Նիկոլ Փաշինյանի իշխանության «բախտը»․ պարոնայք և տիկնայք, ինչքան եք անտեղյակ այն գործից, որի համար պատասխանատվություն եք կրում արդեն գրեթե երեք տարի
Քաղաքականություն
11.03.2021 | 22:15Հայաստանը դժվարագույն օրեր է ապրում: Հանրության առաջ ծառացած թիվ մեկ խնդիրը թշնամու կողմից գերեվարված մեր հայրենակիցներին ու մարտի դաշտում մնացած մեր զոհերի դիակները իրենց հարազատներն վերադարձնելը, նրանց սփոփելն ու օժանդակելն է, սոցիալական ծանր վիճակում հայտնված քաղաքացիների կյանքը բարելավելը: Դժվար է մտածել այլ խնդիրների մասին ու կենտրոնանալ դրանց վրա:
Սակայն ՀՀ իշխանությունների ամենօրյա գործունեությունը մշտադիտարկում և վերլուծություն է պահանջում: Առանց այն էլ սխալները, ոչ սկզբունքային և ոչ հետևողական գործողություններն ու մոտեցումները շատ-շատ են:
Վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանի տնտեսությունում ներդրումները բավարար չեն եղել: Ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման և արտահանման խթանման նպատակով 2011թ. ընդունվել է «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը:
2012 թվականին ՀՀ կառավարությունը ստեղծել է «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ», 2014թ.-ին՝ «Մերիդիան», 2017-ին՝ «Սյունիք» և «Մեղրի», իսկ 2018թ.-ին՝ Հրազդանում «Էկոս» ազատ տնտեսական գոտիները: Ազատ տնտեսական գոտում գործունեության թույլտվությունը կազմակերպություններին ազատում է որոշ հարկեր վճարելու պարտականությունից:
Պետական կառավարումը ենթադրում է պետական քաղաքականությունների և պետական ծրագրերի պարբերական գնահատում: Դա ինչպես չէր արվում նախորդ, այնպես էլ չի արվում ներկա իշխանությունների կողմից, ինչը փաստերի վրա հիմնված քաղաքականությունների տեսակետից խնդրահարույց է դարձնում իրականացվող ծրագրերի նպատակայնությունը, արդյունավետությունը և խնայողականությունը, որոնք դիտարկվում են ներդրված գումարի դիմաց արժեք ստեղծելու (value for money) սկզբունքի շրջանակում:
Նման ծրագրերն ու միջոցառումները շարունակելուց և ազատ տնտեսական գոտիներում գործունեությունը շարունակելու թույլտվություն տալուց առաջ կառավարությունը պետք է գնահատի իր նախորդ գործողությունները, պարզի և հանրությանը տեղեկացնի, թե արդյո՞ք ներդրման դիմաց հանրությունը ստացել է ցանկալի արդյունքը: Հարկատուները պետք է իմանան, թե ի՞նչ ծավալով հարկերից է ազատվել տվյալ կազմակերպությունը և արդյո՞ք այդ միջոցառումն ունեցել է ցանկալի տնտեսական արդյունքը: Սա չի նշանակում, թե ազատ տնտեսական գոտիներ չպետք է լինեն: Սակայն դրանց գործունեության արդյունքները պետք է գնահատվեն և պարբերաբար ներկայացվեն հանրությանը:
ՀՀ կառավարության գործունեությունը գնահատելու և դրա արդյունքները ներկայացնելու հետ կապված առաջին առաջարկությունն արել էի դեռ 2019թ. հունվարին, սահմանին գանձվող ԱԱՀ-ն երեք տարով հետաձգելու պրակտիկայի վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկել էի հանրությանը հաշվետվություն ներկայացնել 2009թ.-ից վեր ԱԱՀ վճարումը 3 տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն ստացած ընկերություններիը կողմից հետագայում ժամանակին և ամբողջ ծավալով հետաձգված պարտավորությունների կատարման, դրա տնտեսական արդյունքի, ընկերությունների ընտրության, www.e-draft.am կայքում այդ հարցին վերաբերող որոշումների նախագծերի ներկայացման վերաբերյալ: Նաև առաջարկել էի դիտարկել սահմանին ԱԱՀ-ի գանձման պրակտիկայից հրաժարվելու և հարկային քաղաքականությունը արմատական փոփոխության ենթարկելու հնարավորությունը: Ինչպես դրանից հետո արված առաջարկությունները, դա ևս մնաց որպես «ձայն բարբառոյ հանապատի»: Այն, որ ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում, չի նշանակում, որ դրանք կարևոր չեն և պետք է դադարեցնել դրանց անդրադառնալ:
Համաձայն Հայաստանի իրավական տեղեկատվական www.arlis.am համակարգի` ՀՀ կառավարությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու վերաբերյալ կայացրել է 25 որոշում, որոնցից 22-ով թույլատրել է գործունեություն ծավալել 20 ընկերության, մեկով մերժել է «Խնկիկյան ըդվանսդ էլեքթրոնիքս» ՍՊԸ-ին, երկուսով դադարեցրել է «Լակուզեռ Հայաստան» ՍՊԸ-ին և «Ինստիգեյթ ռոբոտիքս» ՓԲԸ-ին տրված թույլտվությունները: «Արիդես» ՍՊԸ-ի վերաբերյալ 2016, 2017 և 2018 թթ. կայացվել է երեք, իսկ «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ վերաբերյալ 2013 և 2019 թթ. երկու որոշում: Ամբողջական ցանկը ներկայացված է ստորև՝ աղյուսակում:
Ներկայացված ծրագրերի համաձայն՝ ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն ստացած ըներկությունները շատ կարևոր գործեր են անում: «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին ՀՀ կառվարությունը թույլատրել է պլանշետների հավաքման և ծրագրավորման, «Ինստիգեյթ ռոբոտիքս» ՓԲԸ-ին՝ ռոբոտաշինության, այդ թվում` կրթական և արդյունաբերական նշանակություն ունեցող անօդաչուների, «Լիֆտտեխնիկ» ՍՊԸ-ին՝ մարդատար վերելակների, «Բարձր ջերմաստիճանային բյուրեղներ» ՍՊԸ-ին՝ շափյուղային բյուրեղների, «Ֆիկուս Պակս Սի Այ Էս» ՍՊԸ-ին՝ նորարարական տեխնոլոգիաներով փաթեթավորման, «Լակուզեռ Հայաստան» ՍՊԸ-ին՝ նորարարական տեխնոլոգիայով կոնյակի սպիրտի / կոնյակի դիստիլյատի, «Հրանտ Էներջի» ՍՊԸ-ին՝ ջրածնային տուրբոգեներատորային սարքավորումների, «Փյուր ընդ Նանո» ՍՊԸ-ին՝ մաքուր մետաղական փոշիների, «ԷլԷյ Սոլար» ՍՊԸ -ին՝ ֆոտովոլտային պանելների արտադրություն ծավալել:
«Էյ Բի Էնջինիրինգ», «Սեմկա Սի Այ Էս», «Ունիկում ինժիներինգ», «ՍՋՍ» և «Արիդես» ՍՊԸ-ներին թույլատրել է գործունեություն ծավալել էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում: «Արիդես»-ին թույլատրվել է նաև նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ, իսկ «Էյ Բի Էնջինիրինգ» ՍՊԸ-ին՝ բազմաֆունկցիոնալ և փոքրաչափ դյուրակիր ցանցային սարքեր արտադրել: «Վելբեկ-ԱՄ», «Դատա Ուան» և «Դատա Քյուբ» ՍՊԸ-ներին թույլատրվել է ստեղծել տվյալների կենտրոններ: «ՅուԷֆԳրուպ» ՍՊԸ-ի դեպքում ժամկետը և գործունեության տեսակը չի նշվում:
Թրանսփարենսի Ինթերնեշնլը երկու գրություն էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն խնդրելով տեղեկատվություն տրամադրել «Արիդես» և «Ունիկում ինժիներինգ» ՍՊԸ-ների կողմից իրականացվող ծրագրի ընթացքի վերաբերյալ: 2021թ. մարտի 10-ին և 11-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է իր գրությունների պատասխանները: Երկու ՍՊԸ-ի դեպքում էլ նախարարությունը նախ հղում է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածներին, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիությունը, ապա հայտնում, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլի «գրությամբ նշված տեղեկատվության տրամադրման նպատակով հարցում է ուղարկվել Ընկերությանը, և վերջինիս կողմից պատասխանն ստանալուն պես» Թրանսփարենսի Ինթերնեշնլին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Պարոնա՛յք և տիկնա՛յք, ինչքան եք դուք անտեղյակ այն գործից, որի համար արդեն գրեթե 3 տարի է պատասխանատվություն եք կրում:
2012թ. փետրվարի 2-ին ՀՀ կառավարությունը կայացրել է «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության և «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և «Սիտրոնիկս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերայլ կազմակերպչի կողմից լիազոր մարմնին հաշվետվությունների ներկայացման ձևերը հաստատելու մասին» №84-Ա որոշումը, որի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձյան հաստատվել է հավելված №3-ը, որով սահմանվել է ազատ տնտեսական գոտու գործունեության կազմակերպչի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը, որի վերջին աղյուսակում պետք է լինի այն ամբողջ տեղեկատվությունը, որը ձեզնից ակնկալել է Թրանսփարենսի Ինթերնեշնլը, այն է հաշվետու ժամանակաշրջանում ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում (1) շահագործողի անվանումը, (2) շահագործողի գործունեության տեսակը, (3) շահագործողի կողմից զբաղեցրած տարածքի չափը, (4) շահագործողի կողմից կատարված ներդրումների ծավալը դրամով, (5) շահագործողի արտահանման ծավալը դրամով, ըստ ապրանքատեսակների և արտահանման ուղղությունների, (6) Ընդհանուր իրացումից ստացված հասույթը դրամով, (7) Հայաստանի տարածքում իրացման ծավալը դրամով, (8) շահագործողի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում դրամով, (9) շահագործողի կողմից ստեծված աշխատատեղերի քանակը և (10) միջին աշխատավարձի չափը դրամով:
Ի՞նչ առևտրային գաղտնիքի մասին է խոսքը: Այս ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու պահանջը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ: Արդյոք ՀՀ կառավարությունը խախտե՞լ է նախարարության գրություններում նշված օրենքները:
Ամբողջ այն տեղեկատվությունը, որը Թրանսփարենսի Ինթերնեշնլը ձեզնից խնդրում է, արդեն իսկ պետք է լինի ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվություններում: Ձեր անտեղյակությունը նշանակում է, որ դուք կամ չեք պահանջում և չեք ստանում այդ հաշվետվությունները, կամ ուղղակի չեք ծանոթանում, երբ այդ հաշվետվությունները ստանում եք կազմակերպչից:
Իհարկե՝ ծանոթանալը, դրանցում ներկայացված տվյալները վերլուծելը որոշակի աշխատանք և ջանք է պահանջում: Փաշինյանի կառավարության անդամները հո պաշտոն չե՞ն ստանձնել, որպեսզի աշխատեն: Նրանք պաշտոն են ստանձնել, որպեսզի կոստյում հագնեն, փողկապ կապեն, լուրջ դեմքերով գնան աշխատանքի, սուրճ խմեն, ասեն-խոսեն, լրագրողների հետ զրուցելիս օգտագործեն «տեսլական», «ռազմավարություն», «հայեցակարգ», «ՄԺԾԾ», «ծրագիր», «մարտահրավեր», «ռիսկ», «շահառու», «օգտագեր», «իրավունք», «չափորոշիչ», «հեռանկար», «շարունակական», «մշտադիտարկել» և նման այլ բառերը: Սրանք շաբլոն բառերի այն կույտն է, որը պետք է իմանա և ունկնդրի գլխին թափի Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյան: Դա բավական է:
Թրանսփարենսի Ինթերնեշնլին «Ունիկում ինժիներինգ» ՍՊԸ-ի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գրությունը կարելի էր ծիծաղելի համարել, եթե այն չլիներ ողբալի: «Ունիկում ինժիներինգ» ՍՊԸ-ի նկատմամբ 2021թ. փետրվարի 2-ին լուծարման վարույթ է սկսվել: ՀՀ սնանկության դատարանի 19.01.2021թ. թիվ ՍնԴ/1488/04/20 որոշմամբ՝ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊ ընկերությունն (պետ. գրանցման համար՝ 290.110.911390, ՀՎՀՀ՝ 01271275, հասցե՝ ք. Երևան, Րաֆֆու փող. 111, Մալաթիա-Սեբաստիա 0065/՝ գտնվում է լուծարման գործընթացում: Այսինքն, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներդրումային ծրագրի ընթացքի վերաբերյալ հարցում է ուղարկել լուծարման ընթացքում գտնվող կազմակեպությանը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ինչքան եք դուք անտեղյակ:
«Ունիկում ինժիներինգ»-ի լուծարումը պետք է որ ծանր հարված դառնա մեր ռազմաարդյունաբերական համալիրի համար, քանի որ ընկերությունը զբաղվում էր այնպիսի կարևորագույն գործով, ինչպիսին ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրությունն է և տարիներ շարունակ գիշերային տեսադիտման հատուկ սարքեր է մատակարարել ՀՀ ՊՆ-ին:
ՀՀ կառավարության 2016թ. հուլիսի 14-ի նիստին ներկայացված փաստաթղթերի համաձայն «Ունիկում ինժիներինգ»-ը նախատեսում էր ծրագրի իրականացման առաջին տարում ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում, ավելի քան 35 աշխատատեղ՝ 350 հազար դրամ միջին աշխատավարձով: Սակայն այս դեպքում նոր աշխատատեղերի ստեղծումը հավանաբար երկրորդական է, քանի որ ծրագրի համաձայն նախատեսվում էր, որ արդեն 2017թ. արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն. ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում՝ շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար:
Արդյո՞ք «Ունիկում ինժիներինգ»-ի լուծարումը նշանակում է, որ Հայաստանի Զինված ուժերը զրկվել են հայրենական արտադրության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր ձեռք բերելու հնարավորությունից: Արդյո՞ք Հայաստանում այնպիսի տնտեսական և գործարար մթնոլորտ է, որ լուծարվում է պաշտպանական նշանակության ապրանքներ արտադրող ընկերությունը, որի արտադրանքը պետք է որ կարևորագույն նշանակություն ունենա ՀՀ Զինված ուժերի համար: Արդյո՞ք այդ գործունեություն ծավալելը Հայաստանում շահավետ չէ: Ինչպե՞ս է պատահում, որ ընկերությունը ստանում է ազատ տնտեսական գոտում 5 տարի գործունեություն ծավալելու հնարավորություն և հինգերորդ տարում լուծարվում է:
Սրանք, իհարկե, մասնավոր հարցեր են, որոնք վերաբերում են միայն մեկ ընկերտության: Սակայն կառավարությունը դրանց չի անդրադառնում: Բացի «Ունիկում ինժիներինգ»-ից իրավական հարթությունում գործընթացներ են տեղի ունեցել կամ ունենում ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալող այլ ընկերությունների հետ; Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հունվարի 30-ի որոշմամբ «ՅուԷֆԳրուպ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել: Համաձայն նույն աղբյուրի մեկ այլ տվյալի 2018թ.-ին քաղաքացի Վարդան Նորիկի Խեչյանը չվճարած աշխատավարձի հետ կապված հայց է ներկայացրել ընդեմ Նիկոլաոս Գիաննակոպուլոսի, «Սեմկո Սի Այ Էս» ՍՊԸ-ի և «Ֆիկուս Պակս Սի Այ Էս» ՍՊԸ-ի: Հարկային մարմինները չկատարած հարկային պարտավորությունները գանձելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացնում «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ի , «Լակուզեռ Հայաստան» ՍՊԸ –ի , «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ի դեպքում:
Ավելի կարևոր են տարվող քաղաքականությունների արդյունքների և արդյունավետության վերաբերյալ տեղեկատվությունն ու հաշվետվությունները: Մասնավորապես.
- Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստվում է վերլուծել, գնահատել և հանրությանը հաշվետվություն ներկայացնել ՀՀ տնտեսության և պետական բյուջեի վրա ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալող ընկերությունների արդյունքների և արդյունավետության վերաբերյալ: Արդյոք այդ ընկերություններն ավելացրել են արտահանումը, բարելավել են արտադրողականությունը:
- Արդյո՞ք ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու թույլտվություն ստացած ընկերությունները ժամանակին և ամբողջ ժավալով կատարել են ներդրումային ծրագրով իրենց ստանձնած պարտավորությունները:
- Ինչպե՞ս են երկրի օրենսդրական համակարգը և բիզնես գործընթացներն ազդում ներդրումային ծրագրերի վրա: Արդյո՞ք դրանցում փոփոխություններ են անհրաժեշտ:
Կարելի է նաև մի քանի այլ հարց ձևակերպել: Սրանք իհարկե դժվար հարցեր են, քանի որ պատասխանելու համար աշխատանք է պահանջվում: Ոլորտներում տիրող իրավիճակների մասին հարցերին պատասխանելու մտադրություն իշխանությունը չունի: Նույն գործելաոճը բոլոր ոլորտներում է:
Ինչպես է պատահում, որ քաղաքացիական հասարակության մի քանի կառույց, իրենց մի քանի տասնյակ աշխատակիցներով, գործընկերներով, համախոհներով կարողանում են մշտադիտարկել, առանձնացնել և պետական կառավարման մարմիններին ներկայացնել իրենց մոնիտորինգի արդյունքները և ձևակերպել առանցքային հարցեր, այն դեպքում, երբ մի քանի հազար աշխատակից ունեցող պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ուղղակի ձախողում են իրենց աշխատանքը:
Տարբեր ոլորտներում կուտակված խնդիրներին ՀՀ կառավարությունները կատարել և կատարում են մակերեսային անդրադարձ: Ներկա իշխանությունից դժվար է հարցերի պատասխաններ, կամ կուտակված խնդիրների վերլուծություններ ակնկալել, քանի որ ավելի հեշտ է ընդդիմախոսներին ուղղակի մեղադրել կեղծ սոցիալական կարգախոսներով հանդես գալու մեջ, ընդդիմադիրներին անվանել բութ և սրիկա, ձեռնամարտ սկսել ԱԺ դահլիճում և հետո ասել, որ այ եթե ինքը ամբիոնի մոտ կանգնած լիներ, իրեն հարվածել չէր կարելի, բայց քանի որ ինքը հեռացել էր ամբիոնի մոտից, իրեն պետք էր հարվածել:
2020թ. հունվարին հոդված էի գրել այն մասին, որ պետական քաղաքականությունը բախտի վրա չի կառուցվում: Խնդիրը նրանում էր, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, որը հետագայում կարիերայի աճ ունեցավ և հիմա Հայաստանը ներկայացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, դժգոհել էր, որ եթե Փաշինյանի կառավարության բախտը բերեր «կլինեին լավ ցուցանիշներ»: Այն, որ այս կառավարությունը լավ ցուցանիշներ կարող է արձանագրել միայն բախտի, սակայն ամենևին ոչ աշխատանքի և համառ ջանքեր գործադրելու արդյունքում՝ ակնհայտ է:
ՀՀ իշխանությունների ստացած 70 տոկոս քվեն չար կատակ էր: Հիմա էլ պարզվում է, որ իշխանությունը սխալներ է գործել, քանի որ շատ սիրված է եղել: Փոքր երեխան է շատ մեծ սիրուց երես առնում: Հետագայում կամ այդպես էլ երես առած մեծանում է, ծնողների համար պատուհաս դառնալով, կամ ծնողներին հաջողվում է նրան տալ այն կարևորագույն գիտելիքները, հմտությունները և կարողությունները, որոնք նրան օգնում են անցնել իր պատվաբեր ճանապարհը:
Առանց համակարգային հարցերն ուսումնասիրելու, խնդիրները վերհանելու, դրանց լուծումների այլընտրանքներն ուսումնասիրելու, նպատակներ սահմանելու, այդ նպատակներին հասնելուն ուղղված ծրագրեր մշակելու, այդ ծրագրերի կատարումը մշտադիտարկելու, դրանց կատարման վերաբերյալ հաշվետվություններ ստանալու, դրանց կատարումը գնահատող զեկույցներ պատրաստելու և հանրությանը ներկայացնելու և դրա հիման վրա քաղաքականությունները ճշգրտելու առաջ գնալը նշանակելու է խարխափել խավարում: Յուրաքանչյուր ոլորտում այս հսկայական աշխատանքը չկատարելու արդյունքում սովորական պրեզենտացիան անվանվելու է ռազմավարություն և նշանակելու է, որ գնում ենք, չգիտենք ուր, չգիտենք երբ, չգիտենք ինչպես, չգիտենք …
Սա նշանակում է, որ հայտնի չեն իշխանությունների կողմից որոշումների կայացման սկզբունքները և հիմքերը: Իսկ դա նշանակում է, որ իրենց ոչ բաց, ոչ թափանցիկ, ոչ հաշվետու և անպատասխանատու գործելաոճով ներկա իշխանությունները դարձել են Հայաստանի տնտեսական զարգացման և առաջընթացի հիմնական խոչընդոտը:
Ընկերության անունը | Որոշում | Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներ | Ժ | Վայրը | ||
Օր | № | |||||
1 | «էլէյ Սոլար» ՍՊԸ | 26 սեպտ 2019թ. | №1296-Ա | https://www.e-register.am/am/companies/1294057 | 4 | «ՌԱՕ Մարս» |
2 | «Փյուր ընդ Նանո» ՍՊԸ | 7 մարտի 2019թ. | №185-Ա | https://www.e-register.am/am/companies/1201539 | 5 | «ՌԱՕ Մարս» |
3 | «Հրանտ էներջի» ՍՊԸ | 27 դեկտ 2018թ. | №1539-Ա | https://www.e-register.am/am/companies/1194918 | 5 | «ՌԱՕ Մարս» |
4 | «Արիդես» ՍՊԸ | 21 հունիսի 2018թ. | №699-Ա | 5 | «ՌԱՕ Մարս» | |
5 | «Դատա Ուան» ՍՊԸ | 8 հունիսի 2018թ. | №660-Ա | https://www.e-register.am/am/companies/1183378 | 5 | «ՌԱՕ Մարս» |
6 | «Դատա Քյուբ» ՍՊԸ | 28 դեկտ 2017թ. | №1719-Ա | https://www.e-register.am/am/companies/1179058 | 5 | «ՌԱՕ Մարս» |
7 | «ՎԵԼԲԵԿ-ԱՄ» ՍՊԸ | 9 նոյ 2017թ. | №1420-Ա | https://www.e-register.am/am/companies/1124939 | 5 | «ՌԱՕ Մարս» |
8 | «Էյ Բի Էնջինիրինգ» ՍՊԸ | 12 հոկտ 2017թ. | №1250-Ա | https://www.e-register.am/am/companies/1239942 | 5 | «ՌԱՕ Մարս» |
9 | «ԱԱ թրաքս» ՍՊԸ | 12 հոկտ 2017թ. | №1246-Ա | https://www.e-register.am/am/companies/1254297 | 5 | «ՌԱՕ Մարս» |
10 | «Արիդես» ՍՊԸ | 7 սեպտ 2017թ. | №1100-Ա | 6 | «ՌԱՕ Մարս» | |
11 | «Լակուզեռ Հայաստան» ՍՊԸ | 3 օգոստ 2017թ. | №939-Ա | Դ | ||
12 | «Լակուզեռ Հայաստան» ՍՊԸ | 21 մայիս 2015թ. | №532-Ա | https://www.e-register.am/am/companies/1248178 | 5 | «ՌԱՕ Մարս» |
13 | «Ինստիգեյթ ռոբոտիքս» ՓԲԸ | 30 մարտ 2017թ. | №328-Ա | Դ | ||
14 | «Ֆիկուս Պակս Սի Այ Էս» ՍՊԸ | 23 փետր 2017թ. | №171-Ա | https://www.e-register.am/am/companies/1299753 | 5 | «ՌԱՕ Մարս» |
15 | «Սեմկո Սի Այ Էս» ՍՊԸ | 27 հոկտ 2016թ. | №1094-Ա | https://www.e-register.am/am/companies/1299752 | 5 | «ՌԱՕ Մարս» |
16 | «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ | 27 հոկտ 2016թ. | №1093-Ա | 3 | «ԵրՄՄԳՀՒ» | |
17 | «Ունիկում ինժիներինգ» ՍՊԸ | 14 հուլիսի 2016թ. | №734-Ա | https://www.e-register.am/am/companies/1283081 | 5 | «ՌԱՕ Մարս» |
18 | «Արիդես» ՍՊԸ | 14 հուլիսի 2016թ. | №733-Ա | https://www.e-register.am/am/companies/1224719 | 5 | «ՌԱՕ Մարս» |
19 | «ՍՋՍ» ՍՊԸ | 12 մայիսի 2016թ. | №491-Ա | https://www.e-register.am/am/companies/1314621 | 8 | «ՌԱՕ Մարս» |
20 | «Բարձր ջերմաստիճանային բյուրեղներ» ՍՊԸ | 3 դեկտ 2015թ. | №1420-Ա | https://www.e-register.am/am/companies/1024288 | 5 | «ՌԱՕ Մարս» |
21 | «Լիֆտտեխնիկ» ՍՊԸ | 17 դեկտ 2014թ. | №1442-Ա | https://www.e-register.am/am/companies/1279099 | 5 | «ՌԱՕ Մարս» |
22 | «Խնկիկյան ըդվանսդ էլեքթրոնիքս» ՍՊԸ | 27 նոյ 2014թ. | №1324-Ա | https://www.e-register.am/am/companies/977640 | Մ | «ՌԱՕ Մարս» |
23 | «ՅուԷֆԳրուպ» ՍՊԸ | 6 մարտի 2014թ. | №261-Ա | https://www.e-register.am/am/companies/1084686 | «ԵրՄՄԳՀՒ» | |
24 | «Ինստիգեյթ ռոբոտիքս» ՓԲԸ | 30 հունվ 2014թ. | №76-Ա | https://www.e-register.am/am/companies/1310907 | 3 | «ՌԱՕ Մարս» |
25 | «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ | 19 դեկտ 2013թ. | №1459-Ա | https://www.e-register.am/am/companies/1306917 | 3 | «ԵրՄՄԳՀԻ» |
Ժ – նշանակում է ժամկետ (տարի), Դ – նշանակում է դադարեցնելու վերաբերյալ որոշում, Մ – նշանակում է մերժելու վերաբերյալ որոշում
Արտակ Քյուրումյան