ՀՀ գլխավոր դատախազությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում

Լուրեր

18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում, հաշվի առնելով նաև 2021թ. հունիսի 20-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների շրջանում առաջացած իրավիճակները, ուսումնասիրվել է պատգամավորի թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս նրանց կարգավիճակային անձեռնմխելիության հաղթահարման՝ ՀՀ-ում գործող իրավական կառուցակարգերը:

«ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի (90-րդ հոդվածի 5-րդ մաս) համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, առանց որի նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

Ուսումնասիրությունը փաստում է, որ թեև սահմանվել է նման իրավիճակներում ԿԸՀ դիմելու և վերջինիս համաձայնությունն ստանալու պայման, սակայն որևէ կարգավորում չկա առ այն, թե ո՞ր մարմինը՝ նախաքննական մարմինը, թե՝ դատախազը պետք է դիմի նման համաձայնություն ստանալու, ի՞նչ կարգով և ժամկետում պետք է ԿԸՀ-ն քննարկի ներկայացված միջնորդությունը, ովքե՞ր պետք է մասնակցեն դրա քննարկմանը և ի՞նչ որոշում պետք է կայացվի։

Այս իրողությունը կարող է հանգեցնել մի վիճակի, երբ անձը ձերբակալվի հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո և միջնորդություն ներկայացվի ԿԸՀ-ին՝ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, սակայն միջնորդությունը հանձնաժողովը քննարկի օրեր անց, երբ արդեն լրացած լինի ձերբակալման առավելագույն 72 ժամը։

Բացի այդ, «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածների համեմատական բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ պատգամավորի թեկնածու և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավոր ձևակերպումներն ունեն տարբեր իրավական բովանդակություն, կարգավիճակի սկզբի և ավարտի տարբեր ժամանակահատվածներ: Ուստի առկա է անհրաժեշտություն՝ հստակեցնել նաև իրավական երաշխիքներից օգտվող անձանց շրջանակը՝ ելնելով իրավական կանխատեսելիության, իրավական որոշակիության սկզբունքներից:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկություն: Մշակված նախագծով որոշակի իրավական երաշխիքներ են նախատեսվում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար: Մասնավորապես վերջիններս իրավունք ունեն ծանոթանալ հարցի քննության համար ԿԸՀ-ին ներկայացված բոլոր փաստաթղթերին և նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները, հարցեր տալ, առարկություններ ներկայացնել, բացատրություններ տալ և միջնորդություններ անել, ինչպես նաև հանդես գալ փաստաբանի միջոցով:

Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ԿԸՀ-ում միջնորդում է դատախազը կամ վերադասը դատախազը՝ ներկայացնելով միջնորդության համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը: Ինչ վերաբերում է ներկայացված միջնորդությունների քննարկման և որոշման կայացման ժամկետների հստակեցմանը, ապա առաջարկվել է սահմանել, որ դատախազի վերոնշյալ միջնորդությունների քննարկման նպատակով ԿԸՀ նախագահը նիստ հրավիրում է անհապաղ, իսկ միջնորդության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել ոչ ուշ, քան միջնորդության մուտքագրման հաջորդ օրը:

Հարկ է ընդգծել, որ սույն իրավակարգավորումները և առաջարկվող փոփոխությունները չեն վերաբերում ինչպես պատգամավորի լիազորությունն ստանձնած պատգամավորներին, այնպես էլ մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված այն քաղաքացիներին, որոնք դրանից հետո ընդգրկվում են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների պատգամավորության թեկնածուների ցուցակներում:

Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում ընտրական տարբեր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով ՀՀ դատախազությունը ՀՀ ԿԸՀ էր ներկայացրել ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ կուսակցությունների դաինքների պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ, որոնք բոլորն էլ բավարարվել էին: