«Եղել է հանցավոր արարք»․ ո՞վ և ի՞նչ նպատակով է  փորձել ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարել ՀՀ ՊՆ-ին. ОRSIS-ի գործով նոր մանրամասներ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Ռուսաստանյան ORSIS ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանն այս տարվա  մայիսին մի քանի միլիոն դոլարի Dedal-T2.380 Hunter LRF ֆիրմայի գիշերային տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման  գործընթացի կասեցման հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Factor.am-ի տրամադրության տակ են հայտնվել  փաստաթղթեր, որտեղ մատնանշված է, թե ORSIS ընկերության կողմից առաջարկված սարքավորումներում ինչ խնդիրներ են եղել: Մասնավորապես, «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը տարիներ շարունակ Պաշտպանության նախարարությանը մատակարարել է գիշերային տեսադիտման հատուկ սարքեր, բացահայտել և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին է փոխանցել ORSIS-ի առաջարկած գիշերային տեսադիտման սարքերի և ջերմատեսիլ նշանոցներում առկա տեխնիկական խնդիրները: Ըստ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ի, ORSIS-ը ռազմականի փոխարեն ՊՆ-ին փորձել է մատակարարել որսորդական տեսադիտման սարքավորումներ, ինչը զինվորների կյանքի համար կարող է սպառնալիք լինել:

Մինչ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ի գրության բովանդակությանն անդրադառնալը, հիշեցնենք՝ օգոստոսին գրել էինք, որ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է ընդունել ORSIS-ի մի քանի միլիոն դոլարի գիշերային տեսադիտման հատուկ սարքերը: Արդյունքում ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը») հատկանիշներով։

ORSIS ընկերությունը ռուսական «Промтехнологии» կոնցեռնի մասն է կազմում, իսկ Հայաստանում ընկերության պաշտոնական ներկայացուցիչը «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն է: Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին: Հիմնադիրներն են Արթուր Գալստյանն ու Գևորգ Մանուկյանը: Նրանք պատահական անձինք չեն: Արթուր Գալստյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետն է, փոխգնդապետ է։ Իսկ Գևորգ Մանուկյանը  նախկինում զբաղեցրել է այն նույն պաշտոնը, ինչ հիմա զբաղեցնում է իր գործընկեր Արթուր Գալստյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ: Գևորգ Մանուկյանն այժմ պահեստազորում է:

Տեղեկացրել էինք նաև, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ ՊՆ փոխգնդապետը 2019 թվականի հունիսի 28-ին հրաժարվել է իր 50 տոկոս բաժնեմասից: Այն փոխանցել է Վերգինե Սարգսյանին: Ուշագրավ է, որ փոխգնդապետ Արթուր Գալստյանը իր բաժնեմասից հրաժարվել է  մեկ ամիս անց այն բանից,  երբ պարզվել է, որ ՊՆ-ն չեղարկում է հատուկ սարքերի գնման գործընթացի արդյունքները: Իսկ Արթուր Գալստյանի 50 տոկոս բաժնեմասը տնօրինող Վերգինե Սարգսյանը «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կինն է: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց փաստաբանը:

Անդրադառնալով «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ի ուսումնասիրությունների արդյունքներին՝ նշենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցված փաստաթղթերում նշված է, որ  Dedal-T2.380 Hunter LRF ֆիրմայի գիշերային տեսադիտման հատուկ սարքերը նախատեսված են ոչ թե ռազմական գործողության, այլ որսորդության համար: Սարքավորումների վրա տեղադրված է լազերային հեռաչափ, որի հայտնաբերման հեռավորությունը մինչև 600 մետր է և չի համապատասխանում պահանջվող չափանիշներին, որոնց համաձայն  սարքավորումների հայտնաբերման հեռավորությունը պետք է լինի 1600 մետր:

«Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ի ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ Dedal-T2.380 Hunter LRF սարքավորումները ունեն լազերային հեռաչափ, որը քաղաքացիական նշանակության համար է նախատեսված, և օգտագործել այն ռազմական նշանակության համար արգելվում է: «Սարքավորումը ռազմական նշանակությամբ օգտագործելու դեպքում հակառակորդը կարող է հայտնաբերել զինվորին, և զինվորը կդառնա թիրախ: Հեռաչափն աշխատում է 905 նանոմետր ալիքի երկարությամբ, ինչը խստիվ արգելված է օգտագործել ռազմական գործունեության համար»,- նշված է նախարարին փոխանցված գրության մեջ:

Ռազմական տեսադիտման սարքավորումները զինվորներին քողարկելու կարևորագույն ֆունկցիա ունեն, ինչը բացակայում է որոսորդականների մոտ:

Տեղեկացանք, որ ՊՆ-ին անհրաժեշտ  գիշերային տեսադիտման սարքավորումների տեխնիկական պահանջները սահմանվել են ԳՇ-ի կողմից, որտեղից էլ, ըստ մեր աղբյուրի,  վերցրել են Dedal-T2.380 Hunter LRF տվյալները և փորձել են համապատասխանեցնել պահանջվող սարքավորումների տեխնիկական չափանիշներին: Մեր աղբյուրը նշեց՝ այնքան ոչ պրոֆեսիոնալ են տվյալները կեղծել, որ,  օրինակ, հասարակ պիտակավորումները չեն փոխել: Մասնավորապես, Dedal-T2-ը որսորդական սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերության ապրանքանիշի անհատական կոդն է, որը շարունակում է լինել ռազմական տեսադիտման անվան տակ ներկայացված սարքավորման տեխնիկական բնութագրում:

Մեզ հայտնի դարձավ, որ ORSIS ընկերությունը նշյալ սարքավորումները ՊՆ-ին առաջարկել է բավականին բարձր արժեքով: Dedal-T2.380 Hunter LRF որսորդական տեսադիտման սարքը ՌԴ-ում վաճառվում է 330 հազար ռուբլի, որը համարժեք է 2,5 մլն դրամի:  ՊՆ-ն ռազմական տեսադիտման 500 սարքավորման հայտ է ներկայացրել, որից յուրաքանչյուրի համար, սակայն,  ORSIS ընկերությունը սահմանել է 3 մլն 100 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուրի համար 600 հազար դրամով ավելի  թանկ:  Այս գնով ՊՆ-ն 500 սարքավորման համար պետք է վճարեր 1,9 մլրդ դրամ: Սակայն գործարքը մայիսից կասեցվել է՝ բացահայտված խախտումների պատճառով:

ORSIS ընկերության հայաստանյան «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը,  մեզ  հետ զրույցում անդրադառնալով տեղեկություններին, որ ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարելու փորձ է արվել, հայտարարեց, որ դա իրականությանը չի համապատասխանում:

«Մեր մրցույթի առարկա ռազմամթերքը բացարձակ այլ ռազմամթերք է: Ես չգիտեմ՝ ինչ հեռավորության մասին են խոսում, բոլորովին կապ չունի: Եթե ORSIS-ը վատ ռազմամթերք էր բերում, թող գրեին, որ  վատ ռազմամթերքի պատճառով ենք մրցույթը ձախողում, այլ ոչ թե՝ թղթերի բացակայության համար, ամաչու՞մ էին: Թող գրեին, որ ORSIS-ը խարդախ է: Բոլորովին այլ ռազմամթերքի մասին է խոսք գնացել, իրենց ներկայացրած այս մետրների վրա ծիծաղս գալիս է»,- ասաց նա:

Միաժամանակ Ալեքսանդր Սիրունյանը չցանկացավ պատասխանել Factor.am-ի հարցին, թե խոսքն ինչ այլ ռազմամթերքի մասին է: «Մենք ռուսական և հայկական ռազմական գաղտնիք բացող չենք»,- արձագանքեց նա:

Անդրադառնալով ռազմամթերքը բարձր գներով ՊՆ-ին առաջարկելու տեղեկությանը՝ Սիրունյանը վստահեցրեց,  որ դա ևս  իրականությանը չի համապատասխանում: Ըստ փաստաբանի, եթե մատակարարեին, ապա կրկնակի էժան էին տրամադրելու:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում թեմայի վերաբերյալ ասաց. «Գործը քրեական վարույթում է, քրեական մարմինները թող պարզեն և մեղավորներին պատժեն»:

Ինքը՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն էլ, այսօր ԱԺ-ում պատասխանելով ORSIS-ի հետ կապված  մեր հարցին,  ասաց․ «Եղել է հանցավոր արարք, բայց թե ում կողմից և ինչ ծավալի՝ կպարզեն քննչական մարմինները»։ Մեր ճշգրտող հարցին, կապված իրեն փոխանցված փաստաթղթերի հետ, որոնց համաձայն ORSIS-ը փորձել է ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարել, նախարարն արձագանքեց. «Այո, բայց դա ոչ թե փորձաքննություն է եղել, այլ գնումների գործընթացի ժամանակ մատնանշվել է մեկ կազմակերպությանն առավելություն տալու փաստը»:

 

Հավելենք, որ քրեական գործի քննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի ռազմական գործերի վարչությունում:

Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  գործի ընթացը իրենց չի բավարարում, ուստի  դիմել են Գլխավոր դատախազին՝ այն ՀՔԾ-ի կամ ԱԱԾ-ի վարույթ տեղափոխելու համար:  Փաստաբանը, որպես  տեղափոխման պատճառ, նշեց այն, որ ռազմական գործերի քննության վարչության պետի տեղակալը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կնոջ եղբայրն է:

ԱԺ-ում ՊՆ նախարարին փոխանցեցինք փաստաբանի մատնանշած հանգամանքը, ինչին նախարարը  պատասխանեց․«Ինչքան բարձր տեղափոխեն, ինչքան ինքը շատ քիչ խոսի, այնքան լավ»:

Ի դեպ,  վերջերս մամուլում գրվեց, որ ORSIS-ի գործի հետ կապված  հնարավոր  է՝ ՌԴ ԱԳՆ-ն  միջամտի։ Մեր տեղեկություններով, ամեն կերպ փորձ է արվում այս հարցը  բիզնես դաշտից տեղափոխել քաղաքական՝ միջպետական երանգ հաղորդելով: Սակայն, կարծես թե, առայժմ դա  չի հաջողվում։ Համենայն դեպս,  մեզ հետ զրույցում ՀՀ ՊՆ նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ օրերս աշխատանքային այցով  Հայաստան եկած  ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ  այս հարցը չի քննարկվել։

Հ․Գ․ Պաշտպանության նախարարության՝ Factor.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ ORSIS ընկերության Հայաստան գալու հետ կապ ունի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Այս տեղեկության հետ կապված Արտակ Դավթյանից մեկնաբանություն ստանալու մեր տևական ջանքերն ապարդյուն անցան։

 

Նարեկ Կիրակոսյան