ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը մշակում է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների կիրառության նոր մոդելներ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիան մշակում է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ (աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) գործիքների՝ մի շարք ոլորտներում կիրառության նոր մոդելներ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ի լրատվական ծառայությունից։

Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների հիման վրա մշակվել է մակերևութային ջրային ռեսուրսների որակական և քանակական փոփոխությունների գնահատման մոդել, ջրհավաք ավազանում ձյան շերտի և ջրային օբյեկտների լցվածության միջև կապի ուսումնասիրության մոդել, կազմվել է անտառային հրդեհների վտանգի գնահատման և բռնկման կանխատեսման համակարգի հայեցակարգային առաջարկ:

«Վերջին տարիներին լաբորատորիայի հետազոտական հիմնական ուղղությունն է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների կիրառությունները ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների և դրանց փոփոխությունների գնահատման, բնական աղետների վտանգի և ռիսկի գնահատման և քարտեզագրման, կլիմայական փոփոխությունների վերլուծության համար։ Մշակվել են տարբեր հայեցակարգային բազմագործոն մոդելներ, որոնք թույլ են տալիս գնահատել ջրհավաք ավազանում ձյան շերտի բարձրության և ջրային օբյեկտների լցվածության միջև կապերը, հաշվարկել գետի կամայական կտրվածքում առավելագույն, նվազագույն և միջին հոսքի ծավալը, գնահատել և կանխատեսել սողանքների ակտիվացման, քարաթափումների, անտառային հրդեհների բռնկման և հեղեղումների վտանգները։ Բազմագործոն ասելով հասկանում ենք, որ դիտարկվում են բնական երևույթը կամ պրոցեսը ձևավորող և դրա վրա ազդող տարատեսակ պարամետրեր՝ ռելիեֆ, երկրաբանություն, կլիմայական պարամետրեր, մակերևութային և ստորերկրյա ջրեր, հողատեսքեր և հողօգտագործում, մարդածին ազդեցություններ և այլն։ Այսպիսի բազմագործոն վերլուծությունները հնարավոր են դառնում արբանյակային պատկերների, հիդրոօդերևութաբանական վերգետնյա մոնիթորինգի, դաշտային ուսումնասիրությունների տվյալների միջև կապերի հաստատմամբ և ԱՏՀ վերլուծական մոդելների նախագծմամբ ու կիրառմամբ», – բացատրում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիայի տնօրեն Ալեքսանդր Առաքելյանը։

Գեոինֆորմատիկայի լաբորատորիայում՝ Գերմանիայի Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոնի ու Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ/USAID ASPIRED) ծրագրի հետ համագործակցությամբ, կատարվել է նաև Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ձևավորման հասակի և ծագման վերլուծություն։ Նոր հետազոտական մեթոդներով ստացված տվյալները վկայում են, որ Արարատյան ավազանի ստորերկրյա ջրերը ունեն խոցելիության բարձր մակարդակ մարդածին ազդեցությունների և կլիմայական փոփոխությունների նկատմամբ։ «Կիսաանապատային պայմաններում արտեզյան ավազանի ջրերի տարիներ շարունակ անխնա գերօգտագործումը, հատկապես ձկնաբուծական նպատակներով, հանգեցրել է ավազանում անշրջելի փոփոխությունների, ինչի արդյունքում բարձրարժեք ստորերկրյա ջրային պաշարների քանակական և որակական ցուցանիշների բարելավման համար կպահանջվեն տասնամյակներ։ Արարատյան ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումն ունի կենսական նշանակություն ամբողջ հանրապետության ջրային անվտանգության տեսակետից», – նշում է Ալեքսանդր Առաքելյանը։

Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիայի աշխատակիցների՝ ջրային ռեսուրսների կառավարման, աղետների ռիսկի գնահատման և վաղ ազդարարման համակարգերի մշակման ուղղություններով տարբեր տարիներին կատարված աշխատանքների արդյունքները ներդրվել են կիրառության ՀՀ շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարություններում։

Նշված գիտական արդյունքները ստացվել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի բազային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում և ՄԱԶԾ-ի, Համաշխարային բանկի, Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության, Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության, Եվրամիության և այլ դոնորների կողմից: