Պատերազմից հետո ՀՀ-ին տրվել է մեկ տարի շունչ քաշելու հնարավորություն․ Արմեն Խարազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
Բոլորը

FactorTV-ի հյուրը ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպան, միջազգայնագետ Արմեն Խարազյանն է։

-Պարո՛ն Խարազյան, այս օրերին ռուսական լրատվամիջոցներով, հայկականներով ևս արտահոսք եղավ այն մասին, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում, որոշների տեղեկություններով` նոյեմբերի 9-ին, նախատեսված է հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների միջև։ Ըստ այդ լուրերի՝ լինելու է համատեղ հայտարարություն։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ հանգրվանի ենք հասել պատերազմից հետո ստորագրված եռակողմ համաձայնագրի իրականացման գործընթացում մեկ տարի հետո։

-Իրականում դա հայտարարություն է, համաձայնագիր դժվար է այն համարելը, թեև այնտեղ ձեռքբերված պայմանավորվածությունները համաձայնագրի տպավորություն են թողնում։ Պատճառն այն է, որ այդ հայտարարությունը, որը կոչված էր կանգնեցնել գործընթացը և այն առնել վերահսկողության տակ, Հայաստանի համար ունեցավ դրամատիկ նշանակություն։ Դրա արձագանքները Հայաստանը, նաև Արցախը շարունակում են մինչև այսօր իրենց վրա կրել։
Հանգրվանային առումով այսօր, ինչպես միշտ, Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է։ Արցախի դեպքում ևս, կարծում եմ, ինքնապաշտպանական կարողությունների ամրապնդումը պետք է լինի առաջնային։

Երկրորդ խնդիրը հատկապես Հայաստանի և նաև Արցախի դիվանագիտական նախաձեռնողականության վերականգնումն է և այս իրավիճակից դեպի ավելի նպաստավոր իրավիճակ ճանապարհ բացելու նպատակով դիվանագիտական, քաղաքական քայլերի մշակումն է։ Ես չեմ կարծում, որ մեկ տարին բավարար ժամանակ է որևէ կողմին վստահություն ներշնչելու, որ այստեղ որևէ մնայուն փոփոխություն է տեղի ունեցել։ Ես չեմ տեսնում հայաստանյան հասարակության մեջ այնպիսի տրամադրվածություն, որը թույլ կտար որևէ մեկին մտածել, որ Հայաստանը ձեռք է քաշել Արցախից, որ պատերազմի հանգրվանային այս փուլում այլևս հնարավոր չէ վերականգնել այն, ինչ կորցրել ենք կամ Արցախն է կորցրել։

-Բայց մենք ունենք իրավիճակ, երբ հայ ռազմագերիները դեռ պահվում են Բաքվում, երբ Հայաստանի սուվերեն տարածք են ներխուժում ադրբեջանական զինված ուժեր, և մենք չենք կարողանում այդ խնդիրներին դիմագրավել։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդիրների լուծումը։ Ի վերջո, այդ՝ մասնավորապես գերիների վերադարձի խնդրի լուծման պարտավորվածությունն էր ենթադրում նոյեմբերի համաձայնագիրը։

-Գերիները չեն վերադարձվում, և նրանց վերադարձնելու համար անհրաժեշտ ջանքեր է հարկ լինում ներդնել։ Այո՛, հայտարարությունը կոչված էր կանգնեցնել մի գործընթաց, որի նկատմամբ Հայաստանը չուներ բավարար չափով կարողություն իրականացնելու որևէ կարգի վերահսկողություն։ Այսօր իրավիճակն այլ է․ Հայաստանին տրվել է մեկ տարի շունչ քաշելու հնարավորություն։ Այդ մեկ տարում, ըստ իս, բավական աշխատանք է տարվել։

-Այս մեկ տարին, կարծում եք, հնարավորությո՞ւն էր Հայաստանի համար։

-Իհարկե, հնարավորություն էր։ Հայաստանի առաջնային խնդիրը պաշտպանունակության խնդիրն է։ Իմ կարծիքը, որ ձևավորել եմ ՝ նաև հետևելով Հայաստանի ղեկավարության, հայկական հասարակության տարբեր խմբերի հետ շփումների ընթացքում, ինձ վստահություն է ներշնչում, որ ընդհանուր առմամբ, Հայաստանում կա տրամադրվածություն ամրապնդել Հայաստանի պաշտպանունակությունը, ոչ միայն թույլ չտալ ավելի անբարենպաստ իրավիճակի զարգացումներ լինեն, այլև վերականգնել Հայաստանի վեստիբուլյար կայունությունը և վերահսկողությունն իր շուրջ կատարվող իրադարձությունների և ռազմական, անվտանգային իրավիճակի նկատմամբ։

-Եռակողմ հնարավոր հանդիպման մասին արտահոսքի հետ նաև տեղեկատվություն տարածվեց, որ հնարավոր է՝ այդ օրը կողմերը 2 փաստաթուղթ ստորագրեն, հայտարարություններով հանդես գան։ Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին հիշեցրել էր նաև Վլադիմիր Պուտինը: Պարոն Խարազյան, Դուք նման բան հնարավոր համարո՞ւմ եք, ի՞նչ է դա նշանակելու մեզ համար։

-Հարցին ավելի ճիշտ կպատասխանի կառավարությունը։ Իմ կարծիքով՝ եթե հայ-ադրբեջանական սահմանագծման խնդիրներ են առաջանում, մի քանի հարցադրում պետք է տալ, որոնց նկատմամբ պետք է ուշադիր լինել։ Նախ՝ ինչպե՞ս է այս սահմանագծման խնդիրն ազդում Արցախի կարգավիճակի վրա։

-Այդ դեպքում, բնական հարց է առաջանում․ մենք ճանաչո՞ւմ ենք Արցախը Ադրբեջանի կազմում։

-Այո՛ դա կարևոր խնդիր է։ Տեսականորեն, եթե լինում է հայ-ադրբեջանական սահմանների հստակեցում, թերևս, պետք է լինի դրույթ այն մասին, որ այդ հստակեցումը որևէ կերպ չի անդրադառնալու և չի կարող որևէ փոփոխություն ենթադրել այն բանակցությունների վրա, որի արդյունքում պետք է որոշվի Արցախի վերջնական կարգավիճակը։

-Հետպատերազմյան շրջանում ամենաքննարկվող թեմաներից է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Հայաստանը երբեմն դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից եկող, իսկ Թուրքիան շարունակում է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար ներկայացնել նախապայմաններ, այս անգամ ցանկանում է Զանգեզուրի միջանցքը։ Այս իրավիճակում ի՞նչ քաղաքականություն է պետք վարել Թուրքիայի հետ։

-Հայաստանը չպետք է թույլ տա, որ իր և Թուրքիայի հարաբերությունների վարույթը պատվիրակվի որևէ մեկին։

-Հիմա կարծես թե այդ մեկը Ռուսաստանն է։

-Դա պետք է արգելվի։ Դա Հայաստանի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում։ Զանազան երկրների հետ կարելի է քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, Ռուսաստանն էլ այս տարածաշրջանում ունի իր ազդեցությունը, բնական է, Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ քննարկել այդ հարցը։ Մենք գիտենք, որ թուրքերն էլ ռուսների հետ քննարկում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Հայաստանը նույնը պետք է անի Միացյալ Նահանգների հետ, այլ երկրների հետ, որոնց հետ ցանկացած խոսակցություն կարող է օգտակար լինել Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերություններում հասնել մեզ համար ավելի բարենպաստ դիրքերի։ Բայց հրաժարվելը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերահսկողությունից հօգուտ որևէ երրրորդ կողմի, կարծում եմ, ազգային անվտանգային խնդիր է, և չպետք է դա թույլ տալ։ Սխալ կլինի նման բան անելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան