2022 թ. «Ավրորա» մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրից
Հասարակություն
01.11.2021 | 14:28«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» համաշխարհային մարդասիրական յոթերորդ մրցանակի առաջադրումների փուլը հայտարարում է փակված: Առաջադրումների մեկնարկը տրվել էր 2021 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Այդ նույն օրը հայտարարվել էին 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները, որոնց ընտրել էր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության համար: 2022 թ. «Ավրորա» մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրներից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան եւ Ուկրաինա․ տեղեկացնում են նախաձեռնությունից։
«Որպես մեկը, որը նոր է արժանացել «Ավրորա» մրցանակի դափնեկրի կոչմանը, անչափ ուրախ եմ իմանալու, որ այս տարի այսքան արժանի թեկնածուներ են առաջադրվել: Մրցանակն արտացոլում է բարության շղթան, որը խաղաղության, համերաշխության եւ աջակցության ուղերձ է հղում աշխարհին եւ, որ ամենակարեւորն է, բոլոր այն մարդկանց, որոնք օրնիբուն աշխատում են: Եվ այժմ նրանք հնարավորություն ունեն դառնալու 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ ավելի մեծ փոփոխություն իրականացնելու աշխարհում»,- ասաց 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն, որն իր խիզախ գործունեության համար վերջերս ճանաչման արժանացավ «Ավրորայի» միջոցառումների ժամանակ Վենետիկում:
Յուրաքանչյուր առաջադրում այժմ մանրակրկիտ կուսումնասիրի Փորձագետների խորհուրդը: Նրանք կկազմեն այն հավակնորդների վերջնացուցակը, որոնք դրսեւորել են բացառիկ խիզախություն ու նվիրում եւ մեծ ազդեցություն են թողել՝ փրկելով մարդկանց: Այնուհետեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կդիտարկի հայտերը եւ կընտրի 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին:
«Չնայած այն սարսափելի մարտահրավերներին, որոնց բախվել է աշխարհն անցած մեկուկես տարում, 2022 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների նման անհատներն իրենց իրականացրած անձնազոհ եւ խիզախ աշխատանքով դառնում են ներշնչանքի աղբյուր: Ընտրող հանձնաժողովի իմ ընկերների հետ մենք միշտ բուռն քննարկում ենք ունենում «Ավրորայի» հերոսներին եւ, ի վերջո, դափնեկրին ընտրելիս՝ փորձելով տարբերակել գնահատանքի արժանի բարության, տոկունության եւ գթասրտության այդքան շատ օրինակները: Ինչեւէ, այդ գործընթացը նաեւ մեծագույն բավարարվածություն է պատճառում եւ մեծ առավելություն, որ կարող ես լույս սփռել անհավանական, մարդկանց կյանքը փոխող ջանքերի վրա»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն 2022 թ. ապրիլի 24-ին։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը յոթերորդ անգամ կշնորհվի 2022 թվականին:
Լուսանկարը՝ Երեխան Wawa Mum փաթեթով՝ տեղական արտադրության սննդամքերթ, որը նախատեսված է փոքր երեխաների սննդային կարիքների համար: Պակիստան, Կարաչի, 2011 թ. հունվար, ՊՀԾ/Ամջադ Ջամալ