Նիկոլ Փաշինյանը խիզախություն ունեցավ՝ չփախչել պատասխանատվությունից․ Լևոն Տեր-Պետրոսյանին դա, կարծես, ցավեցրել է․ Հրաչյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.05.2021 | 19:32Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ
-Պարո՛ն Հակոբյան, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25-ի հանդիպմանը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին առաջարկել է այս ընտրություններում միասին հանդես գալ «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Քոչարյանն անմիջապես մերժել է՝ ասելով, որ դավաճանած կլինի իր ստեղծած «Հայաստանի փրկության շարժմանը», Սերժ Սարգսյանը լռել է։ Ինչպե՞ս եք գնահատում Տեր-Պետրոսյանի այս նախաձեռնությունը։
-Դա առաջին հայացքից է թվում զարմանալի, այդտեղ զարմանալի որևէ բան չկա, և դա ցույց տվեց առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի, այսպես ասած, վերջին շրջանի վարած քաղաքականությունը։ Զարմանալի չէ, բայց ես խոսքեր չեմ գտնում՝ ինչպես դա որակեմ, երբ նա, օրինակ, համարում է, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ կարող է մի կողմ թողնել սկզբունքային տարաձայնությունները և դրանով, փաստացի, ստացվում է, որ նա Մարտի 1-ի իրադարձությունները համարում է սկզբունքային տարաձայնություններ։ Երևի հայ հասարակությունը չէր սպասի Լևոն Տեր-Պետրոսյանից իր վերջին ամիսների քաղաքականությունը, դա էր շատ անսպասելի։
-Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ դաշինքը նոր աղետներից խուսափելու միակ ելքն է․ «Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող սպառնալիքները»։ Պարո՛ն Հակոբյան, ստացվում է՝ ձեր իշխանությունն ավելի վտանգավո՞ր է, քան թուրքերից և ադրբեջանցիներից եկող վտանգը։
-Կապրենք՝ կտեսնենք, թե ում իշխանությունն է եղել վտանգավոր։ Առաջիկայում մենք ունենք ընտրություններ, մեր քաղաքացին կկայացնի որոշում, թե ով կլինի երկրում իշխանություն, և ըստ այդմ՝ կտեսնենք, երբ մենք լինենք իշխանության, մենք կլինենք վտանգավոր, թե՞ ի ապացույց կդնենք այն՝ ովքեր են եղել տարիներ շարունակ Հայաստանի համար վտանգավոր իշխանություններ։
-Բայց բավականին սուր և խիստ գնահատական է՝ ունենալ իշխանություն, որին համարես ավելի վտանգավոր, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգը։ Այդպես չէ՞։
-Դա գնահատական չէ։ Համենայնդեպս, ՀՀ առաջին նախագահին ոչ վայել գնահատական է դա, չէի համարի խիստ գնահատական։
–Չե՞ք համարում, որ ձեր իշխանությունն է այնպիսին, որ երկիրը կանգնեցրել եք վտանգի առաջ։
-Ո՛չ, ես այդպես չեմ համարում։ Ես վստահ եմ, որ առաջին նախագահն էլ այդպիսին չի համարում, որ մենք ենք կանգնեցրել Հայաստանը պատերազմի առաջ՝ չթողնելով այլընտրանք։ Մի հետաքրքիր բան տեղի ունեցավ․ վերջերս դիտում էի Հայ ազգային կոնգրեսի անդամներից մեկի հարցազրույցը, և այդ հարցազրույցի ժամանակ այդ մարդն ասաց, որ 90-ականներին ստեղծված իրավիճակից ելնելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խիզախություն ունեցավ և հեռացավ իշխանությունից։ Դա այդ մարդկանց գնահատականն է՝ երբ փախչում ես պատասխանատվությունից, դա համարվում է խիզախություն։ Բայց մենք տեսանք, որ այսօր մեր կառավարությունը՝ ի դեմս մեր վարչապետի, խիզախություն ունեցավ չփախչել պատասխանատվությունից, և դա, կարծես, ցավեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանին և Հայ ազգային կոնգրեսին։ Նրանց համար խիզախությունը պատասխանատվությունից փախչելն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան