Արման Թաթոյանը դիմել է ՍԴ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Այսօր Սահմանադրական դատարան ուղարկած դիմումով վիճարկում եմ այն, որ Սահմանադրական դատարանը կարող է մերժել քննության ընդունված դիմումը, երբ ՍԴ-ում ձայները հավասար են բաշխվում ու ՍԴ-ն որոշում կամ եզրակացություն այդ դեպքում չի կայացնում: Այս հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Խոսքը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասին, որը դատարանին հնարավորություն է տալիս մերժված համարելու արդեն քննության ընդունված այն դիմումը, որի քննարկման վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունվում:

Սահմանադրական դատարան ներկայացված այս դիմումի համար ազդակ դարձավ 09.12.2020թ. ՍԴ ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն դիմումը, որով վիճարկել է ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի սահմանադրականությունը:

Մասնավորապես, խոսքն այդ դիմումի քննարկման այնպիսի արդյունքի մասին է, որով դիմումը ՍԴ-ն մերժված է համարել քննարկվող հարցը ձայների հավասարության պատճառով:

Նշված դիմումով վիճարկվում էր այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար: Սահմանված են միայն տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները:

ՍԴ-ն այդ դիմումի կապակցությամբ այդպես էլ ըստ էության որևէ որոշում չի կայացրել:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումը վիճարկվել է՝ ելնելով հետևյալ հիմնական մոտեցումներից.

– Սահմանադրական դատարանին դիմում ներկայացնելն ու դատարանի կողմից որոշում կայացնելը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իմաստով.

– Սահմանադրական դատարանը կոնկրետ գործերով իրականացնում է կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման գործառույթ, քանի որ վիճարկվող նորմը կամ դրա մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչող ՍԴ որոշման հիման վրա անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման:

Մինչդեռ, Սահմանադրական դատարանում արդեն քննության ընդունված գործով դիմումը տեխնիկական նկատառումներով մերժվելու դեպքում, փաստորեն, մարդը զրկվում է իր խախտված իրավունքների վերականգնման այդ հնարավորությունից.
– Սահմանադրական դատարանը սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության միջոց լինելուց բացի նաև իրականացնում է կանխարգելիչ գործառույթ:

Սահմանադրական դատարանի որոշումներում ամրագրված ուղենիշային դիրքորոշումները կանխարգելիչ նշանակություն ունեն իրավունքների հետագա խախտումները բացառելու և Սահմանադրության ու մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովման տեսանկյունից:

Պետք է հատուկ ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմումների հասցեագրումը նպատակ ունի ներկայացնելու անհատական դիմում բողոքների արդյունքներով արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև նպաստելու դրանց լուծմանը և հետագայում նմանատիպ խնդիրների և խախտումների բացառմանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումներով, փաստորեն, արձանագրվում են Պաշտպանի դիմումներով բարձրացված համակարգային խնդիրները, վիճարկվող նորմերը ճանաչվում են Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ առնվազն տրվում են վիճարկվող նորմերի պաշտոնական մեկնաբանություններ:

Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը կիրառելու արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում նշված համակարգային խնդիրները մնում են չլուծված, իրավունքների խախտումները՝ չվերացած՝ դրանով իսկ առկախված թողնելով վիճարկվող նորմի իրավաչափության հարցն, առհասարակ:
Ստացվում է՝ ՍԴ-ն կարող է հրաժարվել իրավունքների պաշտպանությունից՝ մարդուն թողնելով իր խնդիրների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի դեպքում դա էլ իր հերթին անխուսափելի բացասական ազդեցություն է ունենում Պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքի, Պաշտպանի սահմանադրական գործառույթների վրա, խաթարում է հանրային վստահությունը սահմանադրական այս հաստատության նկատմամբ:

Սահմանադրական դատարանում քննվող գործի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունն ընդգծվում է հատկապես այն բանի հաշվառմամբ, որ Սահմանադրական դատարանի որոշումների պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություն։

Դիմումով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պրակտիկայի հաշվառմամբ հիմնավորել ենք, որ օրենքի վիճարկվող նորմը հանգեցնում է դատական պաշտպանության յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքի անհամաչափ սահմանափակման»,-գրել է Արման Թաթոյանը: