Պատերազմի ժամանակագրությունը․ մարտերի ընթացքն ու առանցքային իրադարձությունները՝ հետահայաց

Լուրեր

19.11.2024 | 17:20
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը
19.11.2024 | 17:17
Ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիները դիմեն հանձնաժողով․ ՄՊՀ հորդորը քաղաքացիներին
19.11.2024 | 17:12
Քաղաքացիության պարտադիր պայման սահմանելը հակասում է փախստականների իրավունքների մասին կոնվենցիայի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 17:11
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և շուրջ 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
19.11.2024 | 17:07
ԿԸՀ-ն սկսել է քաղաքացիական նախաձեռնության լրացված ձևաթղթերի ստուգումը
19.11.2024 | 17:04
AUKUS-ի երկրները համաձայնագիր են ստորագրել գերձայնային զենքի համատեղ փորձարկման մասին
19.11.2024 | 16:59
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դնում մանդատը
19.11.2024 | 16:55
ՀՀ կառավարության որոշմամբ Սասուն Խաչատրյանը, Արգիշտի Քյարամյանը և Ռուստամ Բադասյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից
19.11.2024 | 16:53
Զոհված զինծառայողների ընտանիքները Երևանում տրանսպորտից անվճար կօգտվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:46
Իսրայելի հատուկ ծառայության ղեկավարը գաղտնի այցելել է Թուրքիա և հանդիպել թուրքական հետախուզության ղեկավարին
19.11.2024 | 16:35
Գամփռին դաժան վերաբերմունքի են արժանացրել․ պահանջում ենք պաշտպանել կենդանիների իրավունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:33
Հովիկ Աղազարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
19.11.2024 | 16:26
ՌԴ-ն կարող է միջուկային պատասխան տալ Ուկրաինայի կողմից արևմտյան ոչ միջուկային հրթիռների կիրառմանը․ Պեսկով
19.11.2024 | 16:20
Ցանկացած պետական աշխատող պետք է պատրաստ լինի թողնել պաշտոնը․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:18
Արցախցիներին ուղղված ծրագրերը պետք է համահունչ լինեն Հայաստանի զարգացման ծրագրերին․ ՀԿ տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ե՞րբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը։ Հարցի պարզ պատասխանը 2020-ի սեպտեմբերի 27-ն է, բայց լայնածավալ գործողությունների նախապատրաստությունը հուլիսին՝ Տավուշի սահմանի բախումներն էին։ Բաքվում չմարսեցին տեղային մարտերում կրած պարտությունը․․․ Արդեն սեպտեմբերի 25-ին Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները զգուշացրին ամերիկյան քաղաքացիներին՝ հնարավոր մարտական գործողությունների մասին։

Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը սկսվեց սեպտեմբերի 27-ին՝ կիրակի օրը առավոտյան 7։15-ին։ Ադրբեջանական բանակը գրեթե բոլոր զինատեսակների օգտագործմամբ հարձակվեց Արցախի ամբողջ առաջնագծի ու թիկունքի, Հայաստանի սահմանամերձ որոշ շրջանների վրա։ Հրթիռակոծվեց նաև Ստեփանակերտը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին դիմում է ուղերձով։

Հայաստանից հետո ռազմական դրության և զորահավաքի մասին հայտարարեց նաև ադրբեջանական կողմը։ Չնայած դրան՝ Բաքուն վաղուց սկսել էր Սիրիայից վարձկան զինյալների տեղափոխումը Արցախյան հակամարտության գոտի։ Դրան նախորդել էին նաև թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որից հետո թուրքական օդուժը մնացել էր Ադրբեջանի տարածքում։ Առհասարակ, ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիան Բաքվին օգնում էր ոչ միայն ռազմական տեխնիկայով այլև գործողությունների ռազմավարության ու մարտավարության մշակման հարցում։
Պատերազմի առաջին օրը տված ասուլիսում սրան անդրադառնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ակտիվ մարտական գործողությունների հենց առաջին օրից հայտարարություններ հնչեցին տարբեր բևեռներից․ Ռուսաստանը, Եվրոպան, Միացյալ Նահանգները, հարևան Իրանն ու Վրաստանը կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Հայաստանի վարչապետը դիմեց Գերմանիայի կանցլերին՝ Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար։

Սեպտեմբերի 30-ին ՝ պատերազմի չորրորդ օրը, համեմատություններ սկսեցին տարվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, բայց ռազմական գործողությունների ավարտը չէր երևում․․․ Ֆրանսիայի նախագահը, Ռուսաստանի նախագահի խոսնակը դատապարտեցին Թուրքայի աջակցությունն Ադրբեջանին։

«Ես լսում եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները [ի պաշտպանություն Ադրբեջանի], ինչն, ըստ իս, անխոհեմ է և վտանգավոր», – հայտարարում է Էմանուել Մակրոնը։

«Կասկած չկա, որ նման հայտարարությունները մեր աջակցությունը չեն վայելում, մենք դրանց հետ համաձայն չենք», – հայտարարում է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Էրդողանն ու Ալիևը ցույց են տալիս, որ հակված չեն երկխոսության։ Ալիևը ԵԱՀԿ ՄԽ միջնորդներին մեղադրում է, որ նրանց գործունեությունը չի լուծել խնդիրը, և իրենք պատրաստվում են ուժով լուծել հակամարտությունը։

Էմանուել Մակրոնը հայտնում է, որ Ֆրանսիան ունի ապացույցներ, որ Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցում են Թուրքիայից տեղափոխված սիրիական իսլամիստներ։ Ավելի ուշ Ադրբեջանի կողմից թուրքական զինուժի մասնակցության դետալային տվյալներ են սպրդում ռուսական մամուլ։

Հոկտեմբերի 1-ին պատերազմի շունչը բառի բուն իմաստով հասնում է Երևանի մատույցներ․ Կոտայքում խոցվում են ադրբեջանական հետախուզական անօդաչու թռչող սարքեր։

Հոկտեմբերի առաջին օրերին ադրբեջանական կողմը հայտնում է Արցախի մի քանի գյուղեր գրավելու մասին՝ հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ, և հարավային՝ Վարանդա-Ֆիզուլիի ուղղությամբ։ Ադրբեջանական բանակը շարունակում է հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը։

«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան Պաշտպանության բանակի թիրախները»,- հայտարարում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Սրան հետևում են հայկական կողմի հրթիռային հարվածները Գյանջայի ուղղությամբ։ Արցախի նախագահի խոսնակը գրում է՝ Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց։ Դա, սակայն, հերքվում է հետագայում։

Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է հրադադարի անհրաժեշտության մասին և նշում, որ դա պետք է լինի հնարավորինս արագ։

«Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, և մենք Հայաստանի առաջ որոշակի պարտավորություններ ունենք այդ պայմանագրի շրջանակներում, բայց մարտական գործողությունները, որոնք ցավոք շարունակվում են, ընթանում են ոչ Հայաստանի տարածքում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք մշտապես իրականացրել ենք, իրականացնում ենք և իրականացնելու ենք մեր պարտավորությունները», – նշում է Պուտինը։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը հրթիռակոծում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Երբ հայկական կողմում փորձում են օգնություն ցույց տալ հրթիռակոծումից վիրավորվածներին, ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ է թիրախավորում եկեղեցին։ Պատերազմի երկրորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը մեծացնում է ճնշումը հարավային ուղղությամբ, որտեղ, ինչպես պարզվում է ավելի ուշ, ռազմաճակատային գծի ճեղքում էր եղել։ Բաքուն նախ հայտարարում է Մեխակավանի՝ Ջաբրայիլի, ապա նաև Հադրութի գրավման մասին։ Հայկական կողմը սակայն հերքում է Հադրութի գրավումը։

https://www.facebook.com/arcrun/posts/3420346014667649

Չնայած դրան՝ քաղաքը, այնուամենայնիվ, հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ադրբեջանական զինծառայողները դիմում են վայրագությունների։ Ցանցում հայտնվում է Հադրութի անպաշտպան բնակչի դաժան գնդակահարության տեսանյութը։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մեկնում են Մոսկվա, հայտարարվում է հրադադար հաստատելու առաջին փորձի մասին․

«Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն»։

Այս համաձայնությամբ ձեռք բերված հրադադարը տևում է մի քանի րոպե։ Ադրբեջանը շարունակում է պարբերաբար հրթիռակոծել Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Մարտակերտն ու այլ բնակավայրեր։

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանը հարված է հասցնում ՀՀ տարածքում տեղակայված զենիթահրթիռային համակարգին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանում է հայտարարությամբ․ «Այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ»։

Այս ընթացքում Բաքուն տեսանյութ է հրապարակում Հադրութից, որով ցույց է տալիս իր ամբողջական վերահսկողությունը քաղաքի նկատմամբ, իսկ Իլհամ Ալիևը հայտարարում է Ֆիզուլին՝ Վարանդան գրավելու մասին։ Շարունակվում է ադրբեջանական բանակի առաջխաղացումը Արցախի հարավում՝ Արաքսի երկայնքով։

Ընդունվում է հրադադարի մասին երկրորդ հայտարարությունը։ Այս անգամ միջնորդ է դառնում ֆրանսիական կողմը։
«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար»․ – նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Այս հրադադարը ևս պահպանվում է ընդամենը մի քանի ժամ։ Առավոտյան ադրբեջանական ուժերը սկսում են լայնածավալ հարձակում, իսկ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ իրենց զորքերը հասել են Խուդաֆերինի կամրջի մոտ։

Հոկտեմբերի 19-20-ին տեղի են ունենում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հեռախոսային բանակցություններ, որոնց մասին հայտնի է դառնում ավելի ուշ։ Հայկական կողմը դիմում է՝ պատերազմը դադարեցնելու համար։ Պուտինը համաձայնության է գալիս Ալիևի հետ, որ նախկին ԼՂԻՄ-ը մնում է հայկական վերահսկողության տակ։ Ալիևը պնդում է, որ ադրբեջանցիները բնակություն հաստտաեն Շուշիում։

«Բայց ինձ համար անսպասելի կերպով հայաստանյան գործընկերների դիրքորոշումը կառուցվեց այնպես, որ դա հայկական կողմի համար ընդունելի չէ։ Եվ վարչապետ Փաշինյանն ուղիղ ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ հիմա էլ հասկանալի չէ, թե որն էր այդ վտանգը լինելու՝ հաշվի առնելով, որ Շուշի վերադառնալու էին ադրբեջանական խաղաղ բնակիչներ՝ ընդ որում՝ հայկական վերահսկողության պահպանմամբ և մեր խաղաղապահների ներկայությամբ», – հետագայում տված հարցազրույցում այդ իրադարձությունների մասին հայտարարում է Վլադիմիր Պուտինը։

Ի վերջո այս համաձայնությունը նույնպես ձախողվում է, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում իր այս քայլը բացատրում է նրանով, որ եթե ադրբեջանցիները վերադառնային Շուշի, ապա քաղաքը չէր կարող համարվել հայկական։

Հոկտեմբերի 20-ին և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը հայտնում են արդեն Իշխանաձոր, Կովսական և Միջնավան բնակավայրերի հատվածում՝ Սյունիքի մարզի մոտակա տարածքներում։ Սյունիքի սահմաններին հասնելուն զուգահեռ ադրբեջանական ուժերն իրենց հարձակումը շարունակում են դեպի հյուսիս՝ Շուշիի ուղղությամբ։

Հոկտեմբերի 25-ին հայտարարվում է ևս մեկ՝ հրադադարի 3-րդ պայմանավորվածության մասին։ Այս անգամ միջնորդ է դառնում ԱՄՆ-ն։ Այս համաձայնությունն ևս նախորդների պես տապալվում է․ Բաքուն անթաքույց ցույց է տալիս որ մտադիր չէ կանգ առնել։ Հերթական անգամ ժողովրդին դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ, այո՛, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի, ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի», – նշում է Փաշինյանը։

https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=3257503301013980

Հոկտեմբերի վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը Ավետարանոց և Սղնախ գյուղերի ուղղությամբ՝ թիրախում ունենալով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ու Շուշին։ Ադրբեջանը արգելված ֆոսֆորային հրկիզող զինատեսակ է կիրառում Արցախի անտառապատ հատվածում, որտեղ պատսպարված էր նաև խաղաղ բնակչությունը։

Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ռազմական օգնության խնդրանքով։ Ռուսական ԱԳՆ-ից պատասխանում են, որ ՌԴ-ն անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք։


Շուշիի մատույցներին մոտենալուն զուգահեռ՝ ադրբեջանական զինված ուժերը սկսում են թիրախավորել հենց Շուշին, ինչպես նաև Ստեփանակերտը, Մարտունին և այլ բնակավայրեր։ Նոյեմբերի առաջին օրերին սկսվում են մարտերը նախ Քարինտակի և Լիսագորի, ապա և Շուշիի համար։

Նոյեմբերի 9-ի ցերեկը ադրբեջանական պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակում Շուշիից։ Ավելի ուշ Արցախի նախագահի մամուլի խոսնակը գրում է Շուշիի անկման մասին։

«Պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս», – ֆեյսբուքյան էջում գրում է Վահրամ Պողոսյանը։

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2807204759599901

Այս անգամ հրադադարի պայմանները հիմնականում կատարվում են։

Հայտարարության ստորագրումից հետո նախկին Ակնա-Աղդամի, Քարվաճառի և Բերձոր-Լաչինի շրջանները անցնում են Ադրբեջանին։ Արցախի նախկին 12 000 քառակուսի կիլոմետրից հայկական վերահսկողության տակ մնում է շուրջ 3 000 քկմ տարածք։ Նախկին ԼՂԻՄ-ից մնացած փոքր հատվածում տեղակայվում են ռուսական խաղաղապահները։

Դեկտեմբերին հայկական զինված ուժերը բանավոր համաձայնությամբ հետ են քաշվում նաև Արցախի Քաշաթաղի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածներից՝ սահմանը մոտեցնելով Սյունիքի բնակավայրերին։

3781 զոհ, 253 անհետ կորած․․․ հայկական կողմի մարդկային կորուստների պաշտոնապես հրապարակված վերջին տվյալն այսօր հրապարակել է քննչական կոմիտեն։ Զոհերի թիվը պատերազմից 1 տարի անց էլ շարունակում է աճել   քանի որ մինչ օրս մարտական գործողությունների վայրերում փրկարարները շարունակում են աճյուններ հայտնաբերել։

Մինչև հիմա լուծված չէ նաև գերիների հարցը։ Հրադադարի հայտարարությունից մինչև օրս Ադրբեջանը սեփական գերիների և ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Հայաստանին վերադարձրել է 108 գերի։ Չնայած դրան՝  հաստատված տվյալներ կան , որ առնվազն 60 մարդ շարունակում է մնալ  գերության մեջ, իսկ իրավապաշտպանների տվյալներով՝ այդ թիվը հաշվվում է հարյուրներով։

Գարիկ Հարությունյան