝ վիրավորվեց։

Բողոքի ցույցեր Ռուսաստանում

ՌԴ-ում գնաճի ֆոնին բողոքի ցույցեր էին։ Մասնավորապես, մի քանի անգամ բողոքի ցույցի են դուրս եկել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները։ Նավալնիի շտաբը հայտարարել էր քաղաքական գործչին ազատելու պահանջով ապրիլի 21-ին հանրահավաքներ կազմակերպելու մասին։ Նավալնիի աջակիցները չարտոնված բողոքի ակցիաներ անցկացրեցին երկրի բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

Ութ տարի առաջ դատարանը Նավալնիին դատապարտել էր 2.5 տարվա պայմանական ազատազրկման «Իվ Ռոշե»-ի քրեական գործով, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել: 2021 թվականի հունվարին Նավալնին թունավորվեց «Նովիչոկ» տիպի նյարդապարալիտիկ նյութով, իսկ Գերմանիայում ստացած բուժումից հետո Մոսկվա վերադառնալով՝ անմիջապես ձերբակալվեց։

Դատարանը նրա պայմանական դատավճիռը փոխարինեց իրական ազատազրկման վճռով։ Փետրվարից Նավալնին Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի թիվ 2 ուղղիչ գաղութում է, որտեղ նրա առողջությունը կտրուկ վատացել էր։ Մարտի վերջից ընդդիմադիր գործիչը հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով, որ չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ իր բժշկին թույլ չեն տալիս տեսակցել իրեն:

Բռնաճնշումներ և միգրացիոն ճգնաժամ Բելառուսում

2021 թվականին նույնպես քաղաքական բռնաճնշումներով աչքի ընկավ Բելառուսը։ Վիճահարույց արդյունքներով նախագահական ընտրություններից հետո, ՄԱԿ-ի տվյալներով, երկրում ավելի քան 35 հազար մարդ կամայականորեն կալանավորվել է, հազարավոր բելառուսներ, բռնաճնշումների վախից դրդված, արտասահմանում ապաստան են փնտրում։

Դեկտեմբերի կեսերին Բելառուսի դատարանը 18 տարվա ազատազրկման դատապարտեց ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն․ Սերգեյ Տիխանովսկին ու ևս 5 ակտիվիստներ դատարանի կողմից մեղավոր ճանաչվեցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Տիխանովսկին ընդդիմադիր բլոգեր է, Լուկաշենկոյի կոշտ ընդդիմախոսներից մեկը, որը ցանկանում էր մասնակցել ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու։ Սակայն մինչ առաջադրվելը նա կալանավորվեց և ձերբակալվեց, ինչից հետո նրա  կինը որոշեց առաջադրվել։

2021 թվականին Մինսկի և Բրյուսելի հարաբերությունները շարունակեցին վատթարանալ. ԵՄ-ն պատժամիջոցների մի քանի փաթեթներ կիրառեց Մինսկի դեմ և շարունակեց ճնշում գործադրել այդ երկրի իշխանությունների վրա, որոնք իշխանության են եկել ոչ արդար ընտրությունների արդյունքում։ Դրա հետևանքով տարեվերջին միգրացիոն ճգնաժամ բռնկվեց Լեհաստանի և Բելառուսի սահմանին։ ԵՄ երկրները Մինսկին մեղադրում են արհեստականորեն ճգնաժամ ստեղծելու և միգրանտներին որպես «հիբրիդային զենք» օգտագործելու մեջ։ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ Մինսկն այլևս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը դեպի ԵՄ երկրներ։

Նոր միություններ

2021 թվականի նոյեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն խորհրդի առցանց նիստի ընթացքում ստորագրեցին Միութենական պետության ինտեգրացիոն հռչակագիրը: Փաստաթուղթը ներառում է տնտեսական ինտեգրմանը վերաբերող 28 միութենական ծրագիր, այդ թվում՝ նավթի և գազի միասնական շուկա։ Բացի այդ, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները հաստատեցին համատեղ ռազմական դոկտրինը։

Ավելի ուշ Բելառուսի նախագահը հայտարարեց, որ աճող համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները պետք է միավորեն իրենց ուժերը` պաշտպանելու իրենց շահերը համաշխարհային շուկայում: Ըստ Լուկաշենկոյի՝ այդ գործընթացը կարող է հիմնված լինել Միութենական պետության ստեղծման փորձի վրա:

2021 թվականին ԱՄՆ-ն, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան ստեղծեցին AUKUS ռազմատեխնիկական դաշինքը։ Դրա շրջանակում Ավստրալիան կստանա միջուկային սուզանավեր և կկարողանա իր զինված ուժերը համալրել ամերիկյան արտադրության թևավոր հրթիռներով։ Այդ նպատակով Կանբերան չեղյալ հայտարարեց Փարիզի հետ 50 միլիարդ եվրո արժողությամբ 12 սուզանավերի մատակարարման հիմնական պայմանագիրը: Ֆրանսիան որոշումն անվանեց «դանակով հարված թիկունքից»։ Չինաստանն ու Ռուսաստանն էլ կարծիք հայտնեցին, որ AUKUS-ն ուղղված է իրենց դեմ։ Պեկինը սա որակեց գլոբալ կայունությանն ուղղված թաքնված սպառնալիք, իսկ Մոսկվան նախազգուշացրեց, որ AUKUS-ը կարող է խախտել զենքի չտարածման ռեժիմը:

Օլիմպիական խաղեր-2020-ը՝ 2021 թվականին

2021 թվականին, մեկ տարի ուշացումով, ծագող արևի երկրի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ին մեկնարկեցին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ Մարզական գլխավոր իրադարձությունը պետք է տեղի ունենար 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր։ Այդուհանդերձ, Օլիմպիական խաղերն անցկացվեցին խիստ սահմանափակումների պայմաններում։ Տոկիոյի բազմահազարանոց մարզադաշտում բացման արարողությանը ներկա էր ընդամենը 950 մարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան