Քովիդ-19 համավարակի ընթացքում ՀՀ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանխարգելելու ընտանեկան բռնության դեպքերի թվի աճը

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը խոչընդոտելու նպատակով Կառավարությունը 2020 թվականի մարտի 16-ին հայտարարել էր արտակարգ դրություն։ Արդյո՞ք համավարակն ու հայտարարված արտակարգ դրությունն ազդել են Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի թվի աճին։ Այս թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանի հետ։

-Տիկի՛ն Գևորգյան, Հայաստանում Քովիդ-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո արդյո՞ք աճել է ընտանեկան բռնության դեպքերի ցուցանիշը։ Ինչպիսի՞ վիճակագրություն ունենք ահազանգերի մասով։   

-Արտակարգ դրության պայմաններում 2020 թվականի մարտին մեր թեժ գծին ստացել ենք 803 ահազանգ, որից 172-ը վերաբերել է ընտանեկան բռնությանը։ Նույն տարվա ապրիլին ստացել ենք 750 ահազանգ, որից 250-ը՝ ընտանեկան բռնության հետ կապված։ Արդեն մայիսին արձանագրել ենք 915 զանգ,  որից 256-ը՝ ընտանեկան բռնության վերաբերյալ։ Մարտը համեմատելով փետրվարի հետ՝ գրանցվել է 30% աճ, և եթե համեմատում ենք ապրիլը մայիսի հետ, գրանցվել է ահազանգերի արդեն 40% աճ։ Տվյալները համեմատելով՝ հստակ երևում է, որ Քովիդ-19 համավարակի ժամանակ ընտանեկան բռնության մասով զանգերն ավելացել են։ Կարծում եմ՝ նման տվյալները շատ տրամաբանական են։ Նախ՝ կարանտինային վիճակը, երբ ընտանիքի բոլոր անդամներն տանն էին։ Տղամարդիկ պետք է մեկնեին արտագնա աշխատանքի, բայց համավարակի պատճառով չկարողացան։ Կամ հակառակը՝ արդեն մեկնել էին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետ ուղարկվել։

-Նշեցիք որոշ գործոններ, որոնք ազդել են համավարակի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի աճին։ Կմանրամասնե՞ք պատճառները։

-Մենք պետք է հստակ սահմանում տանք «ընտանեկան բռնություն» հասկացությանը։ Ընտանեկան բռնության պատճառը ուժն ու վերահսկողությունն են։ Այսինքն՝ ուժ գործադրող անձը ուժ և վերահսկողություն է կիրառում զոհի նկատմամբ։ Երբ խոսում ենք դեպքերը սրվելու և ավելանալու մասին, նաև պետք է խոսենք  պատճառներից, թե ինչու են շատանում դեպքերը։ Օրինակ՝ մարդկանց սոցիալական վիճակը։ Համավարակի ժամանակ շատերը զրկվեցին աշխատանքից և ամբողջ օրը ստիպված էին մնալ տանը։ Այս դեպքում վիճակը շատ ավելի լուրջ էր, քանի որ կինը 24 ժամ պետք է բռնարարի հետ մնար տանը։ Բացի այս, մենք շատ ահազանգեր ենք ստացել, երբ բռնարարների խումբը հավաքվել է, ալկոհոլ օգտագործել։ Նույնիսկ ահազանգեր են եղել, երբ տան եղած ամբողջ գումարը կնոջ ձեռքից վերցրել և ծախսել են խմիչքի, ծխախոտի վրա։ Իսկ ալկոհոլի օգտագործումը կարող է առիթ լինել, որպեսզի մարդն իր էմոցիաներին ազատություն տա։ Պետք է ընդգծեմ, որ հետպատերազմական և սոցիալական վատ վիճակը ընտանեկան բռնության սրման առիթ են հանդիսանում։ Հայ կանայք տնտեսապես կախում ունեն տղամարդկանցից, և սա է պատճառը, որ չեն կարողանում վերցնել երեխային և հեռանալ բռնարարից։ Լավագույն դեպքում՝ թեկուզ գնալ հայրական տուն։ Սակայն մենք գիտենք, որ հայ հասարակության մտածողության պատճառով հայրական տանն էլ շատ դեպքերում չեն ընդունում կանանց։

-Ընտանեկան բռնության դեպքերն ամբողջ աշխարհո՞ւմ են աճել։ Որո՞նք են պատճառները և արդյո՞ք նույն պատճառներն են, ինչ Հայաստանում։    

-Պատճառները միանշանակ նույնն են և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում։ Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են, և դրա մասին արդեն հրապարակված վիճակագրական տվյալներ կան։ Կցանկանամ ընդգծել Ֆրանսիայի օրինակը և այդ երկրի որդեգրած ռազմավարությունը։ Արտակարգ դրության առաջին պահից սկսած դեղատներում, առևտրի կենտրոններում ծածկագրերի միջոցով կարող էին հասկանալ՝ արդյո՞ք կինը ենթարկվում է բռնության։ Այդ երկրում բռնության ենթարկված կանանց տրամադրում էին հյուրանոցային սենյակներ, որպեսզի նրանք կարողանան մնալ մեկուսացված, և արդեն 14 օր հետո տեղափոխվել ապաստարաններ։ Ցավոք, Հայաստանում նմանատիպ որևէ մեխանիզմ չգործեց։ Պետությունն այս մասով ոչինչ չկազմակերպեց։ Մենք հույս ունեինք, որ բռնության ենթարկված կանանց գոնե թեստավորումն անվճար կլիներ, սակայն սխալվեցինք։

-Համավարակի տարածվելուն պես Հայաստանում պետական կառույցները, մասնավորապես՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրե՞լ է կանխարգելիչ գործողություններ ընտանեկան բռնության դեմ։  

-Ո՛չ։ Նույնիսկ ընտանեկան բռնության ոլորտին չէին էլ անդրադառնում։ Տևական ժամանակ մեր բարձրաձայնելուց հետո պետական մարմինները նոր անդրադարձան, որ այս ոլորտն ընդհանրապես բաց է մնացել։ Առողջապահության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համավարակի հետ կապված որևէ միջոցառում չձեռնարկեցին։ Ավելի՛ն, այն ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսված էր, որ մարդիկ դրամական աջակցություն պետք է ստանան, հաշվի չառան այն փաստը, որ շատ կանայք կային, որոնց գործերը դեռ դատարանում են և այդ պատճառով չունեն ամուսնալուծության վկայական։ Սա պատճառ հանդիսացավ, որ նրանք պետության կողմից տրամադրվող դրամական աջակցությունը չկարողացան ստանալ։

-Ձեր կազմակերպության կողմից համավարակի տարածումից սկսած մինչ օրս ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար ի՞նչ ծրագրեր են իրականացվել և ի՞նչ արդյունքներ եք գրանցել։  

-Հիմնականում տրամադրել ենք դրամական աջակցություն։ Կան կանայք, որոնք ամուսնալուծված են և ունեն սոցիալական աջակցության կարիք։ Նրանց օգնել ենք սննդի փաթեթներով։ Շատ խնդրահարույց դեպքերում փորձել ենք նաև օգնություն տրամադրել տան վարձի, կոմունալ վճարումների և սննդի հետ կապված։

-Համավարակի տարածմանը զուգահեռ ընտանեկան բռնության դեպքերը սիստեմատիկ բնույթ կրե՞լ են։

-Ընտանեկան բռնությունը հենց սիստեմատիկ երևույթ է և, ցավոք, աճում է ու ավելի դաժան բնույթ կրում։ Սա ոչ միայն մենք ենք փաստում, այլև տարբեր երկրների կազմակերպություններ։

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում Հայաստանի ո՞ր մարզերից եք ավելի հաճախ ահազանգեր ստացել։

-Ես երբեք մարզերն ու Երևանը չեմ տարանջատել։ Հիմնականում զանգերը հավասարաչափ բաշխվածությամբ ենք ստանում։ Կարող է պատահել 10 զանգ ավելի կամ պակաս, բայց դա վիճակագրություն չէ, որ մենք հրապարակենք։ Վայոց ձորի մարզից, օրինակ, տարիներ շարունակ և՛ մենք, և՛ Ոստիկանությունը որևէ ահազանգ չենք ունեցել։ Երբ այնտեղ ՀԿ-ն սկսեց աշխատել, մարդկանց իրազեկվածությունը բարձրացավ, պարզ դարձավ, որ նրանք ուղղակի տեղյակ չէին, որ խնդիր ունեն և կարող են ստանալ լուծումներ։ Երևանում ապրող կանանց հնարավորություններն ավելի մեծ են մարզերում ապրող կանանց համեմատ։ Նրանք կարող են քիչ գումար ծախսելով՝ գալ մեր կազմակերպություն։ Շատ դեպքերում անգամ մարզերի տրասպորտային միջոցները նորմալ չեն աշխատում կամ ընդհանրապես գոյություն չունեն, և սա էլ պատճառ կարող է հանդիսանալ, որ կինը չկարողանա բարձրաձայնել իր խնդրի մասին։ Համավարակի սրման ժամանակահատվածում ոչ մի տրանսպորտ չէր աշխատում և անգամ այս հարցով չզբաղվեց պետությունը։

-Շատ հաճախ բռնության ենթարկված կանայք վախենում կամ չեն վստահում կազմակերպություններին, որպեսզի դիմեն և աջակցություն ստանան։ Այս ուղղությամբ ի՞նչ է արվում, որպեսզի վստահությունը մեծանա, կանայք չվախենան դիմել օգնության։  

-Ամենաառաջնային քայլը գաղտնիության սկզբունքն է։ Երբ կանայք իմանում են, որ իրենց տրամադրած ինֆորմացիան գաղտնի է պահվում և հրապարակվելու է միայն այն մասը, որ իրենք են ցանկանում, սկսում են վստահել մեզ։ Երբ կինը ոտք է դնում աջակցման կենտրոն, մենք առաջին քայլով տեղեկացնում ենք, որ տրամադրած ինֆորմացիան ոչ ոք չի իմանալու։ Մինչև չստեղծվի գաղտնիության և վստահության միջավայր, կանայք չեն բարձրաձայնի իրենց խնդիրները։

-Քովիդ-19 համավարակի տարածմանը զուգահեռ՝ իրազեկման ի՞նչ ծրագրեր են իրականացվել թե՛ Կառավարության, թե՛ ՀԿ սեկտորի կողմից՝ ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով։ Արդյո՞ք ստեղծվել են թեժ գծեր։

-Կառավարությունը հիմնականում ֆինանսական աջակցություն է տրամադրել։ Իսկ մեր կազմակերպությունն իրազեկման աշխատանքներ է իրականացրել և՛ մարզերում, և՛ Երևանում։ Այս ամենին մենք շատ դժվարությամբ հասանք, քանի որ պետությունն այս անգամ մեզ էլի մենակ թողեց՝ ասելով՝ պետք է տնտեսվարողների հետ խոսենք, որ թույլտվություն ստանանք թեժ գծի հեռախոսահամարներն իրենց դեղատների, խանութների վրա փակցնելու համար։

-Արտակարգ դրության ժամանակ Ոստիկանությունում ընտանեկան բռնության դեպքերով գործեր հարուցվե՞լ են։

-Ոստիկանության հետ մենք այս հարցով խոսել ենք և համեմատական անցկացրել անցած տարիների հետ։ Արդյունքում թվերն ու վիճակագրությունը նույնն են։

-Իսկ այդ ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով ամուսնալուծության ցուցանիշներն ավելացե՞լ են։

-Իրականում Հայաստանում ամուսնությունները շատ քիչ են գրանցվում։ Հիմնականում սա դիտավորյալ են անում, որպեսզի հետագայում կանայք գույքի հետ կապված խնդիրներ չառաջացնեն։ Օրինակ՝ հիմա մեզ մոտ քրեական գործերն ավելի շատ են, քան ամուսնալուծությունները։ Սա մեծ խնդիր է, որը կապված է կանանց իրավագիտակցության պակասի հետ։

-Համավարակին զուգահեռ՝ արձանագրե՞լ եք դեպքեր, երբ ձեր կազմակերպություն հոգեբանական աջակցության համար դիմել է և՛ բռնության զոհը, և՛ բռնարարը։

-Այս պահին նման դեպք չեմ հիշում։

-Հիմա Հայաստանում Քովիդ-19-ի դեպքերի աճ է նկատվում։ Եթե Կառավարության կողմից որոշվի կրկին անցնել սահմանափակումների կամ արտակարգ դրության, ընտանեկան բռնության կանխարգելման ի՞նչ միջոցներ է անհրաժեշտ կիրառել՝ բռնության նոր դեպքեր չունենալու համար։

-Հայաստանում բռնության դեպքեր լինելու են, քանի որ բռնությանը վերաբերող օրենքը նոր է ընդունվել։ Մեզ դիմած կանայք բռնության են ենթարկվել մոտ տասը, տասնհինգ և նույնիսկ քսան տարի։ Այս ընթացքում պետք է քրեական գործերը շարունակական բնույթ կրեն, այսինքն՝ միշտ լինեն ընթացքի մեջ և ստանան վերջնական լուծումներ, անգամ համավարակի պայմաններում։ Պետք է գոնե բռնության ենթարկված կանանց թեստավորումն անվճար իրականացվի, որպեսզի նրանց միանգամից՝ առանց ժամանակ կորցնելու տեղափոխենք ապաստարաններ։

Հարցազրույցը՝ Անուշ Սարգսյանի

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: